▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանի նամակը Գարո Փայլանին

Ներկայացնում ենք «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակը` ուղղված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր  Գարո Փայլանին. 

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր

Պարոն Գարո Փայլանին

Սիրելի Գարո,

Եղբայր, որքան նման են իմ և քո, մեր` 21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները: Տեսնելով և լսելով քեզ` յուրաքանչյուր հայի մեջ արթնանում է արդարության վերականգնման  իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը:

Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել իմ և քո, մեր բոլորիս Արևմտահայաստանի քաղաքակրթությունը և կոտորել հայ ժողովրդին ցեղասպանության միջոցով, թեպետ նրան, որ իրականացվեց, այնուամենայնիվ, չկարողացան մեզ վերացնել: Հրաշքով կենդանի մնացած մեր պապերը և տատերը պայքարեցին ու ապրեցին` կյանք տվեցին հայ ժողովրդի նոր սերնդին:

Ես և դու, լինելով այդ հրաշքով փրկված պապերի և տատերի չորրորդ սերունդը, պետք է ծնվեինք 1972-ին: Երկուսիս նախնիները, անկախ միմյանցից լինելով Խարբերդի նահանգից և անոր ոսկե քաղաքներից` Մալաթիայից ու Արաբկիրից, մեզ փոխանցեցին հանձնառություն` պահանջել արդարություն: Երբ մենք ծնվեցինք, կարծում եմ` մեր ծնողքը չէին կարող պատկերացնել, որ երբևէ խորհրդարանական հարթակից, դու` Թուրքական պետության, ես` Հայկական, պետք է պահանջենք արդարություն, պետք է պահանջենք դատապարտում:

Եղբայր, քո կողմից լռության խախտման շնորհիվ Մայր Արաքսի այս ափից` Արարատյան սրբազան հողից նույնպես գալու է արձագանք, որը տարածվելու է ողջ Հայկական բարձրավանդակով: Մեզանից հատված և զատված, դեռ չիմացության մեջ գտնվողները նորից հայանալու են, նորից մեր սրբազան Եփրատը հայերեն է երգելու, Տավրոսը հայերեն է խոսելու և Մհերի Դուռը բացվելու է:

Եղբայր, դու ապրում ես Պոլսում` մեր պապերի մայրաքաղաքում, ես ապրում եմ Երևանում` ներկայիս հայկական մայրաքաղաքում, ունենք նաև ազատագրված հայկական մայրաքաղաք Ստեփանակերտ, մինչև մեր երազանքին հասնելը` Միացյալ Հայրենիքի մայրաքաղաքի` Կարինի վերահայանալը, դու պետք է գաս Երևան և Ստեփանակերտ: Պետք է գաս և հայոց խորհրդարանի հարթակից ներկայացնես մեր պապերից ստացած հանձնառությունը: Պետք է հղես ուղերձդ Արագածի լանջերից դեպի սրբազան Արարատ:

Եղբայր, հայ ժողովուրդը Մայր Արաքսի այս ափին սպասում է քեզ»:

1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее