armtimes.com-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի՝ նախօրեին հրապարակված սկանդալային ձայնագրությունը:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նախօրեին «Hayastan24.com» կայքը հրապարակեց «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրություններից մեկը, որտեղ ժողովն անցկացնող անձը, նսեմացնելով աշխատակիցներին, քննարկելով նրանց արտաքին տեսքը՝ մազերի հարդարանքը, հարկադրում էր ձայներ բերել հօգուտ թեկնածուի: Իսկ այն աշխատակիցները, որոնք 20-ից ավել ձայն էին բերել, խոստանում էր պաշտոնի բարձրացում եւ որ ամենակարեւորն է՝ ուղեւորություն դեպի «Սիրո քաղաք Փարիզ»:
«Հետք»-ի տեղեկություններով, ձայնագրությունում խոսող «հերոսը» Արտակ Սարգսյանի մեծ եղբայրն է՝ Արամ Սարգսյանը, որը եղբոր վրաստանյան երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է: Այս սկանդալային ձայնագրության ուսումասիրությունը հնարավորություն է տալիս հանգելու այն հետեւության, որ ժողովը վարողի գրեթե բոլոր նախադասությունները հանցակազմ են պարունակում:
Փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեցինք, թե հանցագործության ի՞նչ տարրեր է պարունակում այս ձայնագրությունը: «Ձայնագրության հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։ Պետք է քննություն իրականացվի, քանի որ կարող է գործ ունենանք ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված առերեւույթ արարքների հետ (պատժվում է ազատազրկմամբ`երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով)։ Մասնավորապես այդ նորմը պատասխանատվություն է նախատեսում մի խումբ անձանց կողմից՝ գույքային վնաս պատճառելու սպառնալիքով քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործ ունենք նաեւ աշխատանքային օրենսգրքի նորմերի ու աշխատանքային իրավունքի սկզբունքների ոտնահարման հետ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Վարոսյանը:
Իրավաբան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս ձայնագրությունները հի՞մք են թիվ 2 ընտրատարածքում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար, թե՝ ոչ: Զեյնալյանը պատասխանեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, միջամտություն է ընտրական իրավունքի նկատմամբ, ինչն ըստ նրա, կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Ընտրական իրավունքի վրա ազդելու երեւույթը արդեն բավարար է, որպեսզի արդյունքները ճանաչվեն անվավեր, բայց կա մի խնդիր. դեպքը բացահայտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո, երբ դեռեւս այն ենթարկա է վիճարկման. Սահմանադրական դատարանը կարող է ԿԸՀ որոշումը անվավար ճանաչել»,-պարզաբանեց նա:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ իրավապահ մարմինները բավական լուրջ ուսումնասիրություններ պետք է կատարեն, քանի որ իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել: Նա նույնպես կարծում է, որ ժողովը վարողի արարքում կա ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ. «Ժողով վարողը իրենից կախման մեջ գտնվող անձանց ցուցադրական ներկայացնում է՝ եթե դու չես հավաքել համապատասխան ձայն, ապա կարող ես զրկվել աշխատանքից: Նրա արարքում կա քրեորեն պատժելի արարք»,- նկատեց փաստաբանը: Վերջինս, սակայն, չի կարծում, որ 20-ից ավել ձայն հավաքող աշխատակցին որպես խրախուսանք Փարիզ ուղարկելը, կաշառքի հանցակազմ է պարունակում. «Գործի քննությամբ պետք է հիմնավորվի: Հանցակազմ առաջանում է այն ժամանակ, երբ ինքն ասում է՝ եթե դու չընտրես, ապա բացասական հետեւանք կառաջանա, բացասականն էլ այն է, որ նա կզրկվի աշխատանքից, այսինքն, այստեղ է, որ հանցակազմ կա, բայց որ ասում է՝ Փարիզ կուղարկեմ, ապա չեմ կարծում, որ դա կաշառքի հանցակազմ է պարունակում»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբան Նորիկ Նորիկյանը բացի ՀՀ ՔՕ 149 հոդվածից ֆեյսբուքյան իր էջում մի շարք հոդվածներ է առանձնացրել, որոնցով ըստ նրա՝ ՍԱՍ» գրուպում նախընտրական հանդիպման վարող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


