▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն՝ Երևանի կենտրոնում․ Կադրեր՝ դեպքի վայրից

Թարմացված- Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում մեքենաների բախման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Հրդեհը մեկուսացվել էր 16։50-ին։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ «Հենա` էն կողքը սաղ Ալեն Սիմոնյանինն ա, էս շենքն էլ, էն շենքն էլ Ալենն ա սարքում». ի՞նչ են պատմում շենքի բնակիչները` պայթյունի պատճառների մասին...Տեսանյութն՝ մեր տելեգրամյան ալիքում

***

Թարմացված-«Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, նաև հնչել է պայթյուն, հարևանությամբ կայանված երեք մեքենաներ ևս հրդեհվել են»,- դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը՝ հավելելով, որ նախնական տվյալներով տուժածներ չկան։

***

Թարմացված-«Ամեն օր այստեղով ծանրաքաշ բեռնատարներ են բարձրանում, ասում են՝ վերևում վերադասների համար շենքեր են կառուցվում»,- ասում է Երևանի կենտրոնում բետոնախառնիչի պայթյունի ականատես կանանցից մեկը՝ նշելով, որ մշտապես բողոքել են բեռնատարների շարժից․ «Միշտ ասել ենք՝ մի օր էդ ծանր մեքենաները շուռ են գալու. շինարարությունը չեն դադարեցրել։ Եվ այսօր եղավ այս ահավոր դեպքը, պայթյունից երեք մեքենա է վնասվել, գազի խողովակը պայթել, ընկել է ներքև»,- ասում է կինը։
Մեկ այլ ականատես պատմում է, որ երեք պայթյուն է եղել․ «Միշտ զգուշացրել ենք, պետք է այս դեպքը լիներ, որ ուշադրություն դարձնեին»,- նշում է նա՝ հավելելով, որ ցուցում են ստացել տներից դուրս գալ։
Պայթյունի հարակից շենքի բնակիչներն «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել են, որ բարձրահարկ շենքն Ալեն Սիմոնյանի համար է կառուցվում։
Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին»։

***

Թարմացված-Բախվել են 4 ավտոմեքենա` 3–ը մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ, ՆԳՆ–ն մանրամասներ է հայտնել 

Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ժամը 16։02–ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ 

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

***

Առնվազն երկու պայթյունի ձայն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում՝ Անտառայինի ուղղությամբ։  Ականատեսներից մեկը պատմել է, որ պայթյունը  Անտառային փողոցում է եղել։ Բետոնամղիչը չի կարողացել բարձրանալ ճանապարհի նեղ մասով, հետ է սահել, շրջվել ու պայթել։ Այս պահին հրշեջները փորձում եմ մարել բռնկված հրդեհը։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է

Հետևեք նաև մեր տելեգրամյան ալիքին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее