▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոզի բուդ, հնդկահավ, պարտքեր...Որո՞նք են Ամանորի հրաշքն ու մղձավանջը

Գաղտնիք չէ, որ Ամանորը հայերի ամենասիրելի տոնն է: Ուրախությամբ լի այս տոնը, սակայն, իր հետ բերում է նաև բազում հոգսեր ու ծախսեր: Հայերը այս տոնին պատրաստվում են դեռ շաբաթներ առաջ՝ առաջին հերթին գնումներ կատարելով: Այդ օրերին շուկաներում և խանութներում նախատոնական եռուզեռ է նկատվում: Բոլորը շտապում են գնումների՝ ցանկանալով գեղեցիկ սեղաններ ունենալ՝ համեմված հայկական խոհանոցի ավանդական ուտեստներով: Հատկանշական է այն փաստը, որ մենք հայերս կարծես պարտավորված ենք զգում ճոխ ու տպավորիչ սեղան ունենալ՝ մտածելով ավելի շատ դիմացինին զարմացնելու մասին:  Իսկ երբ ավարտվում է տոնը, սկսվում է իսկական «մղձավանջը». ժամանակն է վերադարձնելու պարտքերը: Ամանորը դառնում է շատերի համար դեպրեսիայի պատճառ:

Asekose.am-ը զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ ամենասպասված ու սիրված տոնի խորհրդի ու դրա նկատմամբ մեր իրականության մեջ առկա չափազանցությունների  ու ձևականությունների, նախատոնական և ետտոնական դեպրեսիայի, այն հաղթահարելու ուղիների մասին: 

զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ նախատոնական և ետտոնական դեպրեսիայի, այն հաղթահարելու ուղիների մասին:

Իրինա Ծատուրյանը նշեց, որ ցավոք, որքան էլ որ վերջին տարիներին մեզանից շատերը փորձում են Ամանորը դիմավորել դրսում կամ ավելի համեստ սեղանով, բայց ուրախ տրամադրությամբ, այնուամենայնիվ, մեզանում արմատավորված այդ խնդիրը շարունակում է արդիական մնալ Հայաստանում:

«Հայերի մեջ արմատավորված է այն գաղափարը, որ Նոր տարվա սեղանը անպայման պետք է ճոխ լինի, շատերը նույնիսկ դրա համար անիմաստ պարտքերի տակ են ընկնում, որի կարիքը բացարձակապես չկա»,-զրույցի ընթացքում նշեց տիկին Ծատուրյանը:

Հայերի այս պահվածքը հոգեբանը կապում  է սնոտիապաշտության հետ, քանի որ մտածում են, որ ինչքան տարին ճոխ դիմավորեն, տարին այդպես էլ կանցնի:

«Սակայն այն մարդիկ, ովքեր Նոր տարվան պատրաստվում են՝առաջին հերթին մտածելով սեղանի պարունակության մասին, եթե մի պահ հետ նայեն, կհասկանան, որ տարվա հաջողությունը բացարձակապես պայմանավորված չէր սեղանով»,- հավատացրեց մեր զրուցակիցը:

«Շատ լինի, քիչ չլինի» արտահայտությունը, որով մենք առաջնորդվում ենք Ամանորին պատրաստվելիս, հոգեբանը համարում է սուտ պայմանականություն:

«Մենք վերջապես պետք է կարողանանք ազատվել սեղանները՝ ծանրությունից կոտրվելու աստիճանի չափ լցնելու մոլուցքից և մտածենք ավելի հոգևոր արժեքների մասին»,- մեզ հետ զրույցի ընթացքում նշեց Իրինա Ծատուրյանը՝ հավելելով, որ Նոր տարին հայ քրիստոնյաները պետք է չափի մեջ դիմավորեն, քանի որ այն նշվում է Փոքր պասի ժամանակ:

Զրույցի ընթացքում հոգեբանը նշեց, որ նախատոնական և ետտոնական դեպրեսիայից խուսափելու համար պետք չէ ուշադրություն դարձնել սեղանի պարունակությանը կան ընտրած նվերների գումարին, այլ՝ փորձել վայելել այս տոնը:  

«Նոր տարին ամենաուրախ տոնն է համարվում, քանի որ իր հետ բերում է նորություն ու թարմություն, նոր հույզեր ու լիցքեր: Ես՝ որպես հոգեբան, մարդկանց խորհուրդ կտամ մի թղթի վրա գրել այն նպատակները, որոնք ցանկանում են, որ կատարվեն գալիք տարում, իսկ հաջորդ տարի փորձեն հասկանալ, թե որքանով են իրենց սպասելիքները արդարացել»,- խորհուրդ տվեց Իրինա Ծատուրյանը:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ հետտոնական դեպրեսիայի պատճառը հենց այն ծանր սնունդն է, որ մենք չարաշահում ենք Ամանորին՝ չգիտակցելով, որ դա առաջին հերթին վնասում է մեր առողջությանը:

«Հենց սրանով է պայմանավորված այն փաստը, որ մարդիկ տոներից հետո դժվար են վերադառնում աշխատանքային գործունեությանը,քանի որ այդ ընթացքում դառնում են ծույլ ու նստակյաց»,-պարզաբանեց հոգեբանը:

«Կարծում եմ, որ արդեն հասել է այն ժամանակը, որ մենք հասկանանք, որ Նոր տարվա հրաշքը խոզի բդի կամ հնդկահավի մեջ չէ: Մենք պետք է ազատվենք այն բարդույթից, որ մեր սեղանի պարունակությունը շատերի համար կարող է դառնալ քննադատությունների ու մեեկնաբանությունների առիթ, քանի որ, ի վերջո, Ամանորը ուրախանալու հերթական առիթ է և ոչ թե դիմացինին զարմացնելու կամ նրա նախանձը շարժելու պատճառ»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց հոգեբան Իրինա Ծատուրյանը: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more