«Վարչապետը սահմանադրորեն իրավունք չունի խառնվել կրոնական կազմակերպության՝ այս դեպքում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի ընտրությանն ու քննարկել նրա բարեվարքությունը»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, թե «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»։
«Սահմանադրությամբ վաղուց ամրագրված է, որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը՝ իր պատվիրակներով, իր կանոնակարգով․ պետությունը որևէ գործողություն այս առումով չի կարող կատարել։ Պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ու գործունեությանը օրենքով նախատեսված չէ և հակասահմանադրական է, հետևաբար վիճելի է։ Եվ նման դեպքում եկեղեցին կարող է դիմել Սահմանադրական դատարան կամ Եվրոպական դատարան իր իրավունքները պաշտպանելու համար»։
***
Կարդացեք նաև Արմեն Հովասափյանի գրառումը
Նոր կարդացի Նիկոլի վերջին գրառումն, ըստ որի՝ «պետությունը պետք է էական դերակատարություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում»։
Բացատրեմ՝ սա ինչ է նշանակում.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 4 գլխավոր աթոռ՝ Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղեմ և Պոլիս։ Սրանցից միայն մեկում է պետությունը որոշիչ միջամտություն ունենում, և դա՝ Թուրքիան է։ Թուրքիան հստակ վերահսկում է Պոլսո պատրիարքի ընտրությունը, թույլ չի տալիս անցանկալի թեկնածուների առաջադրումը և փաստացի՝ ընտրում է իրեն հարմար հոգևոր «պաշտոնյա»։
Այժմ Նիկոլը հայտարարում է, որ ինքն էլ է ուզում նման «դերակատարություն» ունենալ Էջմիածնում։ Այսինքն՝ ինչու՞ ենք զարմանում, որ նրա համար մոդելն ու օրինակը՝ Թուրքիան է։ Հենց այս հարցում էլ՝ կրկին նա կամրջվում է Էրդողանի պետության «մեթոդաբանության» հետ։
Ասեմ՝ սա պարզապես քաղաքական հավակնություն չէ, սա հարված է հոգևոր ինքնության սրբազան սահմանին։ Երբ պետությունը ձեռք է մեկնում դեպի Աթոռ՝ դա արդեն ոչ թե աշխարհիկության մասին է, այլ՝ իշխելու նկրտում հայրապետի վրա։
Հայ ժողովուրդը իր պատմության մեջ կաթողիկոս է կորցրել սովետի ճնշումներով, պարսից շահերի կամքով, սուլթանի վերահսկողությամբ։ Այսօր նիկոլական իշխանություն է ասում, որ ուզում է այդ պատմությունը կրկնել՝ իր կամքով ձևավորելով եկեղեցու գլուխը։
Հիմի էս Չհայը մայրաքաղաքները լրիվ խառնել է. նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում:
***
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն էլ հայտարարություն է տարածել. «Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ՝ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Ն.Փ-ի գրառումը։
Հայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։ Այսպիսով, նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնդելի ծանրագույն հանցանք։
Այնուհանդերձ, անիմաստ ենք համարում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, քանի որ բազմիցս համոզվել ենք իրավասու կառույցների քաղաքական սպասավորության մեջ։
Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հատկապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին, բոլոր միջոցներով հանդես գալ ՀՀ Սահմանադրական կարգի և Ազգային Եկեղեցու պաշտպանությամբ»։