▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը

Հուլիսի 29-ին` ժամը 19:00-ին, Antikyan Gallery-ն Երևանի Արամի 42/1 հասցեում գտնվող  Jean-Paul Existential սրճարանում ներկայացնելու է  ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պերֆորմանսը. կցուցադրվեն նաև աշխատանքներ հեղինակի` «Որտեղ փնտրել դրախտը» նախագծից։

«Ամեն նկարիչ ունի պատկերի, իրականության և երևակայության կապի սեփական ինքնատիպ ըմբռնումը, որն ըստիս ձևավորվում է վաղ տարիքում և կենդանի մնում մանկական հիշողությունների շնորհիվ»,-ասում է Արարատ Սարգսյանն ու մանրամասնում, թե ինչպես է ստեղծել  «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթը» պերֆորմանսը. 

«Իմ մանկության  հեքիաթների թողած ազդեցության կարևորությունը այն է, որ խոսքը, պատմությունը և նրա ծնած պատկերը մի ամբողջություն էին կազմում, երբ հեքիաթը պատմելու ժամանակ անմիջականորեն պատկեր էր արթնանում, սակայն բառի ծնած պատկերը ամենահզորն ու ամենաշոշափելին է:  Արվեստի բոլոր տարրերը՝ հնչյուն, գիծ, գույն, ծավալ և այլն, մեր մեջ արթնացնում ու ծնում են պատկեր, սակայն բառի ծնած պատկերը ամենահզորն ու ամենաշոշափելին է:  Դեռևս 1994 թ. «Արքետիպեր» նախագծում ինձ հետաքրքրել էր հնագույն և նոր այբուբենների, տառի կամ հիերոգլիֆի կապը պատկերի հետ: Եթե «Արքետիպերում» հմայված դիտում էի, թե ինչպես են շարժվում շրթունքները արտասանելով իմ համար անհասկանալի հնչյուններ և բառեր, ապա հետագայում ես ձգտում էի գտնել այն ժանրը, երբ մարմինը մասնակցում է միաժամանակ պատկերը և խոսքը ստեղծելուն: Հարկավոր էր դիմել խոսքի ավելի բարդ ձևերին, քան բառն է կամ հնչյունը, այսինքն՝ պոեզիային»:

Արարատ Սարգսյանին ոգեշնչել է  դեռևս հազարամյակներ առաջ հայկական լեռնաշխարհում լայնորեն տարածված կավե տախտակների վրա գլանակների միջոցով տպագրության եղանակը: Այդ փորձը նա կրկնել է հայկական ժողովրդական էպոսի՝ «Սասնա ծռերի» համար, ստեղծելով փորագրված կավե գլանների տպարան:

«Գաղափարը կայանում էր նրանում, որ գլանները սեղմելով կավի վրա, գործադրելով աշխատանքային ջանք, միաժամանակ ստեղծվում է  և’ պատկեր, և’ խոսք: Արտասանության եղանակը՝ ձևը և ռիթմը, պայմանավորված է իմ գործողության ընթացքից. այն աշխատանքային ռիթմ է, ինչպես երգվում է հայկական հորովելներում»,-նշում է Արարատ Սարգսյանը:

Նկարչի մանկության տարիների լսած հեքիաթների բարբառը Կարնո բարբառն է: «Սասնա ծռեր» էպոսը Կարնո բարբառով չի պատմվել, բայց նրա  համար պատկերի կապը խոսքի հետ աուտենիկ կերպով գոյություն ունի միայն վերջինիս մանկության բարբառում:

«Իմ բարեկամ, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը էպոսի իմ նախընտրած միաճյուղ պատումներից մեկը` «Տղա Դավիթը», որն  առաջին անգամ տպագրվել է 1895 թվականին «Արարատ» ամսագրի համարներից մեկում «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը» վերնագրով, փոխադրեց  Կարնո բարբառի Գյումրու խոսվածքի: Կարծում եմ` Կարնո բարբառի` իմ արմատների լեզվի կենսական լիցքերի շնորհիվ ես կարողացա միավորել պատկերը և խոսքը մի տարածության ու  ամբողջականության մեջ: Այս միասնությունն ինձ համար նշանակալի է, քանի որ իմ աշխատանքային շնչառությունը` համաշեշտ  իմ գործողությանը, դառնում է սիմվոլ` պատկերը և խոսքը միավորող նշան: Այս սիմվոլը բոլորովին  նման չէ այլ սիմվոլների, որովհետև այն կրողը իմ գործողությունն է, իմ պերֆոմանսը»,-ասում է Արարատ Սարգսյանը:

Միջոցառման նախաձեռնող` Antikyan Gallery, ինֆորմացիոն հովանավոր` Asekose.am:

Jean-Paul Existential Café-ի հասցեն` Երևան, Արամի 42/1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more