Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի բնակչությունը, ամբողջ հայ ազգը տագնապի զգացումով է համակված, մտահոգված է, թե Թուրքիայում Նիկոլ Փաշինյանը այս անգամ ինչեր է զիջելու իր աթոռը պահելու, իր անփառունակ իշխանությունը երկարաձգելու համար։ 2020 թվականին, 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան մեր տարածաշրջան է վերադարձել նոր ցեղասպանություն իրականացնելու համար, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հիմա Թուրքիան է դարձել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման քավորը։ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը։ Ձմեռն անցավ, գարունն էլ անցավ, ամառն ու աշունն էլ կանցնեն, ե՞րբ է գալու տարվա 5-րդ եղանակը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը»։
***
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը. Էրդողանի հետ հանդիպման օրակարգում «միջանցքի» հարցն է
Նիկոլ Փաշինյանն Էրդողանի ու Ալիևի հետ ինտենսիվորեն բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով: Թուրքիա մեկնելու նպատակը «միջանցքի» հարցն ավարտին հասցնելն է: Նա պատրաստ է հանձնել այն՝ դիմացն ակնկալելով իր իշխանավարման 3-րդ ժամկետին աջակցություն: Այդ աջակցությունը Նիկոլը պատկերացնում է, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ, որպեսզի կարողանա հայ ժողովրդին խաբել, թե, իբր, խաղաղություն է բերել:
Ալիևը թղթի դիմաց պահանջում է գործողություններ: Սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում՝ «փախստականների վերադարձ» ծրագրի շրջանակներում: Նիկոլը համաձայն է դրանց, բայց խնդրում է ժամանակ: Ասում է՝ վերարտադրվեմ, գնամ 3-րդ ժամկետի, հետո ամեն ինչ կանեմ: Նրան Ալիևն ու Էրդողանը չեն հավատում, կամ էլ՝ չեն հավատում, որ կարողանալու է խոստացածները անել:
Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի դեմ լկտի, հանցավոր արշավների կազմակերպումով Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին ցույց է տալիս, որ հավատարիմ է իր խոստումներին և պատրաստ է Հայաստանի լուծարման ծրագրի իրագործմանը` վա բանկ գնալով: Այսինքն՝ Կաթողիկոսի և հայտնի գործարարի դեմ հարձակումները ոչ միայն ու ոչ այնքան Եկեղեցու և բիզնեսի դեմ են, որքան ՀՀ-ի: Փաշինյանի թուրքականությունն է դրսևորվում այդ քայլով:
Ինչ վերաբերում է նրա բոլշևիզմին, ապա այն արտահայտվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու և այդ հանցագործության անունը ազգայնացում դնելու հարցում:
Ժամանակին բոլշևիկներն էլ էին կուլակաթափություն և էքսպոպրիատորների էքսպոպրիացիա իրականացնում՝ դեմագոգիկ ձևով խոստանալով խլածը բաժանել ժողովրդին, խոստանալով գործարանը տալ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն: Սակայն բերեցին սով և ավերածություններ:
Հիմա նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական սոուսով:
Ինչպես որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկները հանձնեցին ռուսական շահերը հանուն իրենց իշխանության, այնպես էլ թրքաբոլշևիկ Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած բացահայտորեն ու դավաճանաբար հանձնում է հայկական շահերը` անամոթաբար հայտարարելով, թե 2022֊ի հոկտեմբերի 6֊ին ոչ թե Արցախն է հանձնել, այլ Հայաստանն է անկախացրել։
Նիկոլը «հակաօլիգարխիկ» պայքարի լոզունգի տակ էլ սեփականության վերաձևում է իրականացնում, խլոցի կազմակերպում՝ դառնալով Հայաստանի թիվ մեկ թալանչին:
Հայաստանում թրքաբոլշևիզմն արմատախիլ անելն է, որ հնարավորություն կտա չվերանալ աշխարհի քաղաքական քարտեզից»։
|
***
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե դիտարկենք ընդհանուր տրամաբանությունը, ապա Նիկոլի՝ Թուրքիա այցը պարզապես դիվանագիտական քայլ չէ։ Դա մի ամբողջ գործընթացի կուլմինացիան է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետականության վերջնական կազմաքանդումն է՝ որպես սուբյեկտ և որպես պատմական ու ինքնիշխան միավոր։
Սա մի ակտ է, որի միջոցով Հայաստանը վերջնականապես «պառկեցվում» է թուրքական ազդեցության տակ՝ քաղաքական, տնտեսական, գաղափարական բոլոր ուղղություններով։ Ստամբուլում սպասվող պայմանավորվածությունները, եթե դրանք կայանան, գործնականում Հայաստանը տարածաշրջանային մեծ խաղացողների ձեռքում կդարձնեն ամորֆ ու անողնաշար մի մարմին՝ ձևական ֆիկտիվ աշխարհագրական տարածք։
Այս ամենի ֆոնին Նիկոլի՝ «ինքնիշխանության» մասին խոսքն իրականում ոչ թե ինքնիշխանություն է, այլ՝ ծխածակույթ։ Նրա պատկերացրած «նոր Հայաստանի» ինքնիշխանությունը, ըստ էության, թուրքական օրակարգին ենթարկվելու գործընթացի քաղաքական փաթեթավորումն է։
Ստամբուլի այցը այդ գործընթացի խորհրդանշական և գործնական ստարտն է, որով Հայաստանը դադարելու է հանդես գալ որպես առանձին քաղաքական սուբյեկտ, իսկ դրա «ղեկավարը»՝ գիտակցված կամ ոչ, ստանձնում է այդ պատմական ապամոնտաժման պատասխանատվությունը, քանի որ թյուրքական նարատիվի դրոշակակիրն է»։
|
|