Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում տնօրենի փոփոխություն է տեղի ունեցել: Այս լուրը Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ և «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Իվետա Տոնոյանը: Վերջինս փաստեց, որ հեռուստաընկերության նախկին տնօրեն Գոռ Մարտիրոսյանն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն:
«Հեռուստաընկերության նոր տնօրեն է նշանակվել Էդգար Ավագյանը. ով հեռուստատեսության ոլորտում ավելի քան 10 տարվա փորձ ունի, բազմաթիվ հեռուստանախագծերի պրոդյուսեր է»,-մեզ հետ զրույցի ընթացքում նշեց Իվետա Տոնոյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք տնօրենի փոփոխությունը կապ ունի վերջերս մեծ աղմուկ հանած այն պատմության հետ, թե իբր Հայկ Վարդանյան անունով մեկը, հանդես գալով «Կենտրոն» հեռուստաընկերության անունից, տասնյակ անձանցից՝ այդ թվում լրագրողներից մեծ գումարներ է շորթել, Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ պատմությունը որևէ կապ չունի տնօրենի փոփոխության հետ: Ըստ մամուլի խոսնակի` Գոռ Մարտիրոսյանն այդ դեպքից մի քանի օր առաջ է ազատվել աշխատանքից: