Մի առիթով մեր նշանավոր արձակագիրներից մեկն ինձ անկեղծորեն ասաց, որ շատ է փոշմանել, երբ ընդունել է Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հրավերը և մասնակցել է այդ հաղորդմանը:
«Պատկերացրու, այդ օրն էլ սիրտս լավ չէր, բայց որ խոստացել էի, ստիպված գնացի: Եվ ի՞նչ…Այդքան դատարկ, պրիմիտիվ, անմիտ հաղորդման երբեք չէի մասնակցել: Մարդկանց կանչում-բերում, նստեցնում ու ամբաղ-զամբաղ զրիցներ են անում: Հաղորդման հեղինակներն էլ այնքան անբարեխիղճ, նույնիսկ կասեի` այնքան անպատկառ են, որ իրենց նեղություն չեն տալիս գոնե նախապես մի թեթեւ ծանոթանալ հյուրի կենսագրությանը, գրական ժառանգությանը, մարդկային տեսակին եւ այլն: Այդ դեպքում` հրավերի իմաստը ո՞րն է: Ես հո ձեզ նման պարապ չե՞մ, որ գամ նստեմ տաղավարում եւ լսեմ ձեր անհեթեթ ու անտեղի կեղծ ժպիտ-ծիծաղը,- ինձ հետ զրույցում փոքր-ինչ վրդովված եղածը պատմեց գրողը:
Եվ նա իրավացի է: Ռուբեն Ջաղինայան «ֆենոմենալ-շարմիկի» պսպղուն կանալում հաղորդումների ու ծրագրերի մեծ մասն է այդպիսին: «Ամենակարող Ռուբիկին» այդպես էլ չհաջողվեց կենդանի, իրական, ճշմարիտ հեռուստաեթեր ստեղծել: Պատճառը պարզ է` նախ ինքը` մարդը պետք է կենդանի, իրական ու ճշմարիտ լինի, որ կարողանա հանրության գեղագիտական, կրթա-մշակութային, սոցիալական, հասարակական-քաղաքական խնդիրներին վերաբերող, այդպիսի թեմաների նկատմամբ մարդկանց պահանջմունքները բավարարել: Իսկ մենք գործ ունենք մի սնոբի հետ, որ ոտքից գլուխ պճնված «դատարկություն» է, մայրենի լեզվից մղոններով հեռու, անհայտ արժեհամակարգով մեկի հետ: Ու պատահական չէ, որ Հանրայինում ընտրված կադրերի մեծ մասն էլ «տիկնիկ-շարմիկներ» են հիշեցնում:
Այդ գունազարդ, «ապակե գազանանոցում» ոչ մի հետաքրքիր միտք չի հնչում, ոչ մի նոր գաղափարներ չենք լսում: Գունագեղ, ճոխ ու հարուստ տաղավարներում առավոտից երեկո կեղծիքն է թագավորում` ջաղինյանական անբովանդակ էությանը հարիր «տիկնիկ-շարմիկների» կատարմամբ եւ մասնակցությամբ: Այդպես էլ Ջաղինյանը չհասկացավ, որ ամեն փայլող բան դեռ ոսկի չէ: Հայտնվելով երկրի թիվ մեկ հեռուստաընկերության ղեկավարի փափուկ աթոռին` որոշեց այդ ալիքը դարձնել «մոլ»-երի դիզայնով ձեւավորված պաճուճավոր, «լայնատարած», սառը ապակիներով խեղդված, կապտադեղնավուն ֆոնին «զոռ տվող» ինչ-որ տարածության, ինչն առավելապես շքեղ ու մեծ ռեստորան է հիշեցնում, քան հանրային հարթակ:
Ճիշտն ասած, ում հանդիպում եմ, բողոքում են, թե` լավ, Հ1 կոչվածն ինչքան կարող է սուտ ու կեղծիք տարածել: Որքան կարող է ներկայացնել մի «իրականություն», ինչը ոչ մի աղերս չունի մեր իրականության հետ: Հնարավո՞ր բան է, որ «Առավոտ լուսո»-ն տեւի մինչեւ կեսօր, հնարավո՞ր բան է հանրային ալիքը զավզակություններով զբաղվի մինչեւ կեսօր: Պարզ է, դա վկայությունն ու ապացույցն է այն բանի, որ երկրում ժողովրդի մեծ մասը գործազուրկ է: Բայց ամեն ինչին չափ կա: Ու զավեշտն այն է, որ թշվառության ու գործազրկության այս անտերունչ վիճակում Հանրայինը հանկարծ որոշում է «Ընտանյոք հանդերձ» սերիալ նկարել ու ցուցադրել: Նախ` որտեղ ես տեսել, ա’յ Ջաղինյան, այդպիսի միջին վիճակագրական հայ քաղաքացու տուն, այդ ինչ զզվելի հանդիսանք ես սարքել, որտեղ մասնակիցները (դերակատարներ էլ ասել չեմ ուզում) զգեստների ցուցադրություն են կազմակերպում` բազմած-ընկղմված անդարդության, զեխության, կշտության, զարդարուն, թանկ կահավորանքի մեջ: Իբր կատակերգություն է, բայց երկխոսություններն էլ լսելիս` չգիտես՝ երբ կամ ինչու ծիծաղես, կամ գուցե ծիծաղելու բան անցավ, ու մենք բաց թողեցինք: Այս տխմար հանդիսանքն ում աչքն ես կոխում եւ ինչի համար, Ջաղինյա’ն: Եթե քո տունն այդպիսին է` ուրիշ բան: Սակայն դա չի նշանակում, որ Հանրայինը դիտող շարքային քաղաքացին կարող է հավատալ, որ մեր ժողովուրդն արդեն հասել ու անցել է այն կենսամակարդակը, ինչը ներկայացվում է թիվ մեկ եթերից:
Չեմ ուզում խոսել տարբեր հաղորդումներում հրավիրված հյուրերի մակարդակի, ինտելեկտի, արժանիքների մասին, որոնք ասես հատուկ ընտրված լինեն: Գալիս նստում են տաղավարում եւ երբ սկսում են «փիլիսոփայել» մի կերպ «հանդիսատես գտած» լսարանի առջեւ, արդեն ամեն ինչ ակնհայտ է դառնում: Իրենց ասպարեզներում գրեթե ոչինչ չստեղծած, կասկածելի ճաշակով ու աշխարհայացքով, անսկզբունք այդ «դեմքերի» անկապ ճամարտակությունները ու՞մ է հետաքրքիր:
Ջաղինյա’ն, ինչու ես հեռուստադիտողի վրա «սաղացնում» միջակություններին ու փուչ նարցիսներին, որոնք 25-35 րոպեների ընթացքում ոչ մի հետաքրքիր բան չեն ասում: Եվ նմաններին «դեմ ես տալիս» հեռուստադիտողներին, որոնց մեծ մասն իր ինտելեկտով ու հոգեկերտվածքով հազար անգամ բարձր է քեզանից ու քո կանալում «արագ սնունդի» մակարդակով հաղորդումներ պատրաստողներից ու վարողներից: Հեռուստադիտողն ավելի պատրաստված է, ավելի բանիմաց ու ավելի գրագետ է , քան դո’ւ, Ջաղինյա’ն: Մինչեւ հիմա այդքանն էլ չես հասկացե՞լ, հարգելի գլխավոր «տիկնիկ-շարմիկ»:
Հանրայինի համար «ռեյծինգ» նկարողներին մի՛ հավատա կամ ինքնախաբեությամբ մի՛ զբաղվիր՝ կարծելով, թե քո կանալն ինչ-որ «ռեյտինգ» ունի: Չունի’: Սիրուն, փայլփլուն, մեծ ու հրաշալի ձեւավորված, բայց դատարկ տուփը, որի մեջ բովանդակություն չկա, կարո՞ղ է վարկանիշ ունենալ: Իհարկե ո’չ:
Հեղինակ՝
Սոնա Մելիքյան