▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեժ աշնան երկրորդ սեզոնը ոչնչով չտարբերվեց

Թեժ աշնան երկրորդ սեզոնը ոչնչով չտարբերվեց, չնայած խոստումներին, թագավորական հրովարտակի խորիմաստության հավաստիացումներին…Գրեթե նույն մակարդակի, նույն բովանդակության հանրահավաք էր կիսաինտելեկտուալ ելույթներով, անհասկանալին հումորներով, շուտասելուկի նմանվող «ճանապարհային քարտեզով», փոխհարաբերությունների որոշակի նրբերանգներով:Ելույթներ, խոսքեր, նույն ջուրծեծոցին, նույն մտքերը, նույն խոսքերը…

Համացանցում մի կայք կա, որի և’ տիրոջ, և’ կայքի անունն ինչ-որ այլ բաների հետ համահունչ են, հանգավորված…Այդ ինչ-որ բանի հետ համահունչ, հանգավորված տղայի ելույթին չեմ անդրադառնա, որովհետև այդ կատեգորիայից հեռու մնալն է ճիշտ:
«Հիմնական ելույթից», թագավորական հրովարտակից ես բան չհասկացա, այն լղոզված էր, զգուշավոր և նման դասատուի առաջ արագ, վարժ կարդալու ցուցադրության, որից չէր հասկացվում անհայտ հեղինակի գրածի իմաստը: Երբ այդ «ճանապարհային քարտեզ» կոչեցյալը հիշեցնում է  «Գանձերի կղզու»  քարտեզը, ապա դա քարտեզ չի, ոչ էլ նույնիսկ թեզիսներ…Այն ընդամենը ինչ-որ կիսատ-պռատ մտքերի կոնգլոմերատ էր,երկակի մեկնաբանության հնարավորությամբ արտահայտված: 

Այդ առումով նախկին նախագահի ելույթն ավելի ծրագրային և «ճանապարհաքարտեզային» էր…Այս հանրահավաքից սկսած, իմ ասած քաղաքական դաշտի Էբոլայի վիրուսը սկսեց իր սև գործը: Նախկին նախագահը սկսեց ընդդիմադիր դաշտի մյուս ուժերի վարկաբեկման իր նպատակաուղղված գործընթացը և նրանց ովքեր քաջություն են ունեցել չմիանալ անհասկանալի եռյակին նա անվանեց լուսանցքային, արժանանալով Թատերական հրապարակում հավաքված ամբոխի հիստերիկ հրճվանքին:

Արքունական ծաղրածուի կարգավիճակն էլ մի բան չի…Մերթընդմերթ կամ նախկին նախագահը, կամ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մենտորական ոճով դաստիարակում կամ անկյուն էին կանգնացնում, ցուցադրաբար նսեմացնում նրան…
Մի մանկական խաղ կար, երբ երկուսը գնդակով խաղում են, իսկ երրորդը նրանց մեջտեղը վազվզելով փորձում է խլել գնդակը: Րաֆֆին այդ կարգավիճակում էր, կներեք ինչու Րաֆֆին` ողջ «Ժառանգությունը»…Նրանք, կարծես այդ եռյակի մեջ աղքատ բարեկամի կարգավիճակում լինեն` անտեսված և անհասկանալի, ինչ-որ տեղ արհամարված…

Իսկ ընդհանարապես, ահավոր զգացվում է Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի բացակայությունը: Իսկ հիմա «Ժառանգությունը»  բալաստի դերում է, այն առայժմ պետք է, սակայն ինչ-որ պահից բալաստը շպրտում են հետագա թռիչքը կամ ընթացքն ապահովելու համար: Այնպես որ շատ շուտով կգա բալաստը նետելու ժամանակը, իսկ հակիստ-հհշիստների մոտ այդ գործը լավ է ստացվում…

Ես հասկանում եմ եռյակ են, քաղաքական տարբեր ուժեր, տարբեր մակարդակի, բնավորությամբ և գիտելիքներով տարբեր առաջնորդներ, բնականաբար կարող են ունենալ հակասություններ, անհամաձայնություններ, սակայն այդ տարաձայնությունները հարթակ չպետք է հասնեն, պետք է ճշգրտվեն կազմակերպական փուլում: Րաֆֆիի «խոսքից գործի» արտահայտությունն այլ ընթացք ստացավ…Իսկ նրա. «Այսօր կա’մ վերջի սկիզբն է, կա’մ սկզբի վերջը» արտահայտությունը դարձավ հենց իր` Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործչի, «Ժառանգության» որպես քաղաքական ուժի վերջը…Սա արդեն նման էր սիրային եռյակի, երբ երրորդն ավելորդ է, անտեսված…Նախկին նախագահը և թագավորն ամեն ինչ արեցին նրանց լուսանցք գցելու համար:

ՀԺ՞Կ-ն...Կա՞ այդպիսի կուսակցություն...Նրանք ընդամենը եռյակի հարեմի ներքինիի կարգավիճակում են, անօգտակար, բուն ֆունկցիաներից զրկված: 
Իսկ ովքե՞ր էին հրապարակում գոռում-գոչում անողները...Դրանք բոլոր իշխանություններից խրոնիկ դժգոհներն են, թագավորական կալվածքի, նրա վասալների ճորտերը և գործարանների բանվորները:

ՀՀՇ-ի, նախկին խորհրդային նոմենկլատուրայի պաշտոնյաները, իրենց սերունդներով, հարազատ-բարեկամներով, նախկին թալանի ու հարստություն դիզելու կարոտախտով, այդ կուսակցություններին կպած, պաշտոնի, աշխատանքի ակընկալիք ունեցողները, այս իշխանությունների որոշ հաբռգած, անմարդկային չինովնիկներից նեղացածները, աշխատանքից հեռացվածները, հետաքրքրությունից թամաշա անողները, ՀՀԿ-ի մի քանի լարերի վրա խաղացող, առնետավազքի վարպետ համակիրները…

Հա’, համաձայն եմ…Իրոք կային նաև հավատավոր, առաջադեմ, լուրջ, արմատական, համակարգային փոփոխության, քաղաքացիական հասարակության ձևավորման կողմնակիցներ, որոնք շատ քիչ էին ու թագավորական կալվածքի հաստավիզ վերակացուների, թքող-պպզող մարդանմանների ֆոնին չէին էլ նկատվում…
Գիտեմ շատերդ նեղացաք իմ բնորոշում-գնահատականներից, բայց մի նեղացեք…Չնեղսրտեք գրածիցս, չչարանաք, չմաղձոտեք և իմ դիտարկմանը վերաբերվեք բարեհոգաբար, թեթև սրտով, նույնիսկ հումորով…Որպես հումորային դասական օրինակ հիշեք նախկին նախագահի հումորային «գոհարների» ընտրանին…

Իսկ հիմա արդեն ավելի լուրջ…
Գործող իշխանության արատները, թերությունները քիչ չեն, բայց այդ արատները սերմանել, ծաղկել, զարգացել, փոխանցվել են  «հետագա օգտագործման» հենց նույն հարթակի կանգնածների կողմից…Բայց դա կապ չունի, ներկա իշխանությունները կամ պետք է հենց վաղվանից լուրջ, կոնկրետ գործողություններ մշակեն` իրական, մտահոգ, ի շահ երկրի քաղաքացիների, ի շահ նորմալ բիզնես միջավայրի ձևավորման, աղքատության նվազեցման ակնկալիքով, կամ պատրաստվեն դիմակայել փողոց լցված ամբոխի անկանխատեսելի գործողություններին: Այլընտրանք չկա, մտածելու ժամանակ չկա…Արդեն գործել է պետք, երեկ էր պետք մտածել…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more