Երինազ Անտոնյանի պատմությունը
1910 թ.,Կողբ
Սուսաննա Գևորգյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Ցեղասպանության ժամանակ սպանվել են նրա ծնողները, իսկ ինքը քրոջ ու եղբոր հետ տեղափոխվել է Գյումրիի որբանոց: Որոշ ժամանակ անց եղբայրն անհետացել է:«Տատս 1915 թ. ապրել է Կողբում: Նա պատմում էր, որ այդ թոհ ու բոհի ժամանակ սպանվել էին իր ծնողները, իսկ ինքը քրոջ ու եղբոր հետ տեղափոխվել է Լենինականի որբանոց, որտեղ իրենց շատ լավ են պահել, իր ասելով՝ դա եղել է Ամերիկացիների որբանոցը, որտեղ իրենց ի թիվս այլ բաների սովորեցրել էին նաև ասեղնագործություն:
Տատս եղել է 7-8 տարեկան, քույրը՝ Փառանձեմը՝ 15, եղբայրը՝ Գագիկը՝ 5: Ինչ-որ ժամանկ անց եղբորը էլ չեն տեսել, իր ասելով՝ կամ ամերիկացիներն են որդեգրել, կամ տեղափոխել են:Տատս իր ամբողջ կյանքի ընթացքում հուսով էր, որ մի օր կտեղեկանա եղբոր գտնվելու մասին, նա կարոտ աչքով սպասեց իր ամբողջ կյանքում, սպասեց 87 երկար ու ձիգ տարի… Երազում էր լինել իրենց կանաչ դարպասով տանը: Անընդհատ պատմում էր, պատմում… Ասում էր՝ հայրիկս նշանավոր մարդ էր»: