Ժան-Պոլում կրկին իրադարձություն է: Այստեղ բացվել է Նանա Արամյանի փոքրածավալ գործերի ցուցադրությունը՝ գեղանկար, գունավոր մատիտանկար, կտավի վրա տպագրված գեղանկար: «Դռներ»: Դռներ ու դրանց ուղեկցող «աքսեսուարներ»՝ կողպեք, շղթա, բանալի… Խորհրդանիշները բավական թափանցիկ են, արքետիպերն՝ ընթեռնելի, բայց Նանայի կերտած շքեղ ու հագեցած կերպարային խառնարանում ամեն ինչ այնքան բացահայտ չէ, որքան կարող է թվալ: Դռների կողքին բացվում է կախարդական գիրքը, որի միջից սողոսկում են էլեկտրական լարեր հիշեցնող սողուններ, դեռահաս աղջիկները գաղտնիքի բացահայտման հաճույքից էրոտիկ տարերքի մեջ ընկած՝ արկղեր են բացում ու պահարանների մեջ մտնում: Նանայի սյուռ, բայց ոչ ամբողջությամբ մտացածին աշխարհում ամեն ինչ բացվում-փակվում է, մեր մանկության գաղտնի, արգելված պահարանների, մամաների ու տատիկների կողմից սրբությամբ պահվող տուփերի ու արկղիկների պես: Մենք սիրում էինք մտնել դարակների մեջ ու կուչ գալ՝ ինչպես արգանդում, մենք կիրք էինք ապրում պաղկվոցի խաղալուց, երբ մտնում-թաքնվում էինք փակ տեղերում, իսկ մեզ բացահայտում էին…
Մի առիթով արդեն ասել եմ, որ Նանա Արամյանի սյուրռեալիզմը սնվում է ռենեսանսյան ու հետռենեսանսյան հյութեղ դասականությունից: Կաթոլիկ մշակույթն իր պատկերապաշտությամբ հանդերձ, կրոնական տաբուներով ու էկզալտացվածությամբ ճանապարհ են հարթում դեպի ենթագիտակցականի տիրույթ, այնտեցից էլ՝ հոգեվերլուծություն: Զարմանալի չէ, որ իտալական ուշ ռենեսանսի հսկաներից մինչև սյուրռեալիզմի առաջնորդները, ովքեր Նանայի կուռքերն են, կաթոլիկ մշակույթի կրղներն են: Արկղն (իբրև փակ խուց ընթերցվող նաև պահարանը) ու գիրքը փոխկապակցված արքետիպեր են՝ թե հեթանոսական, թե քրիստոնեական (կաթոլիկ) մշակույթներում և Նանայի գործերի առանցքային նշան-կերպարներն են. Պանդորայի արկղը, Սուրբ գիրքը, խոստովանանքի խուցը և այլն՝ սեմանտիկ շարքն անվերջանալի է: Բայց արվեստագետն, անշուշտ, դրանք չի անվանարկում, այլ քողարում է սեփական ֆանտազիաներից ու իրական հուշերից եկած պատկերներով:
Ու այսպես, Ժան-Պոլի էքզիստենցյալ (իսկ ավելի ճիշտ՝ մտածված էկլեկտիկ) միջավայրն այս անգամ էլ հագեցավ ևս մեկ՝ ոչ պակաս էքզիստենցյալ ցուցահանդեսով՝ հեգնականորեն շեշտելով մեր խորհրդային մանկության նահապետական անտուրաժի ֆոնին (կահույք, տատական գորգ ու գործվածք և այլն) հայտնված Նանայի էրոտիկ սյուրռեալիզմի որքան տարօրինակ, նույնքան էլ տրամաբանական հայտնվելը:
Լիլիթ Սարգսյան
72157655462197828