
Life.panorama.am-ը գրում է.
Չնայած փետրվարի 23-ը Հայաստանի անկախացումից հետո այլեւս չի նշվում որպես բանակի կամ հայրենիքի պաշտպանության օր, բայց մարդկանց մեջ եւ հատկապես ավագ սերունդի շրջանում այն շարունակվում է ընկալվել որպես տղամարդկանց տոն:
Տոնական օրվա կապակցությամբ փորձեցինք հետաքրքրվել, թե ավագ սերնդի հայ արտիստներից ովքե՞ր են Խորհրդային միության տարիներին ծառայել եւ առհասարակ ի՞նչ հիշողություններ ունեն այս օրվա հետ կապված:
Շոումեն եւ երգիչ Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ պարտադիր զինծառայություն չի անցել, փոխարենը այսօր նրա որդին ծառայում է Հայոց բանակում.
«Ցավոք սրտի, գուցե եւ բարեբախտաբար ես չեմ ծառայել: Ինչո՞ւ բարեբախտաբար, որովհետեւ խորհրդային տարիներին Հայաստանը անկախ պետություն չէր ու շատ մեծ երջանկություն չէր ծառայել խորհրդային բանակում: Ինչեւէ, այն տարիներին շատ մեծ շուքով էր այս օրը նշվում, ավելին ասեմ, այս տոնը մինչ օրս մեր տանը պահպանվում է: Փետրվարի 23-ը այս տարի ինձ համար առանձնահատուկ է, քանի որ որդիս այս պահին ծառայում է Հայոց բանակում, եւ չնայած փերվարի 23-ը խորհրդային տարիներին էր համարվում բանակի օր, միեւնույն է, այն ինձ համար շարունակվում է ասոցացվել եւ որդուս միջոցով հատկապես տպավորվել որպես բանակի օր: Այս տարի մեր տանն այս տոնը նշվում է որդուս համար»,- պատմեց Սամվել Գրիգորյանը:
Իսկ երգիչ Արթուր Իսպիրյանը նշեց, որ խորհրդային տարիներին իր ծառայությունն անցել է բավականին խիստ պայմաններում ու մինչ այսօր նրա համար փետրվարի 23-ը համարվում է տոն.
«Ես սովորել եմ Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական ֆակուլտետում, ուր եւ երկու տարի խիստ ռեժիմով անցել եմ զինվորական պատրաստություն: Այն ժամանակ կային բուհեր, որոնք ունեին զիվորական ամբիոններ, մեր համալսարանն էլ դրանց թվում էր, ուր երկու տարի սովորելուց հետո մեզ ուղարկեցին Սիմֆերոպոլ քաղաք հակաօդային պաշտպանության պրակտիկա անցնելու: Իսկ այնտեղից էլ վերադարձանք արդեն սպայի կոչումներով: Իրականում բավականին խիստ պայմաններում եմ այդ երկու տարին սովորել, դասախոսները ռուսներ էին ու նրանց հետ ոչ մի կերպ լեզու չէինք կարող գտնել, այնպես որ դասերից խուսափել կամ չսովորելն անհնար էր»,- ասաց երգիչն ու շարունակեց.
«Այս օրը պետք է շարունակել մեծ ուրախությամբ նշել, բայց ցավոք հիմա այն տխրությամբ է հիշվում, քանի որ այդպիսի շաբաթ չկա, որ բանակում զոհ չունենանք: Տխրեցնող մեծ հանգամանք ունենք՝ այսօր ասես պատերազմական վիճակում լինենք, սահմանին չգիտես ինչու երիտասարդ անփորձ տղաներ են, ովքեր չեմ կարծում, որ պատրաստ են առաջին գծում ծառայելու: Չնայած այսօր Խորհրդային բանակի օրն է, բայց միեւնույն է, շնորհավորում եմ բոլոր տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր հիմա ծառայում են, ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր իրենց արյան գնով պաշտպանում են մեր հայրենիքը, մեր անդորրը, որպեսզի իմ եւ բոլորիս երեխաները հանգիստ գնան դպրոց ու խաղաղ տուն վերադառնան, շնորհակալ եմ»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում