▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուզաննայի մի խոսքն ինձ շատ հուզեց…

Hraparak.am-ը գրում է. Կարդացի Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննայի բաց գրառումն ու անչափ հուզվեցի նրա մի նախադասությամբ: Վերջին շրջանում նրբագեղ տիկնոջ կենսագրությունը, գործնեությունը դարձել է հանրության քննարկման կարևորագույն ու թեժ թեմաներից մեկը: Կարող էր չդառնալ, եթե տիկինը գոնե մի քիչ հավատար, որ «Կապույտի վրա էլ են ճանճեր նստում»: Այնինչ նա հավատացել է, որ « Կապույտի վրա ճանճեր չեն նստում» սևակյան փոխաբերական նախադասությանը ու հենց այդ վերտառությամբ էլ դիմել է հանրությանը:

Տիկին Ռուզաննա, ես ձեզ չեմ ճանաչում ու ձեզ հաճոյանալու «ցավով չեմ տառապում», բայց հաճախակի որոշ օգտատերերի կողմից ձեր լուսանկարի տեղադրումն ու տարածումը ինձ դուր չեկավ, ու ես շատ նրբամտորեն ակնարկեցի, որ պետք չէ մարտական հիանալի կենսագրություն ունեցող պաշտպանության նախարարի տիկնոջ լուսանկարը անառիթ «facebook- ում շողշողա»: Հանրությանը հետաքրքիր էր, թե ով է Սեյրանի կինը, ընտանիքը, իմացավ: Իմացավ ու հիացավ՝ կնոջ կանացիությամբ, մեղմությամբ, բարությամբ, հասարակական գործնեությամբ: Ավելին պետք չէր: Ինչու՞: Հանրությունն ունի անհագուրդ հետաքրքրասիրություն: Գուցե ժողովրդական ասացվածքով ավելի հեշտ բացատրեմ.

«Պտղատու ընկուզենուն միշտ էլ «քարով տվողները շատ են լինում»: Հետաքրքվողներն ավելի շատ՝ ինչու՞ չորացած ընկուզենիների շարքում այդքան փարթամ աճել է այդ ընկուզենին: … Ու խորանում են մինչև արմատը, ջուրը, թե ինչ ակունքներ ունի: Ու հիմա անչափ հուզվել եմ ձեր մի նախադասությամբ. «Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունը իմ և ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում»: Սա հայ կնոջ ցավով լեցուն, խնայելու խոսք է: Ու մնացած ձեր խոսքերը սրտիս մաղով չեն անցնում, որովհետև մնացած ամեն ինչ ռոմանտիկայի կամ օրենքով վախեցնելու ժանրից է. « Պարզաբանումներից հետո գրողն ու պատվիրատուն կստանան իրենց հանցանքի իրավական գնահատականը` օրենքի ամբողջ խստությամբ»: Բնական է, նման բաներ գրողն իր իսկական անունով հանդես չէր գա, թեկուզ վախից… Սևակի խոսքերն եք մեջբերում. «Կապույտի վրա ճանճեր չեն նստում»: Փոխաբերական իմաստով է գրել, բայց ասեմ, որ ճանճը բոլոր գույների վրա էլ նստում է, անգամ ճերմակի: Նստում ու «կեղտոտում է»: Իսկ որպեսզի չնստեն, «փակեք կապույտը, կանաչը, կարմիրը ճերմակը» և թույլ միք տա, որ առանց ձեր թույլտվության որևէ մեկը բացի այն, թեկուզ ձեր ամենամոտիկ մարդը: Սա ձեզ ասում է մեկը ով գնահատում է այն կնոջ խոսքը, ով խոսում է ընտանիքի սրբության անունից, կոնկրետ դեպքում ձեր խոսքերն են.

«Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ»: ՀԳ Այո, ընտանիքը հայի համար սրբություն է ու լավ է, որ վստահ եք՝ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Հասմիկ Բաբաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more