Մոսկվաբնակ հայ հավատացյալների սրտում վերջին ամիսներին բացված վերքը դեռ մնում է թաց` շնորհիվ Գարեգին Բ կաթողիկոսի և իր հարազատ եղբոր` Եզրաս Արք. Ներսիսյանի ոխակալության, որով ոչ միայն Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցուց խլեցին իր սիրված հոգևոր հովվին, այլև լցված առավել թշնամությամբ` ցանկացած մինչև անգամ ցրել Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքը` նրան զրկելով այնտեղ ամեն կիրակի մատուցվող Սուրբ Պատարագներից:
Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս Քհն. Բերբերյանի «Կարգազրկման» վերաբերյալ հակամարտությունը վաղ թե ուշ պետք է լուծվեր ինքն իրեն: Համայնքը շփվել, շփվում, և շարունակելու է շփվել Տեր Հոր հետ: Սակայն խնդրի սկզբնաղբյուրը սա չէ, այլ Սուրբ Գևորգ եկեղեցու փակման վայրենի և սրբապիղծ փաստը: Սա դիվային բարբարոսության և հավատքի բացակայության նշան է, որը շատ օրինակներ ունի բոլոր ժամանակներում: Համոզված եմ, որ հայի առջև հայկական եկեղեցին կարող է փակել միայն թուրքը կամ թուրքացած հայը: Ոչ մի նորմալ բան չկա այդ հակաքրիստոնեական մոտեցման ու անմարդկային մեթոդների մեջ: Խորհրդային աթեիզմի լավագույն ավանդույթներով կարող են նաև խաչն իջեցնել կամ պայթեցնել, եթե այն հնարավոր չէ հանել և փոխարենը եկեղեցին դարձնել շինանյութի պահեստ: Թող Աստված խելքի բերի բոլորին, որպեսզի նման բան երբեք չպատահի:
Տարօրինակ է, որ բացի առավել ակտիվ ծխականներից, բարձրաստիճան հոգևորականության մեջ չգտնվեց որևէ քիչ թե շատ սթափ դատող եպիսկոպոս կամ քահանա, ով կասեր. «Մարդի՛կ, ուշքի եկեք, մենք ինչ-որ սխալ, անբնական բան ենք անում, մենք կուրացած ենք և ակնհայտը չենք տեսնում: Ինչպե՞ս կարող ենք գիտակցաբար ոչնչացնել Աստծո տունը` մարդկանց զրկելով նրա հետ շփման հնարավորությունից: Եվ սա այն ժամանակ, երբ աշխարհը շնչահեղձ է լինում անհավատությունից և արատներից, գործում են աղանդներն ու խավարի այլ սպասավորները...»: Խեղճ ու բազմաչարչար Հայաստանը դարեր շարունակ պայքարում է իր հավատի համար: Եվ հիմա, երբ բարեհաճել են (իհարկե Աստծո կամոք) միահամուռ ուժերով կառուցել Մոսկվայում նոր եկեղեցի, գոռոզացել են: Այո՛, դա առևտրային հետաքրքիր ծրագիր է, ո՛չ ավելին: Ցավոք, շատ ավելի էժան է Մոսկվայում օղակաձև ճանապարհի մոտ գտնվող հողը, որի վրա կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին: Բիզնեսի տեսանկյունից, որի մասին անընդմեջ թմբկահարում են թեմի «լրագրողները» և Մոսկվայի Տրիֆոնյան փողոցի նրանց գործընկերը, Սուրբ Գևորգ մատուռը, անշուշտ, ձեռնտու «օբյեկտ» չէ փոքր «անցանելիությամբ», մետրոպոլիտենից և McDonalds-ից հեռու, ամայի վայրում գտնվելու պատճառով:
Ուստի այդ «գլխացավանքը» լավ կլինի վերացնել քահանայի հետ մեկտեղ, ով ավելի պակաս կարևորություն է տալիս քաղաքի կենտրոնում գտնվող ավելի կարևոր եկեղեցական ծրագրին: Եվ քանի որ բարերարներն ու հովանավորները Մոսկվայի եկեղեցական նորակառույց համալիրում այդքան շատ գումար են ներդրել, այս երկրային կյանքում այդ հնարավորությունը չի կարելի ոչ մի կերպ ձեռքից բաց թողնել (ըստ «գողական» տնտեսության «օրենքների» եւ «հասկացությունների»): Եվ իսկապես, ինչպե՞ս է Տեր Մարտիրոսը համարձակվել անձնուրաց ծառայել Աստծուն և իր հոտին, փոխանակ ստրկացած, անվերապահորեն և առանց քննարկման կատարելու այն, ինչ պահանջում են թեմի բարձրաստիճան պաշտոնյաների ցուցումներն ու հանձնարարականները: Դրա համար էլ արեցին անարդար դատավճիռը` Տեր Հորը կարգազրկելով և հեռացնելով եկեղեցական ծառայությունից, իսկ Ստալինի ժամանակ այլախոհներին գնդակահարում էին կամ, լավագույն դեպքում, աքսորում` որպես ժողովրդի թշնամիների: Վե՛րջ: Եկեղեցական ներկայիս նվիրապետությունը թույլ չի տալիս, արգելում է որևէ քննարկում, երկխոսություն, ուր մնաց թե` բանավեճ` այդ բոլորը համարելով անհնազանդություն: «Ձայնդ կտրի՛ր, թե չէ` կարգալո՛ւյծ կանեմ»,- ահա այս հակաքրիստոնեական և անմարդկային սկզբունքն է գործում այսօր Հայ եկեղեցում, որը վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է` վերածվելով բռնապետական համակարգի` եկեղեցու անվան տակ: Ստացվում է, որ քահանան իրավունք չունի մտածելու, վերլուծելու, տրամաբանելու, այլ պետք է կուրորեն ենթարկվի իր վերադասի անհասկանալի որոշումներին: Բայց մի՞թե Աստված մարդուն բանական էակ չի ստեղծել: Որտե՞ղ է վերջանում հնազանդությունը, և որտե՞ղից է սկսվում ստրկամտությունը: Սուրբ Գիրքը պատգամում է. «Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեցե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են…» (Ա Հովհ. 4:1): Նաև` «…Երբ կույրն է առաջնորդում կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթ. 15:14):
Զարմանալի չէ, որ նման իրավիճակում բոլոր Եպիսկոպոսները և քահանաները լռել են և կը շարունակեն լռել` վախենալով պատժամիջոցներից: Ես ո՛չ աստվածաբան եմ, ո՛չ իրավագետ, և առավել ևս չեմ կարող տալ իրավական կամ հոգևոր գնահատական այդ իրադարձություններին: Ես պարզապես շարքային ծխական հավատացյալ եմ: Իմ փոքր հոգևոր տարիքը թույլ չի տալիս ինձ հավասարվել հոգևորականի անձին, բայց կյանքի փորձը հուշում է ինձ, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք պարզունակ անհասկացողության, մերձավորին չսիրելու և մի քանի քայլ առաջ մտածելու ցանկության բացակայության հետ:
Վերափոխումների և ժողովրդավարական վայրենի «բիզնեսի» էյֆորիան կանցնի (այս կյանքում որևէ մեկը չի հագենա ո՛չ ոսկով, ո՛չ երկրային հարստությամբ, իսկ հավիտենական կյանքում դա հարկավոր չէ), կգա հատուցման պահը, համընդհանուր դատաստանի օրը բոլորը պատասխան կտան` անկախ անձից եւ պաշտոնից: Եվ ահա այստեղ կբացահայտվի իրական պատկերը, թե ո՛վ և ինչո՛ւ, միտումնավոր թե անգիտակցված սկսեց ծառայել սատանային ու գայթակղությանը տրվել այնքան, որ դարձավ տաճարի ոչնչացման և հավատքի վտանգման մեղսակից: Ինչպե՞ս բացատրել դեռահասներին ու երեխաներին, թե ինչո՛ւ հիմա չի գործում Սուրբ Գևորգ եկեղեցին, և ինչո՛ւ այնտեղ Սուրբ Պատարագներ այլևս չեն մատուցվում: Արծաթե խաչերով զարդարված ինչ-որ մարդիկ հավատացյալների փոխարեն որոշում են, թե արդյոք պե՞տք է եկեղեցին և հոգեւորը, թե՞ ոչ:
Հարց եմ տալիս. միգուցե երեխաներին ավելի լա՞վ կլինի գնալ ոչ թե եկեղեցի, այլ գիշերային ակումբ, կամ աղանդավորների և անհավատների հավաքատեղի, կամ ծխել, զբաղվել թմրամոլությամբ և հարբեցողությա՞մբ: Նման տեղերը միշտ աշխատում են և հանգստյան օր չունեն: Ու հարկավոր չի լինի կտրել ամբողջ քաղաքը` Յասենևո հասնելու համար:
Առաջանում է օրինաչափ հարց: Միգուցե հարցը հենց մեզանո՞ւմ է: Գուցե դա մե՞նք ենք` մեր թույլ հավատքով, ծուլությամբ և անհեռատեսությամբ, որ թույլ տվեցինք` դա պատահի: Ինչո՞ւ չահազանգեցինք և ոտքի չկանգնեցինք, ինչպես Քրիստոսի զինվորներ, որ պայքարում են չարի դեմ: Բայց չէ՞ որ մի անգամ երես թեքելով իր ծխականներից (որևէ մեկի մեղքով), հայկական եկեղեցին կարող է կորցնել իր հավատացյալ քույրերին և եղբայրներին` այլևս չհամալրելով իր շարքերը նրանցով, ովքեր կուզենային գնալ եկեղեցի, բայց հիմա երբեք չեն գնա: Նրանց կսպասի այլ բանակ` խավարի զորքը:
Այդ իսկ պատճառով կոչ եմ անում բոլոր հավատացյալ քույրերին և եղբայրներին` մշտական աղոթքներով ու ամուր, անսասան հավատքով օգնել վերադարձնել իրենց մերձավորներին դեպի եկեղեցի: Մաղթենք, որպեսզի Տերը հաջողություն բերի մեր բոլոր ձեռնարկներին:
Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Արք. Ներսիսյանի կողմից Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագներ մատուցելու արգելքը պատճառաբանվում էր այնպես, թե մատուռը իբր վերանորոգվել է և կարիք ունի վերաօծման, որպեսզի Պատարագներ մատուցվեն: Երբ վատացյալները պարզաբանեցին, որ այնտեղ օծված վեմ քարով էլ կարելի էր Պատարագներ մատուցել, այդժամ առաջնորդը պատրվակ բռնեց, թե բավարար թվով քահանաներ չունի: Սա այն դեպքում, երբ Մոսկվայի երեք հայկական եկեղեցիների համար կան 9 քահանաներ, որոնցից ոչ մեկը չի տրամադրվում Սուրբ Գևորգ եկեղեցում Պատարագներ մատուցելու համար:
Ամենապարզ լուծումն այն է, որ վերաբացվի եկեղեցին, եթե պետք է, նաև վերաօծվի այն, իսկ մատուռում նշանակվի մեկ քահանա և քահանայի օգնական` մշտական ծառայության համար: Մենք պատրաստ ենք կարելին անել արդար, ազնիվ գործի համար: Պատրաստ ենք դադարեցնել հանրային քննարկումները, ապացույցներն ու մեղադրանքները, և աղոթել բոլորի համար, իսկ Տեր Մարտիրոսը թող դառնա այն հոգևոր «շաղախը», ով կմիավորի մեզ բոլորիս:
Հիսուս Քրիստոս` մեր միակ ու ճշմարիտ Աստված, որ մարդասեր է, գթառատ և ամենաներող, թող փրկի և պահպանի մեզ:
Մոսկվայի Սուրբ Գևորգ եկեղեցու նախանձախնդիր հավատացյալ