▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ «պերեբարշիտ» անել ու հետո արդեն արվածի «կեղտերը ջրել»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վերջին օրերին հասարակությունն ինչպես առցանց տիրույթում այնպես էլ ամենատարբեր բանավեճերում լայնորեն քննարկեց Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան կղերականներից մեկի` Պարգև Մարտիրոսյանի հարցազրույցը տրված ՌԵԳՆՈՒՄ ռուսական լրատվական գործակալությանը, որտեղ վերջինս ասել էր մեջբերելով Մեսրոպ Մաշտոցի միայն իրեն հայտնի խոսքերից, թե ով քրիստոնյա չէ, հայ չէ:

Այս արտահայտության դեմ դուրս եկան գրեթե բոլորը ու բանն հասավ նրան, որ բարձրաստիճան կղերականին մեղադրեցին ֆաշիզմ քարոզելու մեջ ու նաև հնչեցին պատրաստակամ նախաձեռնությունների մասին` այս խոսքերի համար վերջինիս դատի տալու և դատական կարգով հարցը լուծելու համար: Զարմանալի էր, սակայն այս աղմուկի մեջ անդրդվելի լռություն պահպանեց պաշտոնական Էջմիածինը: Սակայն, ինչպես և սպասելի էր և ակնկալելի էր, բարձրաստիճան կղերականի պատասխանը չուշացավ:

Օրերս Պարգև Մարտիրոսյանը հարցազրույց է տվել karabakh-life.am կայքին, որն այլ կերպ չի կարելի բնութագրել, քան մեղայական: Ինչ-որ տես սպասելի էր նաև այդ մեղայականը: Սակայն ինչն է այստեղ զավեշտալի. եթե Պարգև սրբազանը պետք է մեղայականով հանդես գար, ապա էլ ինչու հայտնի կերամանից սնվող հասարակությանն հայտնի ու անհայտ բլոգերների ու օգտատերների իրական և ֆեյք համքարությունը նման անձնուրացորեն ձեռնամուխ եղավ իշխանական համակարգի մի մասնիկի երեսը լվանալու «սուրբ գործին»:

Բայց ամեն դեպքում, կարելի է հասկանալ նաև նրանց` կա հանձնարարական ու պատվեր և պետք էր այն կատարել: Դառնանք արդեն նշված հարցազրույցին: Նախ Պարգև սրբազանը հայտարարել է, որ ունեցել է աթեիստ ու կումունիստ քեռի, ապա արդեն նշել, որ աղոթում է ամեն գիշեր քնելուց առաջ` նաև հեթանոս հայ արքաների համար և համեմատել, որ ինքն առավել չէ, քան Մյասնիկյանը, Ֆադեյ Սարգսյանը, Ջոն Կիրակոսյանը, Կարեն Դեմիրճյանը, նույնիսկ որ քրիստոնյա է ու եկեղեցական:

Նման հայտարարություններից հետո արդեն կարելի է ասել, որ գոնե ոչ պաշտոնապես արձանագրվեց, որ ազգային պատկանելիությունն ու կրոնական կամ դավանական պատկանելիությունն իրար հետ կապ չունեն: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ այս փաստարկումը լիներ ավելի շուտ ու նման խնդիրներ առհասարակ չծագեին: Իսկ չծագելու համար նախ և առաջ որևէ եկեղեցական պետք է դուրս գա միջնադարյան մտայնություններից ու պետաեկեղեցական բարձր ու ջերմ հարաբերություններում չտեսնի սեփական անսխալականությունը կամ անփոխարինելիությունը:

Այսօրվա դարում եկեղեցականը հասարակության կողմից ընկալվում է որպես հասարակական գործիչ կրոնական անձ լինելուց զատ և որպես այդպիսին հասարակությունը իրավասու է բացատրություններ պահանջելու նրանցից ասած խոսքի ու կատարած քայլի համար: Այսինքն, եթե պարզեցնենք, ամեն դեպքում պետք չէ «պերեբարշիտ» անել ու հետո արդեն արվածի «կեղտերը ջրել»:

Հարություն Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more