▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փեսացուս ինձ այնքան շատ է սիրում, որ ամեն ինչ անում է իմ ցանկությամբ». Անի Զախարյանը կիրակի օրն ամուսնանում է

life.panorama.am-ը գրում է. Այս կիրակի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կպսակադրվեն «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն ու Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ազգային ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրազյանը: Անի Զախարյանը պատմեց, որ հարսանեկան խնջույք չի լինի. «Պսակադրությունից հետո եկեղեցուն կից սրճարանում մեր հյուրերի համար կլինի ֆուրշետ-հյուրասիրություն: Ես և փեսացուս որոշեցինք հարսանեկան խնջույք չկազմակերպել, քանի որ ամռան վերջին գնալու ենք Իտալիա ամուսնական ճանապարհորդության»,- նշեց նա:

Անի Զախարյանի խոսքերով՝ հարսանեկան արարողության հյուրերի շարքում կլինեն ընկերները, մի շարք հայտնի մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց մասին, սակայն, խոսել չցանկացավ:

Անի Զախարյանը պատմեց, որ հարսանեկան միջոցառումից հետո ապրելու են ամուսնու տանը. «Իհարկե, փեսացուիս բնակարանում ենք ապրելու, նրա ընտանիքի հետ միասին, թե ապագայում ինչպես կդասավորվի և մեծ ընտանիք դառնալուց հետո կշարունակենք բոլորս միասին ապրել, թե կառանձնանաք, կյանքը ցույց կտա»,- նշեց նա:

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարի խոսքերով՝ նա դեմ չէ սկեսուրի հետ համատեղ կյանք վարելուն. «Սկեսուր-հարս փոխհարաբերություններում մարդկային շփմանն եմ առաջնահերթ կարևորություն տալիս: Հայ ընտանիքներում ես շատ եմ կարևորում թե հայ կնոջ, թե տղայի մոր դերը: Անկախ նրանից, որ մարդու կյանքում հայտնվում է այն կինը, ում նա սիրում է, մայրը մնում է մայր  իր զավակի համար, ես միմիայն ուրախ եմ այդ առիթով»,- ընդգծեց նա:

Անի Զախարյանը նշեց նաև, որ ամուսնությունը չի խոչընդոտի իր քաղաքական ակտիվ գործունեությանը. «Բոլորը տեսնում են, որ անգամ իմ նշանադրությունից հետո ես որևէ լուրջ հանրահավաք և գործընթաց բաց չեմ թողել, ընդհակառակը, ինքս, մեծ նախաձեռնողականությամբ հանդես եմ գալիս տարբեր քաղաքական գործընթացներում: Այսինքն՝ ամուսնությունը կարող է ավելի խթանող ուժ հանդիսանալ ավելի ակտիվ գործելու, քանի որ երբ կնոջ անձնական կյանքում ամեն ինչ լավ է, նա երջանիկ է իրեն զգում, դա արդեն խթան է և անդրադառնում է գործնական կյանքի զարգացման և հաջողությունների վրա»,- պատմեց նա:

Այս հարցի վերաբերյալ ամուսնու ընտանիքի վերաբերմունքի մասին Անի Զախարյանն ասաց. «Բնականաբար, ինչպես իմ մոր, այնպես և փեսացուիս ընտանիքի կողմից որոշակի երկմտանքներ, մտավախություններ կան, որովհետև կա մտայնություն, որ ի վերջո կին է, ով մտնում  է քաղաքականություն և կարող են վտանգներ լինել, բայց Փառք Աստծո, մենք այնպիսի ընտանիք ենք, որտեղ դրված են սկզբունքներ, ըստ որի, որքան էլ հարգենք մեր ծնողներին, բայց որոշումները կայացնում ենք մենք և դա մեր ընտանեկան խնդիրն է»:

Ամուսնու հետ խնդիրների լուծման մասին պատմելով՝ Անի Զախարյանը նշեց. «Մեր զույգի մոտ մեծ կոնֆլիկտներ չեն լինում, որովհետև մենք այնքան ներդաշնակ ենք, որ շատ շատերը կողքից ասում են, որ շատ գեղեցիկ է Ձեր սերը, դուք քայլում եք և շատ հաճելի է Ձեզ դիտելը: Մեր ընտանիքում իրավահավասարության մթնոլորտ է տիրում, մեզ մոտ բացակայում է հայ ավանդական տղամարդու բռունցքի մեթոդները, մենք միմյանց հարգում ենք որպես անհատականություններ մեր առավելություններով և թերություններով հանդերձ և արդեն այս որոշակի ժամանակահատվածի ընթացքում կարողացել ենք հասկանալ, թե ինչպես պետք է պահենք մեզ մեկս մյուսի նկատմամբ և եթե որևէ կոնֆլիկտային իրադրություն է ստեղծվում, անմիջապես հարթվում է»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more