▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմ սկսելու ոչ մի առիթ, ոչ մի նախադրյալ, ոչ մի պատճառ չկա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե որքանով է հավանական տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը։

«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում չկա։ Իմ գնահատականը միանշանակ է՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի հիմք կամ հիմնավորում գոյություն չունի»,- ասաց Փաշինյանը։

Ճեպազրույցն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, սակայն փաստաթղթի 17 կետերից 2-ը շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը: Այնտեղ կան բազմաթիվ շերտեր, նյուանսներ, պարբերություններն անսահմանափակ չեն, և ասել` մերժել է կամ չի մերժել, ընդունել է չի ընդունել, մի քիչ հարաբերական է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մասնավորապես, կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել սահմանին եվրադիտորդների հարցում։

Փաշինյանն ընդգծեց, որ չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը և մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, բանավեճերին»:

Անդրադառնալով հարցին՝ խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ կա՞, Փաշինյանն արձագանքեց. «Խաղաղության պայմանագրի նախագծում ձեր նշած հարցերի վերաբերյալ անդրադարձ չկա»։

***

«Այն փաստը, որ ստացել ենք Խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղու մեջ չէ: Հիմա պետք է մեր առաջարկները ներկայացնենք, այսինքն՝ գործընթացը գնում է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում, առցանց հանդիպում է տեղի ունեցել։ Մենք առաջարկել ենք լուծում և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Ես շատ վերլուծում եմ և ուզում եմ հասկանալ՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի մեր այդ լուծման առաջարկին, օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժելու հիմքեր չկան: Դա վերաբերում է երկաթուղային բեռնափոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը, այդ թվում, կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան կապի համար՝ ՀՀ ինքնիշխան տարածքով, և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի, և երկու երկրները, ըստ այդմ, հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիներն օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար։ Խոսքը երկաթուղային բեռնափոխադրումների մասին է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more