«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
Այս տեքստը երեւի կարելի էր 2018-ին գրել, կամ` գոնե 2019-ին: Հիմա անգամ անիմաստ է թվում` նման հույսեր փայփայելը եւ գուցե կարող է ուղղված լինել հաջորդ իշխանություններին, բայց երազանքները պետք է բարձրաձայնվեն, որ իրականություն դառնան:
...Նորմալ իշխանություն ունենայինք` միայն պոզիտիվ ազդակներ ուղարկեր բզկտված, հուսահատ, պատերազմից դեռ ուշքի չեկած հանրությանը: Բոլորի մեջ եւ ամենուր միայն դրական բաներ փորձեր տեսնել, խրախուսեր մարդկանց առողջ նախաձեռնություններն ու ձգտումները: Սաստեր ու պատժեր բոլոր նրանց, ովքեր ատելություն կտարածեին... արցախցիների, ընդդիմադիրների, նախկինների, բոլորի հասցեին:
Ամեն ինչ աներ, որ բարության, հանդուրժողականության, սիրո եւ համերաշխության մթնոլորտ հաստատվեր մեր փոքրիկ երկրում: Նորմալ ղեկավար լիներ` զուսպ ու կոռեկտ արտահայտվեր, իր թիմակիցներին էլ արգելեր շշպռելն ու քլնգելը, հրապարակային դիտողություններ աներ արայիկհարությունյաններին, մյուս բոլորին, ով փորձում է թիրախավորել որեւէ լրագրողի, քաղաքական գործչի, քաղաքացու: Ընդգծված ցույց տար, որ չի միջամտում իրավապահների գործառույթներին, արգելեր նրանց ներկա գտնվել կառավարության նիստերին եւ զեկուցել վարույթների ընթացքի մասին:
Որեւէ կերպ, որեւէ բառով երբեւէ չխախտեր մարդկանց անմեղության կանխավարկածը` եթե չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Արգելեր քննչական մարմիններին` չավարտված գործերի մասին հաղորդագրություններ տարածել: Նորմալ երկիր ունենայինք` մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող անձն ամեն օր մի պաշտոնյայի, մի կառույցի անթույլատրելի արարքի մասին հայտարարություն տարածեր եւ պարտադրեր, որ այդ պաշտոնյան պատժվի կամ ներողություն խնդրի:
Նորմալ երկիր ունենայինք` երկրի առաջին դեմքի կինը բացառապես բարեգործությամբ եւ հումանիտար գործունեությամբ զբաղվեր` աննկատ ու համեստ, միայն օգտակար լինելու, թույլերին, խեղճերին, անապահովներին աջակից լինելու ծրագրով:
Նորմալ երկիր լինեինք` քաղաքական բանավեճի եւ գաղափարներ գեներացնելու իրական հարթակ լիներ խորհրդարանը, ֆեյսբուքը: Նորմալ երկիր լինեինք` իրար հանդեպ հարգանքի, սիրո, ստեղծագործ աշխատանքի, ներողամտության, միասնականության մթնոլորտ լիներ երկրում… մեր թշնամիներն էլ զուսպ կլինեին ու մեր երկիրն էլ այսքան անպաշտպան չէր լինի: