Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրություններին դեռ մի ամբողջ տարի կա, բայց Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախորը հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին։ Ինչո՞ւ։ Որ ապահովեն իրենց տեղը հաջորդ ցուցակում։ Շատ լավ հասկանում են, որ հաջորդ անգամ իրենց քանակը զգալիորեն պակաս է լինելու, ու հիմա ամեն մեկն փորձում է առաջ և աչքի ընկնել նիկոլին շողոքորթելու մրցավազքում։
Այսօրվա մեկ այլ դիտարկում։ Նիկոլի լավագույն սաներից՝ Վահագն Ալեքսանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, որոնք սովորաբար ամենաբարձրաձայն ու կեղծ քաջությամբ են հանդես գալիս, այսօր նկատելիորեն լուռ ու հեռու էին։ Սկզբում չհասկացա՝ ինչն է փոխվել, նույնիսկ հաճելիորեն զարմացա։ Բայց հետո պարզվեց պատճառը։ Պարզապես իշխանական խմբակցության կեսը դահլիճում չէր, ու այս քաջ տղերքը հանկարծ անջատել էին իրենց «դուխով» ռեժիմը։ Պարզվում է՝ իրենց խիզախությունն աշխատում է միայն, երբ 10-ը 1-ի դեմ է, կամ երբ դիմացինն իրենց ծնողի տարիքին է»։
***
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ-ի բարդակխանայի մասին կարելի է հատորյակներ գրել։ Դա արդեն վաղուց ոչ թե օրենսդիր մարմին է, այլ ներքաղաքական պրոպագանդայի դեկորացիա, որտեղ օրենքները երկրորդ պլանում են, իսկ հնազանդ շեփորահարությունը՝ առաջնային։
Էսօր բանը հասել է նրան, որ երբ լսում են Նիկոլի անունը կամ մեկ քննադատական խոսք նրա հասցեին, ով կա չկա սկսում է իրեն մեջտեղից պորթել՝ միայն, թե տիրոջ աչքից չընկնի։ Այս հարցում էսօրվա «չեմպիոնները» Արշակյան Հակոբն ու Հովհաննիսյան Արթուրն էին, որոնք ԱԺ ամբիոնը վերածել են հիստերիկ ճչոցների ու մատ թափ տալու վայրի։ Իրենց ամենառոմանտիկ ու վարդագույն երազում անգամ դրանք չէին պատկերացնի, որ մի օր խորհրդարանում կգոռան, կսպառնան ու իրենց ընդդիմախոսներին հաթաթա կտան։ Սա արդեն շարքային լակոտակրատիայի դրսևորում է։
Սրանք մոռանում են, թե ովքեր էին «նախկին կյանքում», մոռանում են, որ իշխանությունը հավերժ չէ։ Իրականությունից այն աստիճանի են կտրվել, որ չեն ջոգում, որ մարդկանց, ում էսօր սպառնում են ու վիրավորում «հետնիկոլյան» կյանքում կարող են հանդիպել, և իրենք լինելու են հավասար դիրքերում։ Բայց հենց սա է քաղաքական ամբարտավանության վտանգը՝ հիշողության ընտրովի կորուստ։
Ակնհայտ է, որ իշխանական պատգամավորները հիմնականում վախենում են սեփական ստվերից։ Նրանք չեն ներկայացնում ընտրողին, այլ՝ Նիկոլին։ ԱԺ ամբիոնն էլ դարձել է կուսակցական ենթակայության հարթակ, ոչ թե հանրային քննարկման տեղ։ Այստեղ ընդդիմախոսությունը դարձել է հանցագործություն, իսկ սազանդարությունը՝ պարգևատրվող արժանիք։
Եվ ամենակարևորը՝ աշխարհում հազվադեպ է պատահում, որ մեկի անունը լսելուց մի ամբողջ քաղաքական մարմին այսքան ձայնային ու մարմնային աղմուկ բարձրացնի՝ ընկնի ջղային ցնցումների մեջ: Սրանց համար Նիկոլի անունը դարձել է քաղաքական «սրբապատկեր», որին ծուռ նայելը հավասարազոր է կապիտուլյացիայի մեղադրանքի։
Այսօր ԱԺ-ում ոչ թե օրենք են կերտում, այլ բեմադրում։ Սա թատրոն է՝ հստակ ռեժիսուրայով, պալատական դերասաններով ու նույն սցենարով. «Նիկոլն ասեց, մենք կրկնեցինք, հետո փրփուրը բերանին պաշտպանեցինք»։ Հետևաբար՝ սա այլևս խորհրդարան չէ, այլ մի ամբիոն, որտեղ խոսքը դարձել է ծառայողական պարտավորություն, իսկ լռությունը՝ քաղաքական ապահովագրություն»։
|