▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռնելու իմ տարբերակը

Մի ճանաչված ֆրանսիացի գրող ասել է, որ ամբողջ մարդկության պատմության ընթացքում դեռ ոչ ոք չի գրել ամբողջությամբ ճշմարիտ մի պատմություն ո՛չ իր, ո՛չ էլ մեկ ուրիշի կյանքի մասին: «Գրողը գրեթե միշտ ստեղծում է ճշմարտության ու հորինվածքի խառնուրդ կամ իր սեփական զգացմունքներն ու մտքերը վերագրում է երևակայական մի կերպարի, քանի որ ավելի շատ վախենում է ինքն իրենից, քան հասարակությունից… »

Հասարակ աշնանային երեկո էր, երբ ըներներով էլի հարբեցինք, ու միայն ես որոշեցի հարբած երթևեկել Երևանյան փողոցներով: Հարվածի պահն եմ հիշում, ասես շատ ուժեղ լույս գցեին ձախ աչքիս, հետո սուր, ահավոր սուր ցավ սկսվեց, հենց աչքիս մեջից էր գալիս ցավը, ականջներս վառվում էին, ամողջ դեմքս թմրել էր, ողջ մարմինս վախից դողում էր, մահվան վախից. այդ պահին ամենաշատն ուզում էի մեռնել, չէի կարողանում դիմադրել ցավին. ցավն այնքան ուժեղացավ որ անգամ ուշագնաց եղա, նաշադիրը մտցրեցին քիթս, ուշքի եկա, յոթ վայրկյան անց ուշագնաց եղա, երկրորդ անգամ մտցրին քիթս, երկրորդ անգամ ուչքի եկա ու ուշագնաց եղա, ու էսպես ուղիղ հինգ անգամ: Մի պահ աչքերս բացվեցին, տեսնեմ` Տիգրան Մեծ փողոցի վրա ենք, Էդգարի մեքենայի մեջ եմ, այսօրվա պես հիշում եմ` բոսորագույն Մերսեդես էր: Էդգարի կողքը նստած էր Գրիգորը: Գիտակցությունս արդեն տեղն էր եկել, բայց ցավը չէր դադարում, անկախ ինձնից հարցրի. 

— Ես մեռե՞լ եմ: 
— Դիմացիր, հեսա հասնում ենք հիվանդանոց, - պատասխանեց Գրիգորը:
— Ես կմեռնեմ, չէ՞:
— Ապուշ բաներ մի՛ խոսիր, դու ուժեղ տղա ես, - զայրացած բղավեց Գրիգորը:
— Ես մեռնում եմ:
— Դու աշխարհի ամենաուժեղ տղեն ես, դու չես կարող հենց այնպես մահանալ, լսու՞մ ես, ի՛նձ նայիր, քեզ ասում եմ՝ ի՛նձ նայիր:
Ուղիղ 3 վայրկյան նայեցի Գրիգորի աչքերի մեջ, մարմինս ահավոր թուլացել էր, գլուխս չէի կարողանում բարձրացնել, գլուխս ինքնըստինքյան ընկավ, նկատեցի Էդգարի մեքենայի ամբողջ սրահը արնալվիկ էր եղել, տեղում խելագարվեցի, ինձ թվաց՝ ես արդեն դժոխքում եմ, մի պահ ամբողջ ուժերս հավաքեցի, գլուխս վեր բարձրացրի, ինչքան էներգիա կար մեջ գործի դրեցի ու բղավեցի.
— Աստվա՜ծ, դու չարիք ես:
Գրիգորը մոլեռանդ հավատացյալ էր: Բղավելուն պես վզից հանեց իր քրիստոնեական խաչը և գցեց իմ վիզը՝ ասելով.


— Աստված կա, նա բոլորիս սիրում է, Աստված պահապան քեզ: Խաչակնքեց ու սկսեց աղոթել: Այս օրվա պես հիշում եմ այդ պահը. խաչը վիզս գցելուց հետո փորձեցի կրկին ուժերս հավաքել և բղավել. ինձ թվում էր՝ իմ կյանքի վերջին վայրկյաններն են, ուզում էի անել այն, ինչ հնարավոր է, իսկ տվյալ դեպքում միակ հնարավոր գործողությունը բղավելն էր: Փորձեցի բղավել, բայց կրկին ուշագնաց եղա: Գիտակցության եկա մոտավորապես քսան րոպե անց, բայց մոտ տասը-տասնհինգ վայրկյանով: Արդեն ինչ-որ բժշկական սարքավորման մեջ էի, լրիվ մերկ էի, ամբողջ մարմինս արյան մեջ էր: Սպիտակ սարք էր, որի ներսը լուսավորվող դագաղ էր հիշեցնում, և ինձ կրկին թվաց՝ մեռել եմ. 10-15 վայրկյանների ընթացքում ամբողջ կյանքս մեկ ակնթարթում շատ արագ վերհիշեցի՝ մանկություն, մանկապարտեզ, դպրոց, մանկության ընկերներ, նախկին ընկերուհի, կյանքի երջանիկ պահեր, ցավոտ պահեր ու ուշագնաց եղա կրկին: Ականատեսների վայությամբ ինձ միանգամից տեղափոխեցին վիրահատարան, ախտորոշումս` գանգուղեղային վնասվածք: Շուրջ 4-5 ժամ բժիշկների չարչարանքից հետո ինձ նոր մի փոքր հույս տվեցին ապրելու. օրգանիզմս ահավոր թուլացել էր, վիրահատությունից հետո միանգամից կլինիկական մահ տարա, շուրջ 10 ժամ մահացած եմ եղել, ընդհանրապես բան չեմ հիշում, ուղեղս անջատվել էր: Ինձ թվում է՝ այն տեսեությունը, որ մեռնելուց հետո կյանքը շարունակվում է՝ սուտ է, որովհետև ես տեսա մահը, զգացի մահը, կյանքից հետո կյանք չկա, բացարձակ ոչինչ չկա, ուղեղդ անջատվում է և վերջ, անցնում ես պատմության գիրկը, ի՞նչ հավերժություն, եթե դու ուղեղ չունես ու չես կարողանում մտածել :

Մոտավորապես տասը ժամ մահացած եմ եղել, գտնվելուս վայրը` վերակենդանացման բաժանմունք, գիտակցության գալուն պես նկատեցի, որ ամբողջ մարմինս կապկպված է, բերանիս ինչ-որ զիբիլ է դրած՝ ինչպես կինոների մեջ է լինում, աչքերս հազիվ հազ բացել եմ, դիմացս եմ նայում, տեսնեմ մեր բակի Արմենը (մանկությանս ընկերը, նախկին ընկերուհուս ներկա նշանածը), ուզում եմ խոսել, բայց չեմ կարողանում, ուզում եմ ձեռքս շարժել՝ չեմ կարողանում, գլուխս շարժել՝ չեմ կարողանում, միայն մի պատկեր եմ տեսնում` Արմենին, կյանքիս մեջ չեմ մոռանա այդ պահը, թե ինչպես Արմենն ինձ նայեց, ժպտաց ու սկսեց արտասվել: Իմ աչքերը նույնպես լցվեցին, ու աչքերիցս սկսեց արցունք հոսել: Արմենն ուրախությունից էր լացում, իսկ ես՝ տառապանքից: Տառապում էի, որովհետև ողջ էի մնացել, տառապում էի, որովհետև չէի ուզում կրկին նույն ցավերն ու տանջանքերը տեսնել: Հանկարծ Արմենը գնաց, քույրը մոտեցավ, սրսկեց, ու քնեցի: Ուղիղ երեք օր գտնվեցի վերակենդանացման բաժանմունքում, ուղիղ երեք օր աչքերս բացում էի, տարբեր պատկերներ տեսնում ու կրկին քույրը սրսկում էր, որպեսզի քնեի, որպեսզի ցավերիս դիմանայի:

Արթնացա վերջապես, արդեն ինքս ինձ զգում եմ, զգում եմ, որ ուժ կա մեջս, զգում եմ, որ ուղեղս աշխատում է: Բերանիցս հանեցի զիբիլը, կրծքավանդակիս նույնպես ինչ-որ տասնյակ զիբիլներ էին կպցրած, դրանք նույնպես հանեցի ու նստել եմ: Ահավոր ծարավ եմ: Աչքս ժամին ընկավ, տեսնեմ ժամը գիշերվա չորսն է, դիմացս ինչ-որ ապակի է, դրա ետևում քույրեր են: Ահավոր ծարավ եմ, բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ մեռնել: Աչքովս մի սեղան ընկավ , որի վրա ջուր կար դրած ու մկրատ, ինձ միանգամից գցեցի սեղանի մոտ, սողալով մի կերպ հասա սեղանին, ձեռքս գցեցի ջրին, բացեցի շիշը, խմեցի ջուրը, ձեռքս գցեցի մկրատին, ուզեցա կոկորդս կտրել և մահանալ, դրեցի կոկորդիս, համարձակությունս չէր ներում: Մի պահ տրամադրվեցի, որ մկրատը մտցնեմ կոկորդս, ու այդ պահին չգիտես ոնց հայտնվեց բուժքույրը և խլեց ձեռքիցս մկրատը: Միանգամից բղավեցի.
— Շան ծնունդ, տու՛ր մկրատը, պետք է սպանեմ ինձ: 
Այդ պահին վրա հասավ մյուս բուժքույրը և սրսկեց ինձ: Ես քնեցի: Արթնացել եմ լրիվ կապկպված, բերանիս զիբիլը հանել են, կրծքավանդակիս զիբիլները կպցրած են, ինձ է մոտենում բուժքույրը.
— Հն, ո՞նց ես:
— Բավականին հետույքային, ազիզ ջան:
— Ինչի՞: 
— Դու էլ իմ փոխարեն լինեիր՝ դու էլ հետույքային իրավիճակում կլինեիր:
Ահավոր ծարավել էի, բերանս չորացել էր.
— Ազիզ ջան, ջուր կտա՞ս:
— Ջու՞ր, թե՞ մկրատ:
— Թե կարող ես՝ մկրատը տուր:
— Եթե խոսք տաս, որ էլ ձեռքդ մկրատի չես գցի, և՛ ջուր կտամ, և՛ կապերդ կարձակեմ:
— Դու դեռ սկզբի համար ջուրը տուր, նոր կտեսնենք:
— Չէ, խո՛սք տուր: 
Արդեն մեռնում էի, չէի կարող խոսք չտալ. 
— Լավ, խոսք եմ տալիս, տուր ջուրը: 
Ջուրը տվեց անառակը, մի բաժակ բան տվեց, նույնիսկ չկարողացա ծարավս հագեցնել: Շրջվեցի, շուրջ բոլորս եմ նայում՝ ինչ-որ մարդիկ են, մեծ-փոքր-ջահել-միջին տարիքի տպեր: 
Անառակն արդեն գնացել էր, բայց ես կապկպված էի, կողքս միջին տարիքի տղա էր, ինձ է նայում վախեցած, հարցնում եմ.
— Հը՞ն ախպեր: 
— Դու ասա:
— Սենց էլի, ոռիի:
— Ինչի՞ համար են բերել քեզ: 
— Ապեր, մորս արև, թե բան եմ հիշում, իսկ քե՞զ:
— Ավտովթարի ենք ենթարկվել, կին-երեխաներով: 
— Վախ (աչքերս միանգամից լցվեցին), ձերոնք ո՞նց են, ախպերս:
— Ապեր չգիտեմ, մենակ ինձնից եմ տեղյակ, որ ստեղ եմ, բժիշկներից հարցնում եմ՝ բան չեն ասում: 
— Լավ տարբերակ առաջարկե՞մ:
— Ասա, ցավդ տանեմ: 
— Դժվար թե իմ ցավերը կարողանաս տանել, բայց կասեմ՝ ուրեմն հենց գլխավոր բժիշկը գա, կասես, որ դու որբ տղա ես, մանկատան երեխա ես, հարազատներ, բարեկամներ ընդհարպես չունես, ասա ինչ կա, ոնց կա, թող ողջ ճշմարտությունը քեզ պատմի, կարճ ասած՝ խղճահարություն առաջացրու, բժիշկն էլ է մարդ, բոլորս էլ թույլ կողմեր ունենք, կթուլանա ու կասի, եղա՞վ:
— Եղավ ախպերս, ապրես շատ: 
Բժշկուհին եկավ ինձ կրկին սրսկեց, ու ես քնեցի: 


Արթնացել եմ արդեն, բարձր լացի ձայն եմ լսում, ահավոր բարձր, ոչ մարդկային բղավոցներ, ոչ մի բան չեմ կարողանում հասկանալ, ոչ մի բառ չեմ հասկանում, ականջներիս մեջ լաց ու բղավոց է, զգացի, որ դիմացինս է, այն տղան էր, որին որ ես խորհուրդ տվեցի, թե ոնց անի որ իր ընտանիքից տեղեկություն ստանա (ճիշտ է հետո ինձ ասացին, որ տղեն կնոջն ու երեխաներին կորցրել է), բայց ես այդ պահին միանգամից գլխի ընկա, թե ինչ է կատարվում: Հասկանալուն պես աչքերս լցվեցին, սկսեցի լացել, հետո սկսեցի բղավել, չէի հասկանում՝ ինչ էր հետս կատարվում. ես լացում, բղավում, տառապում եմ մարդկանց համար, որոնց անգամ չեմ տեսել, չեմ ճանաչում: Հիստերիկ լաց սկսվեց մոտս մինչև այն պահը, երբ բուժքույրն եկավ, ինձ կրկին սրսկեց: Աչքերս բացել եմ, միանգամից դիմացս եմ նայում, այդ տղային եմ ման գալիս, ով ընտանիքին էր կորցրել, տեսնում եմ՝ չկա, շուրջ բոլորս եմ նայում՝ չկա, բժշկուհուն ձայն տվեցի՝ եկավ, այդ տղայից եմ հարցնում, բայց ոչ մի բան չի ասում, էդպես անորոշության մեջ, և բժշկուհիս հանկարծ ասաց, որ այցելու ունեմ: Այցելուս եկավ, քույր էր.


— Բարև ապեր: 
— Բարև քուր ... քուր տես՝ ես ողջ եմ, տես ինչ ուժեղ ապեր ունես:
— Գիտեմ ապեր, դու աշխարհի ամենաուժեղ տղան ես: 
— Քուր, մի բան հարցնեմ՝ ճիշտը կասե՞ս: 
— Ասա ապեր, իհարկե կասեմ:
— Դու, որ այս պալատ ես մտել, իմ դիմացը միջին տարիքի տղամարդ պառկած եղել է՞:
— Հա, եղել է:
— Բա ու՞ր է ինքը հիմա:
— Ի՞նչ կարևոր է, կարևորը՝ դու ողջ ես, կարևորը՝ ես քո հետ եմ:
— Խնդրում եմ, ասա՛: 
— Որ ասեմ՝ ինչ-որ բա՞ն է փոխվելու:
— Չէ, քույր, բան չի փոխվելու, պարզապես ուզում եմ ճիշտն իմանալ:
— Ինքը մահացել է մինչ դու քնած ես եղել, նրա սիրտը կանգնել է: 
Մի պահ մարմինս փշաքաղվեց, դող անցավ մարմնովս, աչքերս լցվեցին, սկսեցի կրկին լացել, լացել ու բղավել ... Ես տենց լաց դեռ չէի ունեցել, ահավոր շատ, ահավոր ուժեղ, հիստերիկ կերպով լացում էի ու բղավում, մինչ այն պահը, երբ ուշագնաց եղա:

Արտուշ Այդինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more