▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր դարավոր «եղբայրները»

Պատմության քամին անանկ է փչեր, որ Հայաստանն ու Վրաստանը քով քովի ապրեն և քույր ու եղբայր ըլլան։
Եթէ հավատանք այն խօսքին, որ կըսէ՝ քույրն ըսավ եղբայր ունեմ, եղբայր ըսավ քույր չունեմ, ուրեմն, այս երկու երկրներէն Վրաստանն «եղբայրն» է, Հայաստանը՝ «քույրը»։ Պատմության ամբողջ ընթացքին միշտ Հայաստանն օգնության վազեր է Վրաստանին, մինչդեռ Վրաստանն ոչ միայն չի օգներ Հայաստանին, այլև հարձակեր է, կոտորեր է ու Էջմիածնի ողջ հարստությունն, ոսկին ու արծաթն առեր տարեր։ Այն Էջմիածնի, որին մահմեդական բռնապետներն անգամ երկյուղածությամբ վերաբերվեցան իրենց բամաթիվ արշավանքներու ժամանակ։
Իր ատելութենէն այսքանը Հայաստանին փայ հանեց պատմության համեմատական նախնի շրջանին։ Նոր շրջանին՝ այսինքն 1915 թվի գաղթին, երբ հայերը տաճկական սուրէն ճողոպրելով Վրաստանն ապավինեցան, վերջինս հավաքեց, բարձրացուց Բակուրյանի ձյունապատ սարը, տակէն սանդուխը քաշեց, որ մնան ու սառեն ցուրտէն ու կոտորվեն քաղցէն։
Այս բոլորը որպէս թէ բավական չէր, այսօր ալ ելեր Կարսն ու Արդահանը իրենց սեփականություն կհայտարարեն։
Գէթ իրենք ալ կտրիճ ազգ մը ըլլային՝ ջհաննամը։ «Փը՛շտ» ընես՝ կթողնեն երկիրն կփախնեն։
Թէ Ստալինն չէր ըլլա՜ր․․․ Ստալինը Վրաստանի տունը շինեց։ Ռուսաստանի գահը բարձրանալով, ռուսական հարստությունն Վրաստան փաս ըրավ։
Վրացիներ առավելություններ քիչ ունեն, բայց մերված ազգ են ու իրենց լեզուն ու ազգային հատկություններ էժանագին վաճառքի չեն հաներ հայերու նման։ Հայն դեռ կէս բառ ռուսերէն չսովորած, հայերէնն կտանի արխիվը հանձնելու։ Հայն նախ հայերէնը կմոռնա՝ նոր կսկսի ռուսերէն սովորել։ Հայի համրն ալ զերծ չէ ռուսական վտանգէն․․․
Ամէն անգամ, երբ Մոսկվայէն հրաման ըլլա հավաքել անցանկալի մարդոց, Վրաստանն մէկ կուտա, Հայաստանը՝ տասնմէկ։ Կամ հաշի՞վն ինչ է․ Հայաստանը Ստալինի հետ հաշվի՞ կնստի, վերցուր ինչքան կուզես։ 
Դարդերս շարժվեցին, թույլ տվէք քիչ մը խօսեմ։
Այն տարին, երբ Ստալինն Վրաստանին 45 միլիոն ռուբլի հատկացուց շինարարության համար, Հայաստանին ընդամէն՝ 3 միլիոն, ոչ միայն հայեր, այլև քարերը խօսեցին։ Ես ալ լսեցի։ Եվ այդ խօսքերն լսելու համար մինչև Հյուսիսային բևեռ աքսորեցին։ Կերթամ աքսոր ու կմտածեմ․ «Եթէ միայն լսելուս համար խորհրդային կառավարությունն ինձի բևեռ կաքսորէ, հապա եթէ խօսէի՞, ո՞ւր պիտի աքսորէր, չէ՞ որ բևեռէն ավելի ցուրտ կէտ գոյություն չունի երկրագնդի վրա․․․
Այդպէս են հայերը։
Սոցիալիզմի աստծուն զոհելու ժամանակ Վրաստանն «Կայենի զոհ» կմատուցէ, Հայաստանն՝ «Աբելի»։
Հայաստանն արժէքավոր մարդ կպահէ ուրիշին զոհելու համար։
----------
Հետաքրքիր հարց մը։
Ապիս ցուլը եգիպտացոց կողմէ պաշտված ժամանակ արդյոք ձեռքի տակով, գաղտնի, իր ցեղակից ցուլերուն ալ օգտակար կըլլա՞ր, թէ՞ միայն մարդոց հոգիներուն հոգ կտանէր։
Կարելի՞ է ենթադրել դրություն մը, որ ցուլ մը մարդկային ցեղին արքայություն տանի՝ իր ցեղակիցներուն թողնէ դժոխք։
Եթէ այդ ցուլն ազգով հայ ըլլար՝ կհավատայի․ հայը հային օգտակար չի ըլլար։ Միկոյան մը ունենք Մոսկվա, արտաքին առևտրի մինիստր, հայ ազգին վարտիք մը չհագցուց, իսկ Ստալինն ու Բերիան Վրաստանին վարտիք վարտիքի վրա կհագցունեն։
Լեռ Կամսար, 1947թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more