▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենթերի հայցն ու դատերի կասկադը ստից բան է հանրային աչքի ու դատի համեմատ

SOS-13

Մի պահ ինձ թվաց, թե ես պարտավոր եմ կարծիք չհայտնել SOS-12-ի մասին, որովհետեւ հեղինակներից մեկը որդիս է, ինձնից ոչ պակաս տարօրինակ, կամ ավելի ճիշտ՝ արտասովոր: Այդ մարդու հետ ես երեւի ծնված օրվանից կռիվ եմ անում աշխարհընկալման շուրջ, վիճել ենք թուրքերի մոր մասին, վիճել ենք գեյերին ու լեսբիներին վառելու մասին, վիճել ենք խնդիր լուծելու մորթելական եղանակների մասին, չեմ համոզել, որ իմ պատկերացումներն իր ունեցածից ավելի որակյալ են, կամ ինձ թվում է, թե չեմ համոզել, իմ կարծիքով ինքն իր գաղափարները չի համոզել ինձ, իր կարծիքով՝ ես էլ իրեն բան չեմ համոզել, բայց, երեւի, այդպես է բոլորի հետ, երեւի ոչ ոք չի նկատում՝ ինքն ինչպես է փոխվում:

Ես Հայկի ձեռը բռնած չկամ, անգամ փողոց անցնելիս, անգամ երկու տարեկան ժամանակ: Այդ մարդը սովոր է, որ ինքն է իր տերը, ազատ է, ու ինքն է պատասխան տալիս իր արածների համար ու ինքն է տանում դափնիները: Ես ազատ եմ դաստիարակել իրեն ու ինքը սովոր է դրան: Պարբերաբար խորհուրդ է հարցնում ու անում այնպես, ինչպես կկամենա, համարյա ՀՀ իշխանությունների պես, այն տարբերությամբ, որ սրանք երբեք իմ ասածով չեն անում, Հայկը երբեմն անում է:

SOS-12-ի լավուվատի ղալամաղալը կարդացի՝ ինչքան գտա: Ինչպես կվարվեի ես, թե իմ սցենարը լիներ, «հիվանդ» եւ «հիվանդություն» բառերը երբեք չէի օգտագործի, ոչ թե այն պատճառով, որ սքողեի այս կամ այն պաշտոնյայի կամ քաղաքական գործչի վարքի/խոսքի հարանմանությունը այս կամ այն հիվանդության ախտանիշին, այլ այն պատճառով, որ բազմաթիվ հարգելի մարդիկ ու բազմաթիվ իսկական եւ ժամանակավոր իրավապաշտպաններ անպայման այդ հաղորդման մեջ որոշ փոքրամասնություններին՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին, վիրավորելու հանգամանքներ էին նկատելու հատկապես «հիվանդ» եւ «հիվանդություն» բառերի առկայության պատճառով, եւ ոչ թե՝ ախտանիշների երեւակման: Դրանք տարբեր բաներ են, պատահական, կամ դիտավորյալ չարժե դրանք նույնացնել: Կարծում եմ ու առաջին անգամ եմ գրում այդ մասին, որ վիրավորանք չգտա հաղորդման մեջ, այն իմաստով, ինչ իմաստով քննադատվեց հաղորդումը: Կար այլ մակարդակի վիրավորանք, քաղաքական, եթե կարելի է այդպես ասել, իսկապես կարծում եմ՝ չարժեր, որ այդ խայտառակ քաղաքական գործիչների վարքի դրվագներով բացվեին ախտանիշերը, ինչ պիտի մտածեն մարդիկ այդ հիվանդությունները կրող անշառ մարդկանց մասին, մտածեին, որ նրանք «ազգի երեւելիների» պե՞ս են...: Բայց ակնհայտորեն սա գեբելսական ֆաշիզմի պրոպագանդա չէր, սա ոչ մի կերպ չէր նվաստացնում այդ հիվանդությունները կրողներին: Կարող է սխալվում եմ, ցույց տվեք անսխալ մարդու, կգնամ խորհրդի:

Հետո մի պահ պատկերացրի, որ ինչ կլիներ, որ շատ լուրջ հոգեբանների, որոնք չեն ճանաչում մեր վերջին 20 տարվա քաղաքական հերոսներին, պատվիրվեր կամ պատվիրվի՝ այդ տեսագրությունների հիման վրա հոգեբանական նկարագրեր տալ երեւելիներն: Ու, եթե տային ու նկատեին ինչ-ինչ ախտանիշներ, զեկույցներում ու եզրակացություններում եղած տերմինաբանությունը, հիմք էր լինելու՞, որ այդ հոգեբաններին քննադատեինք հիվանդներին վերացական վիրավորելո համար, ինչ իրավունքով: Այստեղ իհարկե բժշկական եւ անձնական գաղտնիքի հանգամանք կլիներ՝ հետազոտության մանրամասները անձնավոևրած չհրապարակելու մասով, բայց ազգի հերոսների հանրային լինելու հանգամանքը կկտրեր այդ գաղտնապահության հրամայականը. չի կարող չէ՞ ֆոբիաներով ու պաթոլոգիաներով երկիր կառավարել, թե՞ հենց իշխանություն են դառնում՝ ամեն ինչով կարելի է կառավարել արդեն: Եթե իմ վարքում մեկը X խմբին հատուկ բան նկատի ու ասի, որ նման էր, պիտի վիրավորվե՞մ, թե՞ պիտի X խումբը վիրավորվի, որ ինձ իրենց են նմանեցրել: Բա որ իսկապե՞ս նման լինենք, կամ պարզվի՝ նույն խմբից ենք: Բացառե՞նք կասկածի իրավունքը, իսկ կասկած հայտնելու իրավունքը՞, ով որոշի՝ բացառենք, թե՞ չբացառենք: Գուցե կան բաներ, որ հոգեբաններին կամ ոլորտի պրոֆեսիոնալներին կարելի է, եւ չի կարելի է 20-26 տարեկան ջահելների՞ն, ճշմարտությունը շատ թույլ չի՞ ստացվում: Իսկ հայտնի՞ է, արդյո՞ք հոգեբան է մասնակցել այդ հաղորդման տեքստի կազմմանը, կամ գուցե բժի՞շկ է գրողը: Իսկ չի կարո՞ղ հոգեբանը 25 տարեկան ջահել լինել:

Հասկանալի է, որ այս հաղորդաշարը ոչ մի շանս չունի հայկական հեռուստաեթերում հայտնվելու, ոչ թե այն պատճառով, որ հանրային վեճի առարկա դարձավ, այլ, որ ազգի «մեծերը» զոմբած հանրության աչքում ակնթարթորեն տեղաշարժվելու էին անհայտ ուղղությամբ՝ անհայտ հետեւանքներով...: Այս շարքը հեռուստաեթեր չի ելնելու, քանի դեռ իշխանություն զավթածների լեգեոներները վիշապի պես նստած են հեռուստնկերությունների սեփականատերերի դռների առաջ եւ՝ վիրուսի պես՝ ուղեղներում, ու, երբ նստած չլինեն, էս հաղորդաշարը արդեն կարիք չի ունենա լինելու հեռուստաեթերում: Զվարճալի է չէ՞: Տերերը վաղուց համոզել են իրենք իրենց, որ ճիշտը Բաղրամյան 26-ն է, անգամ, եթե այդ շենքում մարդ չլինի, անգամ եթե լինի ու հաղորդման միջի բոլոր ախտանիշներից ունենա: Այս հանգամանքը, ամբողջությամբ հասկացված է հեղինակների կողմից, եւ այդով գրեթե բոլորովին չի քորում նրանց: ՀՀ կառավարությանն առընթեր ամբողջ ոստիկանության փոխարեն անձնապես վիրավորված (!) զվարճալի եռյակի հայցը վառ կերպով ցույց է տալիս, թե հատկապես ով չի քնում էս հաղորդումներից, ու լինելու են բազմաթիվ նման հարձակումներ, կարող են եւ ֆիզիկական հարձակումներ էլ լինել, հեղինակները դա էլ գիտեն, ու շատ լավ պատկերացնում են լինելիք բոլոր սցենարները: Հայցն ստանալուց հետո միայն առաջին 20 րոպեին են սրանք մտածել, մեր սերունդը 2-3 օր է մտածում՝ ինչ անել, սրանք 20 րոպեում որոշեցին ինչ անել ու անելու են, հայտարարում են անելիքի չնչին մասը միայն:

Այդ հաղորդման հեղինակները նոր սերունդ է, շատ էներգետիկ են, այնպես խեղճ չեն, ինչպես կարող է թվալ ասենք իրենց դատի տված զվարճալի եռյակին կամ դրանց շեֆին, այս հաղորդաշարի հեղինակները, ինչքան հասկանում եմ, այնպիսի խելագար մղումներ ունեն, որ հայկական հեռուստաինդուստրիայում դժվարանում եմ համեմատել որեւէ մեկի մղումների հետ կամ հիշել այդպիսին, (խելագար բառը դիտավորություն չունի որեւէ մեկի դեմ), սրանք պատվեր չեն անում, սրանք չեն վճարվում, սրանք չեն հովանավորվում, իրենց անձնական տեխնիկայով, իրենց ժամանակով ու ինձնից ցրած տախտակներով դեկորացված տաղավարում են մոգոնում իրենցը, սրանք որեւէ մեկի, անգամ իմ դրվատանքի ու քաղցր խոսքի կարիքը չունեն, ինձնից երկու անգամ են խորհուրդ հարցրել, բավականաչափ խորամանկ են իրենց տարիքի վրա, փաթթած ունենալով մենթերի երեք մլնանոց հայցը՝ պատրաստ են մուծվել, եթե դատավորը մենթական լինի, պատրաստ են ամեն օր ասել իրենց մտածածը, պատրաստ են հաղթել այդ գործը ու կրող են, բայց ... ազդվել էին SOS-12-ի այդ հաղորդումից հետո իրենց հասած քննադատություններից ու որոշեցին մեղայականով հանդես գալ: Կարգին մարդկանց համար բնական է:

Չնայեցի մեղայականը, կարդացի բոլոր մեկնաբանությունները բոլոր ուղղություններով, տեսա, որ մարդիկ եղան, ովքեր ասացին, թե շատ հարգեցին նրանց այդ մեղայականից հետո, մարդիկ եղան, որ ասացին, թե սրանք խուրդա են, զի «ներողություն» են ասում: Ես անուղղելի բացառիկներից եմ, ով իր հասցեին քֆուրները խոսքի ազատությունից բխած իրավունք է համարում, ով իր որդուն ու ընկերներին ուղղված բացարձակ բոլոր մեղադրանքներն ու վիրավորանքները էլի ազատ արտահայտման դրսեւորում է համարում: Գիտեմ, որ միայն էս տեսակ վեճերում են գաղափարները կոփվում ու դառնում ավելի արդար եւ իսկապես ճշմարիտ, ու շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանքեր ներդրեցին այդ հաղորդաշարը ավելի արդար դարձնելու համար, կռահեցի՞ն, որ այդ էլ արեցին, թե՞՝ չկռահեցին: Ես չեմ ասում՝ լավը, չեմ ասում՝ որակով, չեմ ասում՝ հետաքրքիր, խելացի կամ իմաստուն, ես ասում եմ արդար:

Հիմա ստացվեց այնպես, որ վիրտուալ հավաքական արտադրական խորհուրդ ստեղծվեց, հավաքական ինտելեկտ, եթե կուզեք՝ քյարթերից սկսած, բարձր ինտելեկտուալներով վերջացրած, հեղինակները, իմ նկատելով, շատ հետաքրքրված էին հանրային կարծիքով, որովհետեւ բարձր վարկանիշով են հետաքրքրված, թե ինչ են անելու այդ բարձր վարկանիշը՝ առայժմ չգիտեմ, Ֆրեյդը ողջ լիներ՝ հարցնեինք, ինտերնետում դրա վրա գովազդ ծախելը մաղով ջուր կրելուց ծանր գործ է: ... Մենթերի հայցն ու դատերի կասկադը ստից բան է հանրային աչքի ու դատի համեմատ: Այս ջահելները իմ պաշտպանության կարիքը չունեն, սրանք բոլորիս պաշտպանության կարիքն ունեն, ինչքան թունդ դատեք, այնքան զիլ է լինելու:

Հարգանքներով:

 

Լևոն Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more