ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ
ԿԱՄ
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒ՞Մ ԷՐ ՊԵՏՔ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼԸ
Նորանկախ Հայաստանում Հանրային ռադիոն այն միակ կղզին էր, որտեղ չէին բնաջնջվել հին ու բարի ավանդույթները: Հոգ էր տարվում ձայնային ֆոնդի պահպանման ուղղությամբ և որդեգրված էր ռադիոլսողին բացառապես ազգային արժեհամակարգով դաստիարակելու շնորհակալ ճանապարհ:
Ռադիոյի ոչ փոքր աշխատակազմում, որքան տեղեկացված եմ այնտեղ աշխատող իմ մեկ տասնյակից ավելի կոլեգաներից, տիրում էր բարի, տաքուկ ու խաղաղ աշխատանքային մթնոլորտ: Եվ այս խաղաղ ու տաքուկ մթնոլորտում էին ապրում ու հարատևում մեր մեծերի ձայները՝ խոսքը, երգը, ասմունքն ու ռադիոթատրոնը: Աշխատակիցները սիրում էին իրենց ղեկավարին, ղեկավարն՝ իրենց:
Ուրեմն ու՞մ էր պետք Արմեն Ամիրյանի հեռանալը, և ի՞նչ կարգ ու դրվածք իր հետ կբերի այն նորեկը, որ պիտի բազմի լավագույն մտավորականի աթոռին:
Առաջինը, որ կարելի է ենթադրել՝ կհաստատվեն նոր խաղի կանոններ, կրկնում եմ՝ ոչ թե ԽԱՂԻ ՆՈՐ, այլ ՆՈՐ ԽԱՂԻ կանոններ, որովհետև մինչ այժմ խաղ չկար, այլ կար զուսպ ու օգտակար աշխատանք: Բայց նման օազիսի գոյությունը այսօրվա մեր հասարակության մեջ կարող էր վտանգել մնացյալ արնախումների ՙզարգացման՚ հեռանկարը:
Հասկանանք, որ որևէ այլընտրանքի առկայությունը՝ ընտրության հնարավորություն է մեր լլկված հայրենակիցների համար: Ինչն անշուշտ պետք էր բացառել: Եվ բացառվեց:
Իսկ ամենակարևորը՝ վերջում:
Բոլորիս է հայտնի, որ 80-ամյա Հանրային ռադիոյի արխիվը բացառիկ ազգային արժեք է: Ովքե՞ր պիտի տնօրինեն և ինչպե՞ս պիտի ՙվերաարխիվացվեն՚ մեր մեծերի գործերը, ձայները: Այնպես, ինչպես Հանրային հեռուստաընկերության տնօրինության տակ գտնվող ՙՀայֆիլմի՚ և ՙԵրևան ֆիլմի՚ ֆիլմե՞րը: Չմոռանանք, որ բոլոր հայկական լավագույն ֆիլմերն էլ թվայնացվելով՝ էականորեն հեռացան բնօրինակների արժեքից, արժեզրկվեցին:
Այսօր հեռացավ հնից ու նորից հասկացող, հինն ու նորը լավագույնս համադրող վերջին մոհիկանը՝ իր հետ տանելով ՄԵՐԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆԸ պահպանելու մեր հավատամքը, որ անմիջականորեն շաղկապված էր Արմեն Ամիրյան անվան հետ:
Եվ համահարթեցման ու մեղմ ասած՝ ոչ բարոյական այս մթնոլորտում ՄԵՐ ՌԱԴԻՈՅԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՖՈՆԴԸ պահպանելու հավանականությունն այսօրվանից դառնում է ճիշտ այնքան, որքան զույգ քույրերի ձեռքով Մշո ճառընտիրի փրկությունը 1915թ.-ին:
Հ.Գ. Անպայման ուզում եմ նշել, որ Արմեն Ամիրյանի հետ ազգակցական, բարեկամական և հարևանական որևէ կապ չունեմ և ոչ մի օր չեմ աշխատել Հանրային ռադիոյում: