Armlur.am-ը գրում է.
Սեպտեմբերի 27-ին ՀՀ մշակույթի ամենաերկարակյաց նախարարը` Հասմիկ Պողոսյանը, լքեց պաշտոնը: Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արմեն Ամիրյանին այդ պաշտոնում նշանակելու մասին: Այս անգամ տիկին Պողոսյանին չփրկեց ո´չ ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանի հետ սերտ հարաբերությունները, ո´չ էլ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հովանավորչությունը:
Հիմա, երբ արդեն նոր նախարար ունենք, արժի հետադարձ հայացք նետել եւ վերհիշել` ինչ անդառնալի սխալներ թույլ տրվեցին տիկին Պողոսյանի օրոք, մշակութային ի՞նչ խնդիրներ մնացին չլուծված, եւ մշակույթի որ ոլորտներն ու ենթաոլորոտներն ունեն հոգածության կարիք:
Հուշարձանների (չ)պահպանություն
Բացի այն, որ ամեն տարի հուշարձանների պահպանության գործի համար չնչին մի գումար է հատկացվել, դեռեւս պարզ չէ` այն իր նպատակին ծառայել է, թե ոչ: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ են Հ. Պողոսյանի օրոք անուշադրության մատնված կամ անհաջող վերականգնված հուշարձանների պատմությունները: Շուրջ 7 տարի մշակույթի նախարարության` վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում ներառված լինելուց հետո, օրինակ, Գառնու պատմական կամուրջը «վերականգնվեց», կամ, ինչպես ոլորտի մասնագետներն են նշում, միջնադարյան կամուրջի պատմական հետքերը սրբվեցին եւ այն ենթարկվեց «եվրոռեմոնտի»` վերածվելով ժամանակակից կոմունիկացիայի: Նշենք, որ կամրջի վերականգնման համար միայն 2006 եւ 2010թթ. պետբյուջեից տրամադրվել էր 1 մլն, ապա 6 մլն 280 հազար դրամ:
Մի շարք կոպտագույն խախտումներ էին հայտնաբերվել Քոբայրավանքի եւ Հնեավանքի վերականգնողական աշխատանքների հետ կապված: Վերահսկիչ պալատը դեռեւս 2007-2008 թթ. ստուգումների ընթացքում բացահայտել էր, որ 321 միլիոն դրամ էր հատկացվել այն ընկերությանը, որը պետք է զբաղվեր վանական համալիրների վերականգնողական աշխատանքներով, սակայն արդյունքում ի հայտ էր եկել 57 միլիոն դրամի փաստաթղթերով ուղղակի չհիմնավորված ծախս, կատարված աշխատանքն էլ անարդյունավետ էր գնահատվել:
Նախկին նախարարի օրոք էր, որ մեծ աղմուկ բարձրացավ Օձունի եկեղեցու շուրջ: 2015-ին մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը դադարեցրեց Օձունի եկեղեցու վերանորոգման ֆինանսավորումը: Մամուլն անդրադարձավ Սբ. Հովհաննես տաճարի վերականգնման աշխատանքների հետ կապված մութ պատմություններին, իսկ եկեղեցու վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանն էլ հանդես եկավ նախագծով նախատեսված, սակայն չիրականացված աշխատանքների մասին հրապարակումներով:
Ինչպես նշեցինք՝ հուշարձանների պահպանության համար նախատեսված բյուջեն բավական աղքատիկ է, եւ չնայած այս հանգամանքին, Հասմիկ Պողոսյանը երբեմն ոչ ողջամիտ գումարներ էր դուրս գրում այնպիսի նախաձեռնությունների համար, որոնց կարիքը բնավ էլ չկար: Տարիներ առաջ, օրինակ, Կապանի Հալիձորի բերդից քիչ ներքեւ նորոգվել էր զուգարանը, որի համար ծախսվել էր ոչ ավել, ոչ պակաս 8 միլիոն դրամ:
Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում