«Նոյեմբերը տեղումնառատ է լինում: Դրանք ավելի շատ կդիտվեն ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում: Առաջին տասնօրյակում Հանրապետությունում կգերակշռի պարզ, առանց տեղումների եղանակը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ այսօր և վաղը կպահպանվի անկայուն եղանակը.
«Հանրապետությունը դեռևս գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, իսկ տեղումները կշարունակվեն: Մյուս մարզերում կդիտվի փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:
Նոյեմբերի մեկին Հանրապետությանը մոտենում է հերթական ցուրտ ճակատը և 1-2-ը ակնկալվում է օդի ջերմաստիճանի անկում՝ 5-7 աստիճանով: Այսօր երեկոյան ժամերին հիմնականում լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռներում և Արցախում տեղումները ձյան տեսքով կլինեն: Նոյեմբերի 2-ից ցիկլոնը կհեռանա Հանրապետության տարածքից և տեղումներն ամենուրեք կդադարեն»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի փոխանցմամբ՝ նոյմբերի 4-7-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:
«Այս տարվա նոյեմբերին օդի ամսական ջերամաստիճանը կանխատեսվում է 1 աստիճանով ցածր, իսկ տեղումները նորմայից ավել կլինեն:
Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը կբարձրանա +7 աստիճանով: Երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը -15ից -18-ով կիջնի:
Լոռու մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա +12, +15 աստիճան, գիշերը՝ -8, -13 աստճան կլինի: Տավուշում օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-18-ով, երկրորդ և երրորդ տասնօրյակում -2, -7: Սյունիքի մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա +14, +17, գիշերը՝ -3.-6: Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում ամսվա առաջին օրերին օդի ջերմաստիճանը +15 կլինի, երկրորդ տասնօրյակում -5-ից -7 աստիճան ցուրտ է սպասվում:
Երևանում ամսվա առաջին օրերին ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում ՝ 12-14 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերվա ժամերին սպասվում է -5-ից -7 աստիճան ցուրտ»:
Գագիկ Սուրենյանը նկատում է ՝ 2015 թվականը օդերևութաբանության առումով ռեկորդային տարի էր.
«Ունեցանք 3 ռեկորդ 2015 թվականի ձմեռը, որը դասվեց ամենատաք ձմեռների շարքին, ամառը՝ շարունակ շոգ ունեցող ամառների շարքին, իսկ այս տարվա հոկտեմբերը համարվեց ամենախոնավը: Տեղումները եղել են եռապատիկ: Ամենաշատը դիտվել են Արարատյան դաշտում և Երևանում: Երևանում հոկտեմբեր ամսվա նորման 30 միլիմետր է, բայց այսօրվա դրությամբ մայրաքաղաքում տեղացել է 115 միլիմետր անձրև, որը նորման գերազանցել է 3.5 անգամ: Առաջին ռեկորդը գրանցվել է 1986 թվականին՝ Երևանում և կազմել է 94 միլիմետր»:
Անի Կարապետյան