▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ի ամբողջ աշխատակազմը անիծում էր Նիկոլի գոյությունը․․․

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ պայմաններում են մարդիկ աշխատում Հ1-ում ու իշխանության ինչպիսի ճնշումների տակ են Նիկոլի քարոզչություն անում, իմ աչքի տեսածից պատմեմ։

2020-ի օգոստոսի 1-ին ինձ Հ1 հրավիրեցին աշխատանքի' որպես տարածաշրջանային քաղաքական բաժնի լրագրող - մեկնաբան։ Կարճ ժամանակ անց սկսվեց պատերազմը, և ես կամավոր մեկնեցի Արցախ։ Հաջորդ օրը զանգեց Պետրոս Ղազարյանը, թե ՊՆ -ում ասի, ինձ հետ ուղարկեն։ Գնացել եմ Արցախ ի՞նչ անեմ։ Ճանաչելով Պետրոսին' իմաստ չգտա նրան բացատրել, թե պատերազմի ժամանակ Արցախում ինչ պետք է անեի։

Հետո երբ արդեն Երևանում էի, պատերազմից հետո Հ1-ի ամբողջ աշխատակազմը անիծում էր Նիկոլի գոյությունը, մարդիկ հոգեպես տանջվում էին Արցախի նկատմամբ այդպիսի դավաճանության համար, և Պետրոսն այն քիչ մարդկանցից էր, որը պաշտպանում էր Նիկոլին' համարելով, որ մենք իրականում շահած ենք դուրս եկել պատերազմից։ Մարդիկ, իհարկե, լուրջ չէին վերաբերվում Պետոյին։

Հ1-ի աշխատակազմում կային մարդիկ, որոնք ոչ միայն ներսում, այլև հրապարակային կերպով էին քննադատում Նիկոլի կառավարությանը։ Առանձնապես աչքի էին ընկնում Հայկ Նավասարդյանը, Վարդան Վարդանյանը, ես ու էլի մի քանի հոգի։

Պետրոսը փորձում էր հոգեբանական ճնշում գործադրել, բայց դե ներսում ոչ ոք նրան լուրջ չէր ընդունում։

Դեկտեմբերի սկզբին մեզ կանչեցին գործադիր տնօրեն Հովհաննեսի մոտ, թե ԱԱԾ -ից են եկել։ Գնացինք, այնտեղ նստած էր մի երիտասարդ տղա' նոթատետրը ձեռքին։ Շատ հարգալից տոնով մեզ սկսեց բացատրել, որ պետական աշխատողները իրավունք չունեն այլ կարծիք ունենալու, քան կառավարության կարծիքն է, հետևաբար մենք պետք է դադարեցնենք Ֆեյսբուքում կամ այլ տեղերում Նիկոլին քննադատել։

Մենք, իհարկե, տվեցինք համարժեք պատասխան այն մասին, որ դա աշխատողի իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ բռնություն է գործադրվում մարդու կարծիքի իրավունքի վրա։ ԱԱԾ ներկայացուցիչը գրանցեց ու գնաց։

Մի քանի օր հետո ինձ իր մոտ կանչեց Հ1-ի լուրերի խմբագիր մի զարհուրելի տիկին և ծխախոտը բերանին' սկսեց բացատրել, որ Նիկոլը սրբություն է, որին քննադատելը մեղք է։ Գիտեի, որ այդ առերևույթ տիկինը Աննա Հակոբյանի ընկերուհին է, բայց ամեն դեպքում հարցրի' իսկ Ձեր ասած սրբությանը հո հնդկական սուրբ կովի օրենքով չե՞ք վերաբերվում։ Նկատի ունեի այն իրականությունը, որ Հնդկաստանում կովերին են սրբորեն վերաբերվում և արգելվում է նրանց նույնիսկ վախեցնել։ Խմբագիր տիկինը փրփրաց ու սկսեց ինձ մեղադրել, թե ես իրենց Նիկոլին կով եմ անվանել։ Ժպտացի և դուրս եկա։

Հետո իմացա, որ ավելի ուշ աշխատանքային հարաբերությունների ընթացքում ծաղկաման է շպրտել իր գործընկերներից մեկի' Տաթևի վրա։ Ինչևէ, իրենց գործն է։

Դեկտեմբերի կեսին կրկին կանչեցին տնօրեն Հովհաննեսի աշխատասենյակ, թե ԱԱԾ -ից էլի եկել են։ Այս անգամ ԱԱԾ ներկայացուցիչը ավելի կտրուկ տոնով ասաց, որ մեզ արգելվում է սեփական կարծիք ունենալ, եթե պետական աշխատող ենք, առավել ևս' հանրային կերպարներ, եթերում հայտնվող մարդիկ։ Այդ ժամանակ Վարդանի վարքագծից արդեն հասկացա, որ տեղի է տվել, գուցե ենթարկվել է ճնշումներին։ Հայկը և ես պնդեցինք մեր դիրքորոշումը։

Դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում տեղի ունեցած զարհուրելի դեպքից հետո, երբ Նիկոլի ոհմակը քայլում էր մեր զոհված տղաների թարմ շիրիմների վրայով, ոտնատակ տալիս մեր հերոսների նոր թաղված աճյունները և գոռում' «Նիկոլ, վարչապետ», ու այդ ամենը հերոսական լույսի ներքո ներկայացվեց հեռուստատեսությամբ, ինձ այլևս բան չէր մնում անելու, քան դադարեցնել պայմանագիրս Հ1-ի հետ։

Գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը թեպետ Նիկոլին չէր պաշտում, բայց փորձեց համոզել, որ մնամ, գուցե զբաղվեմ փաստագրական ֆիլմերի նկարահանմամբ կամ վերլուծություն անեմ Ադրբեջանի ու Թուրքիայի մասին' առաջարկելով 750-ից ավելի աշխատավարձ, բայց ես ուղղակի հեռացա' լավ հասկանալով, որ վաճառել չեմ կարող իմ հայրենիքն ու իմ խիղճը։

Հետագա ամիսներին շատ ծանր սոցիալական դժվարությունների միջով անցա, չէի կարողանում անգամ երեխաներիս սննդի հարցը լուծել, բայց հրաժարվում էի ընդունել Հ1 վերադառնալու հրավերները' հասկանալով, որ իմ ազգային սկզբունքները ավելի կարևոր են, քան մեծ փողերը։

Կինս կանգնեց կողքիս, ու մենք հաղթահարեցինք այդ անասելի ծանր շրջանը։ Մենք մնացինք բացճակատ ու հայ, հայրենիքի նվիրյալ։

Ինձնից հետո էլի մարդիկ հեռացան Հ1-ից։ Հայկ Նավասարդյանը գնաց, ուրիշ որակյալ կադրեր էլ լքեցին հեռուստատեսությունը, բայց շատերը մնացին և ընդունեցին Նիկոլին քարոզելու կանոնները։ Ես չեմ մեղադրում մնացողներին։ Նրանցից ոմանց հետ մինչև հիմա էլ կապը պահում եմ։ Ոչինչ չի փոխվել Հ1-ում։ Նույն բռնապետական և պարզունակ քարոզչության իրավիճակն է։ Շատերը հիմա էլ չեն ընդունում Նիկոլին, բայց գերադասում են լռել ու իրենց հանձնարարված թուրքական քարոզչության գործն անել, որի անունը դրել են «ինքնիշխանություն»։ Իրենց գործն է։ Բոլորը չէ, որ կարող են դիմանալ քաղաքական, հոգեբանական, ֆինանսական, սոցիալական դժվարություններին ու հաղթահարել դրանք' պահելով դեմքը։ Ոմանք ենթարկվում են պարտադրված կանոններին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more