Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Արսինե Նավասարդյանը, ով տարիներ առաջ հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Հարևաններ» սերիալի միջոցով և տպավորվեց որպես ուժեղ, ինքնավստահ և կոլորիտային կին: Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց նոր հոբիի, թատրոնից հեռանալու և ընտանիքի մասին
-Տիկին Արսինե, ինչո՞վ եք այս շրջանում զբաղված:
-Այս պահին Հայաստանում ոչ մի տեղ չեմ նկարահանվում, դրսից հրավերներ ունեմ, որոնք ընդունել-չընդունելու հարցերը դեռ քննարկվում են, իսկ մեր երկրում նկարահանվելու համար հիմա մի փոքր այլ սկզբունքներ են կիրառվում, որի պատճառով ես չեմ համաձայնվում:
-Հնարավո՞ր է, որ արտերկրի հրավերները ընդունելով՝ հեռանաք Հայաստանից և դրսում բնակություն հաստատեք:
-Ոչ, անգամ այսքան բանից հետո ես դեռ Հայաստանից չեմ հրաժարվում, որովհետև իսկապես սիրում եմ: Հայրենիքս նկատմամբ սերս արտահայտելու համար ամպագոռգոռ բառեր չեմ օգտագործում, ես պարզապես սիրում եմ իմ երկիրն ու վերջ: Եթե մեր երկրում տնտեսական վիճակը լավ լիներ Հայաստանը իսկապես եդեմական երկիր կլիներ բոլորիս համար:
-Նկատել եմ, որ նոր աշխատանք կամ հոբի եք Ձեզ համար գտել, խոսքը գեղանկարչության մասին է:
-Արդեն յոթ ամիս է՝ ինձ գտել եմ գեղանկարչության մեջ: Խելագարվել եմ պարզապես: Վաստակավոր նկարիչ ընկերներ ունեմ, մի օր իրենց շրջապատում կատակելով ասացի, թե ես էլ եմ սկսելու նկարել, ուղիղ մի քանի օր անց ընկերներիցս մեկը նկարչական բոլոր պարագաները վերցրած եկավ ու ասաց՝ նկարի, ես էլ, կյանքում անգամ մի ծաղիկի չնկարած, վերցրեցի վրձինն ու սկսեցի նկարել. արդեն որերորդ նկարն եմ նկարում, անգամ պատվերներ եմ ստանում: Գուցե սա ի վերուստ էր տրված ինձ, չգիտեմ: Նկարելիս սով չեմ զգում, կորցնում եմ ժամանակի զգացողությունը, սա իսկապես ուրիշ աշխարհ է:
-Տիկին Նավասարդյան թատրոնում չե՞ք խաղում:
-Ես դուրս եմ եկել թատրոնից: Դրա համար իմ պատճառներն ունեի:
-Իսկ բեմից ինքնաարտահայտվելու պահանջ չե՞ք զգում:
-Իհարկե, ունեմ այդ պահանջը, առանց դրա անհնար է, բայց ես մի փոքր աննորմալ երևույթ եմ, մի փոքր ստանդարտներից դուրս, մտածելակերպս ուրիշ է, դրա համար ավելի լավ է հեռու լինեմ:
-Կարոտում ե՞ք:
-Շատ, անգամ կուլիսների հոտն եմ կարոտում:
-Ձեզ հեռուստաէկրաններին կարծես չենք տեսնում, առաջարկներ չկա՞ն, թե դուք եք դրանք մերժում:
-Երկու անգամ առաջարկ ունեցել եմ, հիմա սպասում եմ լավ առաջարկների:
-Տարիներ առաջ, երբ էկրաններ եկավ «Հարևաններ» հեռուստասերիալը, մի տեսակ ուրիշ վերաբերմունք կար դերասանների նկատմամբ, նաև դերասանների մեջ էլ ոգևորություն կար, այսօր անգամ նախագծերում զբաղված դերասանները, ասես, հիասթափությամբ են խոսում: Ըստ Ձեզ, ինչո՞ւ:
-«Հարևանները» հրաշալի էր ֆինանսավորվում, այն ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերությունը սերիալում զբաղված դերասանների նկատմամբ մեծ ակնածանք ուներ, ապահովում էր իսկական այսպես ասած «աստղային կյանք» դերասանների համար՝ սկսած գրիմանոցից, բուֆետից կար դասակարգում վաստակաշատ դերասանների նկատմամբ, երբ մենք մտնում էինք մի սենյակ, որտեղ կարող էին գտնվել նույն Հայկոն, Մկոն, Արտյոմը, Արմենը և այլք, նրանք ոտքի էին կանգնում, քանի որ հարգում էին հին դպրոցը՝մեզ, դա իսկապես մեծ բան է: Բացի այդ, «Հարևաններ»-ում կար մեր ազգային ժողովրդական իսկական համուհոտը, ինչի շնորհիվ այն չի մոռացվում մինչ օրս: Մի անգամ Տերյան փողոցում ինձ մի կին մոտեցավ ու ասաց՝ տիկին Արսինե, «Հարևաններ»-ի շնորհիվ մենք վերսկսեցինք հարևանություն: Հավատացեք, նման երևույթները մեզ համար մեծ նշանակություն ունեին: Մեզ, իսկապես, շատ էին հարգում, մենք դրսում ուղղակի քայլել չէինք կարող, մարդիկ պարզապես չէին թողնում քայլել, բոլորը մոտենում և ցանկանում էին շփվել: Ես շատ գիգանտ ընկերներ եմ ունեցել, բայց երբեք իմ հարգանքը չեմ կորցրել նրանց նկատմամբ, ես ոտքի եմ կանգնել, երբ Կարեն Ջանիբեկյանին եմ տեսել, թեպետ շատ մտերիմ էինք իրար հետ, անգամ Ջուլիետա Ստեփանյանի նկատմամբ, ով իմ մտերիմ ընկերուհին է, ես խիստ ակնածանք եմ զգում որպես դերասանուհի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում