▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում նոր մահացած ամուսնուն, հորն ու եղբորը հիշելու փոխարեն կռվել են, թե ում բաժին կհասնի մահացածի Iphone-ը

1in.am-ը գորւմ է, որ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գառնիկ Յ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

52-ամյա Գառնիկը մեղադրվել է իր հանգուցյալ եղբոր կնոջը ծեծելու, նրան թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 1-ին տուժող Լիլիա Վ.-ն իր երկու երեխաների՝ 8 տարեկան դստեր և 7 տարեկան որդու հետ գնացել է հանգուցյալ ամուսնու հայրական տուն՝ ամուսնու մայրիկին տեսնելու, Նոր տարին շնորհավորելու: Տանը գտնվել են ամուսնու եղբայր Գառնիկը, նրա կինը, որդին և ամուսնու ընկեր Թովմասը: Ամուսնու մայրը այլ սենյակում է եղել: Սեղանի շուրջ նստած ժամանակ տուժողի յոթամյա որդին հորեղբայր Գառնիկից ուզել է իր հայրիկի «Այֆոն-4»-ը: Գառնիկն ասել է, թե հեռախոսը վաճառել է՝ եղբոր հուղարկավորության ծախսերն անելու համար: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ վիճաբանություն է ծագել Գառնիկի և տուժողի ու նրա երեխաների միջև: Գառնիկը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել տուժող Լիլիայի մարմնի տարբեր մասերին, պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ աջ նախաբազկի, աջ դաստակի շրջանների քերծվածքներ, ձախ սրունքի շրջանի արյունազեղում:

Նախաքննության ընթացքում ու դատարանում ամբաստանյալ Գառնիկ Յ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա դատարանում հայտնել է, թե 2015 թվականի հունվարի 1-ին իրենց տանը նշել են իր հանգուցյալ եղբոր առաջին Նոր տարին: Իրենց տանն են եղել նաև եղբոր կին Լիլիան ու եղբոր երկու երեխաները: Եղբոր յոթ տարեկան տղան իրենից պահանջել է հոր «Այֆոնը»: Ինքը բացատրել է, որ հեռախոսը վաճառել ու հոգացել է հուղարկավորության ծախսերը: Խոսակցությանը միջամտել է եղբոր կինը: Նա կշտամբել է, որ ինքը հեռախոսը տնօրինել է իր հայեցողությամբ, առանց նրանց տեղյակ պահելու: Ինքը նախատել է հարսին ու երեխաներին, ասել է, թե այդ խոսակցության տեղն ու ժամանակը չէ: Բացի այդ՝ դա երեխաների հետ քննարկելու հարց չէ: Հարսը, ուշադրություն չդարձնելով իր խոսքերին, պահանջել է, որ ինքը հեռախոսը անպայման վերադարձնի: Վիճաբանություն եղել է, սակայն ինքը հարսին հարվածներ չի հասցրել: Հարսը դուրս գալիս սպառնացել է ամուսնու ընկեր Թովմասին. «Թո՛մ, դու քո հալը կտեսնես»: Մի քանի օրից իրեն զանգել են ոստիկանությունից, հրավիրել են բաժին: Այնտեղ է տեղեկացել, իբր՝ ինքը ծեծել է հարսին:

Ամբաստանյալը պնդել է, որ իր ու հարսի լարված փոխհարաբերություններն են պատճառը, որ վերջինս փորձում է իրեն շանտաժի ենթարկել ու գումար շորթել: Ըստ Գառնիկի՝ մինչև մահը եղբայրն արդեն իսկ կնոջ հետ չէր բնակվում, բավական ժամանակ էր՝ նրանք համատեղ չէին ապրում, լարված հարաբերություններ ունեին: Ինքը զայրացել է, որ ամուսնու, հոր մահվան համար վշտանալու փոխարեն Լիլիան ու երեխաները մտահոգված են եղել միայն հեռախոսի հարցով: Տուժողը դատարանում պնդել է, որ ինքը հեռախոսի պատճառով ծագած վեճի ընթացքում ծեծի է ենթարկվել հանգուցյալ ամուսնու եղբոր կողմից: Ըստ տուժողի՝ Գառնիկը հարվածել է իր կրծքավանդակի շրջանին, ապա հրել-գցել է հատակին: Ինքը «ուժ է հավաքել ու կանգնել է», բայց Գառնիկը շարունակել է հարվածել իր մեջքին, ինքը կրկին վայր է ընկել… Գառնիկի կինն է միջամտել, ամուսնուն հեռացրել է: Իր երեխաները սթրեսի են ենթարկվել, լաց են եղել, վախեցել են: Ինքը երեխաներին վերցրել ու դուրս է եկել այդ տնից, գնացել ու ոստիկանությունում հաղորդում է տվել իրեն ծեծելու մասին: Ըստ տուժողի՝ ինքն ու հանգուցյալ ամուսինը օրենքով ամուսնալուծված չէին, ինքը նույնպես մասնակցել է ամուսնու հուղարկավորության ծախսերին: Տուժողը քաղհայցի պահանջ է ներկայացրել: Նա ասել է, թե հանգուցյալ ամուսնու «Այֆոնի» արժեքը եղել է 580 հազար դրամ, բայց ինքը ամբաստանյալից պահանջում է 100 հազար դրամ. 50 հազարը՝ փաստաբանին տալու համար, 50 հազարը՝ որպես «Ժեստ» հոգեբանական կենտրոնին վճարված գումարների հատուցում: Այդ կենտրոնում հոգեբանական աջակցություն են ստացել իր երեխաները:

Ըստ հիշյալ հոգեբանական կենտրոնի մանկավարժ-հոգեբանի՝ երեխաները կենտրոն դիմելու պահին եղել են սթրեսային վիճակում: Դեպքի մասին պատմելիս ութ տարեկան աղջկա մոտ «ֆիզիոլոգիական փոփոխություններ են եղել՝ սառել են նրա ձեռքերը»… Ըստ մանկավարժ-հոգեբանի՝ երեխաները ճիշտն են ասել, մայրը նրանց ոչինչ չի սովորեցրել…

Դատարանը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ երեխաները բառացիորեն նույն ցուցմունքն են տվել՝ անգիր արածի նման.

«Մայրիկը և հորեղբայրը սկսել են վիճել, այդ ընթացքում հորեղբայրը մեջքից հրել է մայրիկին, որի հետևանքով նա վայր է ընկել: Ապա մայրիկը ուժ է հավաքել ու վեր է կացել: Նա ընկել է շոկի մեջ ու զանգահարել է ոստիկանություն…»:

Բացի այդ, դատարանը արձանագրել է նաև, որ տուժողի նկարագրած ձևով հարվածներ հասցնելու վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ ձեռք չեն բերվել: Երեխաներն ու նրանց հետ զրույց ունեցած հոգեբանը չեն հայտնել այնպիսի փաստերի մասին, որոնք կպարունակեին մեղադրանքի որոշմանը համահունչ տվյալներ ու հիմք կտային դատարանին գալու եզրահանգման, թե ամբաստանյալի մեղքը հիմնավորված է գործով ձեռք բերված բավարար ապացույցներով: Դեպքին ներկա մյուս անձինք, այդ թվում այդ ընտանիքի անդամը չհանդիսացող Թովմասը, պնդել են, որ ամբաստանյալը տուժողին չի հարվածել, միայն վեճ է եղել հեռախոսի հետ կապված, ու տուժողը հայտարարել է, թե չի հեռանա՝ մինչև ամուսնու հեռախոսը չստանա… Տուժողը նշել է, թե ամբաստանյալը հարվածել է իր կրծքին ու մեջքին, սակայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տուժողի մարմնի այդ հատվածներին վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Դատարանը առաջադրված մեղադրանքում արդարացրել է Գառնիկ Յ.-ին, հռչակել է նրա անմեղությունը՝ մեղսագրված հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Արդարացման այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և տուժող կինը: Դատախազը պահանջում էր բեկանել արդարացման դատավճիռը, մեղավոր ճանաչել ամբաստանյալին, նրան դատապարտել 100 հազար դրամ տուգանքի: Տուժողը նույնպես պահանջում էր բեկանել արդարացման դատավճիռը՝ պնդելով, որ ինքը ծեծի է ենթարկվել հանգուցյալ ամուսնու եղբոր կողմից, ստացել է վնասվածքներ: Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անահիտ Եսայանը, առարկեցին բերված բողոքների դեմ, խնդրեցին դրանք մերժել: Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ: Դատարանում ապացուցվել է հենց ամբաստանյալի անմեղությունը, ոչ թե մեղավորությունը:

Դատարանում ցուցմունք են տվել տուժողի անչափահաս երեխաները, ովքեր բառ առ բառ տվել են նույն՝ անգիր արված ցուցմունքը: Իսկ պաշտպանի հարցին պատասխանել են, որ սիրում են իրենց հորեղբորը ու նրանից չեն վախենում…

Դատարանի հարցին՝ ի՞նչ հետաքրքրություն կարող էր ունենալ տուժողը՝ ծեծված չլինելու պարագայում ամբաստանյալին մեղադրելու համար, պաշտպանական կողմը պատասխանեց, թե ամենայն հավանականությամբ՝ կինը որոշակի նյութական ակնկալիքներ է ունեցել ապահովագրական ընկերությունից, բացի այդ՝ նա լարված հարաբերությունների մեջ է եղել հանգուցյալ ամուսնու եղբոր հետ:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more