ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարին, որը մեկնարկել է այսօր Երևանում, մասնակցում են նաև Թուրքիայից և Ադրբեջանից ժամանած խոսնակներ։
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Ռուբեն Ռուբինյան
«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրորություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացը։
Նա հույս հայտնեց, որ Թուրքիան կպատասխանի հայկական կողմի պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է` շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։
***
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան
«Մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը»։
Դիտեք նաև՝
ՀՀ ՊՆ–ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը. Սուրեն Պապիկյան
«Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման և այլ ուղղությունների վրա», – ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ ասաց Պապիկյանը։
***
Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ողջունել է ադրբեջանցի Մուրադովի մասնակցությունը ժողովին։ «Այս տարվա օգոստոսի 8-ին այդ թվում հենց այս համատեքստում Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանիի նախագահը ԱՄՆ նախագահի աջակցությամբ և վկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին։ Սա պատմական քայլ է դեպի կայուն ու երկարատև խաղաղությանուն մեր տարածաշրջանում։ Կարծում եմ՝ պարոն Մուրադովի ներկայությունը այստեղ ևս մեկ առհավատչյա է դրա և, բնականաբար, ողջունում ենք դա, և հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի ու կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետում»,-ասել է Ռուբեն Ռուբինյանը։ «Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն՝ հաղթահարելու անցյալի հակամարտություններն ու կառուցելու խաղաղ, բարիդրացիական ապագա։ Մեր պարտքն է չկորցնել այդ հնարավորությունը և այն վերածել կայունության ու զարգացման պատմական իրականության»,- նշել է ԱԺ փոխնախագահը։ *** |
ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեկ Բաքվից վերադարձել է Երևան։ Լրագրողներն այսօր փորձեցին մանրամասներ ճշտել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից, ով խուսափեց ուղիղ պատասխաններ տալուց՝ նշելով, որ ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ այցելի Բաքու՝ Գրիգորյանն ասաց. «Այդպիսի որևէ քննարկում չկա»։ *** |
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկուցը ժամանակին է ուղարկվել ԱԺ նախագահին, ժամկետի խախտում չի եղել։ Այս մասին լրագրողներ հետ զրույցում հայտնեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․ «Մենք ծավալուն եզրակացություն ենք տվել, հսկայական գաղտնի նյութեր են ուսումնասիրվել․․․ Զեկույցը տալիս է շատ հարցերի պատասխան։ նՀետևանքներ հիմա էլ կան, իրավապահները բազմաթիվ գործեր են քննում։ ԱԺ նախագահը կորոշի հրապարակման օրը։ Մեծ բացահայտումներ, այո՛, կլինեն, այնպիսի՜ լույսեր կսփռվեն»,- ասաց Քոչարյանը։ *** |
«Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր»,- ՆԱՏՕ-ի ԽՎ-ի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ «Տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բևեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մեզ համար։ Ներկայում մենք աշխատում ենք դրա դիֆերենցիկացման ուղղությամբ, որը ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևանների հետ, բարիդրացիական հարաբերություններ և համագործակցություն՝ բոլոր կողմերի հետ»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։ *** |
Երևանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: ԱԺ կայքում հրապարակվել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ելույթը, որում մասնավորապես ասված է․ «Հատկանշական է, որ այս սեմինարը Հայաստանում անցկացվում է մի փուլում, երբ տարածաշրջանային բարդ և բազմաշերտ զարգացումները, առավել քան երբևէ, ունեն միջազգային աջակցության, փորձի փոխանակման և քաղաքական կամքի դրսևորման կարիք: Հետևաբար, նպատակային է նաև այս օրերին մեր ուշադրության կենտրոնում գտնվելիք թեմաների ընտրությունը. խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը, ․․․Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը ոչ միայն ազգային, տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության առաջնահերթություններից է: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղության: Այս գործընթացի իրականացումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման երաշխիքն է, այլև տարածաշրջանի փոխակերպման նոր հնարավորություն: ․․․Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք ձևավորում են նոր իրողություններ՝ նոր անվտանգային մարտահրավերներով և մրցակցային օրակարգով: Այս փոփոխությունները ոչ միայն համարժեք արձագանք են պահանջում, այլև միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ առավել խոր ինտեգրում: Այս համատեքստում, հատկապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը: Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն: Երկկողմ համագործակցության սկիզբը դրվել է 1994 թվականին: Այս հարաբերությունները հատկապես մեծ կարևորություն են ստանում այսօրվա բազմաբևեռ, անկանխատեսելի և հաճախ էլ՝ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության և կայուն զարգացման կարևոր հենասյուն: ․․․Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է և պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ՝ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա․․․»: *** |
«Ինչպես գիտեք, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում նոր գլուխ է բացվում, և մենք ուրախ ենք տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները։ Ոչ ոք չի շահում պայքարից․ խաղաղությունը ձեռնտու է բոլորին»,- Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանում անցկացվող ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալին՝ անդրադառնալով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հարցին՝ ինչո՞ւ չի բացվում հայ-թուրքական սահմանը թուրք պատգամավորը պատասխանեց, որ առաջիկա ամիսներին կարող է ստեղծվել սահմանը բացելու իրական հնարավորություն․ «Կան թռիչքներ, բայց Turkish Airlines-ը դեռ չի թռչում։ Հույս ունենք, որ շուտով դուռը կբացվի, կունենանք առևտրային և մշակութային կապեր։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասաց նա՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն սահմանի բացման որևէ նախապայման չունեն, բանակցությունները ընթանում են։ |