▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը սիրտն է մեր ժողովրդի, մեր բոլորի հպարտությունն է. Մուրադ Մուրադյանի հիշատակին

Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում «3-րդ ԱԼԻՔ» հեռուստաընկերության «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ» շարքի երկրորդ հաղորդումն է հրապարակել և մակագրել` մեր Մուրադ Օգանեսովիչի հիշատակին: Աստված հոգիդ լուսավորի մեծ մարդ:

Մարդու կենսագրության կարևորագույն մասն են կազմում իրեն շրջապատող դեմքերը, մանավանդ նրանք,ովքեր մեծ դերակատարում ունեն նորին գերազանցություն Պատմության բեմահարդակում,ովքեր կերտում են այդ Պատմությունը և հարստացնում այն:Ես այն բախտավորներից եմ,որ մասնագիտությանս շնորհիվ միշտ շրջապատված եմ նման մարդկանցով,միշտ փորձել ու փորձում եմ նրանցից որսալ,գողանալ այն լավ հատկանիշները, որոնցով նրանք օժտված են,այն գիտելիքները,որոնք իրենք իրենց հերթին վերցրել են ավագներից:Այդպիսի մարդկանցից էր իմ կյանքում Մուրադ Մուրադյանը,մեր Մուրադ Օգանեսովիչը,որը ստեղծեց իմ պատանեական,ուսանողական,երիտասարդական տարիների Երևանը և որի հետ մտերմացա 15 տարի առաջ,մե “Երևանյան հեքիաթներ” հաղորդաշարի նկարահանման օրվանից: Թվում է,թե նման մարդիք պիտի հավերժ ապրեն… Չնայած այդպես էլ կա… Նման մարդկանց Աստված տալիս է հավերժ կյանք,տալիս է իրենց արած մեծ գործերի,իրենց մարդկային հատկանիշների,իրենց նվիրվածության համար: Մուրադ Օգանեսովիչը 1975-ին ժառանգելով Գրիգոր Հասրաթյանից իմ մանկության հրաշք քաղաքը,որն արդեն ուներ իր դեմքն ու ձևավորված ավանդույթները,ավելի հարստացրեց ու գեղեցկացրեց այն: Սրբությամբ պահպանելով  հինը, Կարեն Դեմիրճյանի հետ ստեղծեց նոր ավանդույթներ,նոր շինություններ,որոնք նույնպես դարձան Երևանի այցեքարտը: Մարդ,որն անցավ երկար,շատ երկար աշխատանքային  ճանապարհ… Ֆիզիկայի և մաթեմատիկայի ավագ դասարանների ուսուցիչ, ինժեներ, արտադրամասի պետ,լաբորատորիայի վարիչ,փոխտնօրեն,տնօրեն,ապա Լենինականի քաղկոմ՝արդյունաբերության,տրանսպորտի և շինարարության բաժնի վարիչից մինչև առաջին քարտուղար,հետո Երևան… 1975 թվականից 10 տարի լինելով Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ նա միայն ստեղծեց,արարեց,կառուցեց,սեր ու հարգանք վայելեց … Եվ մինչև կյանքի վերջը նվիրված մնաց,ինչպես Երևանին,այնպես էլ իր հարազատ քաղաքին՝Լենինականին: Տարիներ առաջ ընկերների հետ ստեղծեց «Գյումրի-Վերածնունդ»  հասարակական  բարեգործական  կազմակերպությունը: 2006 թվականից նախատեսել էր կառուցել  Գյումրիյում 1988-ի երկրաշարժի զոհերին նվիրված հուշահամալիր,որը պիտի լիներ նաև գիտական կենտրոն և բացվեր 2008-ին:Պատրաստ էր նաև Սաշուր Քալաշյանի,Մհեր Չերքեզյանի և Բագրատ Հարությունյանի  նախագիծը,որոշված էր տեղը՝Ազնավուրի անվան հրապարակի հարևանությամբ,շուրջ 7.5 հեկտար տարածքում…սակայն տարիներն անցան,բայց այդ երազանքը մնաց չիրականացված: Ուզում եմ հավատալ,որ /թող ներող լինեն լեզվաբաններև այս խոսքի համար/,«թասիբով» գյումրեցիները կհասնեն նրան,որ Մուրադ Օգանեսովիչի երազանքը իրականություն դառնա: Նրա ցավը միայն Գյումրին չէր,նա մտահոգված էր նաև Երևանի,Հայաստանի պրոբլեմներով,հաճախ լինում էր քաղաքապետարանում, կառավարությունում, խորհուրդներ տալիս,փորձում ակտիվ մասնակցել բոլոր միջոցառումներին: 2002 թվականին նրան շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը,իսկ 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի պատվերով, նախագծի հեղինակ և հեղինակային խմբի ղեկավար Գագիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ,լույս տեսավ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐ» մատենաշարի «ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԱՆՁԸ ԵՎ ԳՈՐԾԸ» առաջին գիրքը, ուր «ԽՈՍՔ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ» առաջին իսկ գլխում կան այսպիսի տողեր. «ԵՐԵՎԱՆԸ  ՍԻՐՏՆ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ: ԵՐԵՎԱՆԸ  ՄԵՐ  ԲՈԼՈՐԻ  ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է : ՆԱ  ՈՒՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ  ԴԱՐԵՐԻ  ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ՆՈՐ  ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ  ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ  ԿՈՐՈՎՆ  ՈՒ  ՈԳԻՆ»: Այս տողերի հեղինակը Մուրադ Մուրադյանն է:

    Գնաս բարով,մեծատառով Մարդ,սրտացավ Հայ, իսկական Երևանցի ու Գյումրեցի, նվիրված  Ընկեր,Զավակ,Ամուսին,Հայր,Պապիկ… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more