▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուդաղյանների փաստաբանը դիմել է Եվրադատարան

Արա Բուդաղյանի գործով նրա փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Այսօր առաջին նիստն է լինելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան  Հայկ Ալումյանը.

«Շարունակում ենք պայքարել, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն Սուրիկ Խաչատրյանը, նրա  որդին՝ Տիգրան Խաչատրյանը, թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Մենք բողոքարկել էինք քրեական հետապնդումները դադարեցնելու որոշումները, բայց Արաբկիրի դատարանում հաջողություն չունեցանք, հիմա պայքարը շարունակում ենք Վերաքննիչ դատարանում, զուգահեռ դիմել ենք Եվրոպական դատարան: Եվ այն ամենը, ինչ այսօր փորձում են օգտագործել իմ պաշտպանյալի դեմ՝ նրա վերաբերյալ տեղեկություն չի պարունակում: Ենթադրությունների հիման վրա փորձում են կապ ստեղծել պաշտպանյալիս և դեպքի միջև: Պահանջում ենք, այն, որ քանի դեռ գործը քննվում է՝  պաշտպանյալս կալանքի ներքո չպետք է գտնվի: Հայաստանն արդեն որերորդ անգամ կրկնում է սխալները, որոնց համար պատժվել է Եվրոպական դատարանում»,-նշեց  Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանների նման գործելակերպը հին խորհրդային մտածելակերպի արդյունք է.

«Հատկապես Կենտրոնի դատարանում կադրերը հին են: Կա զավեշտալի մրցակցություն.մի կողմից պաշտպանն է մրցում, մյուս կողմից՝ դատավորն ու քննիչը: Հետո դատավորը հեռանում է խորհրդակցական սենյակ, որ մրցույթի արդյունքները որոշի: Պատրաստի ունեն որոշումը, միայն անուն-ազգանուններն են փոխում։ Ձևաթուղթ է դա, բլանկ են լրացնում։ Իրավաբանությունը գլխիվայր շուռ է տրված այս գործում։ 180 աստիճան սխալ որոշումներ են կայացվում:  Ով պետք է կալանավորվի, այսօր զոհի, տուժողի  կարգավիճակում է, ազատ ման է գալիս, ով մեղավոր չէ՝ կալանքի ներքո է»,-նկատեց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը կասկածվում է 2015 թ մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար։ Այս գործին առնչվում է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more