«Ասում են, որ օդանավը հենց օդում է սկսել քանդվել ու դա տարբեր կերպ են մեկանբանում.մեկն ասում է՝ պայթյուն է եղել, մյուսը՝ վառելանյութից է: Իմ կարծիքով՝ օդանավն օդում է քանդվել, որովհետև դրա մասերը գետնին տարածված են՝ 15-20 կմ հեռավորության վրա: Հիմա ասում են՝ 30-40 կմ է տարածքը: Դա նշանակում է, որ ինքնաթիռն օդում է քանդվել ու մասերն առանձին-առանձին ընկել են»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական А-321-ի կործանման մասին՝ ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետը խոսեց նաև Արցախում կառուցված օդանավակայանի մասին.
«Ես լավատես եմ: Գիտեմ, որ թռիչքներ անպայման կլինեն, բայց թե երբ՝ չգիտեմ: Քաղաքական հարց է սա: Ադրբեջանի հետ պետք է լեզու գտնել, համաձայնության գալ: Մենք ունենք ժամանակակից սարքեր, որ ոչ Բաքուն ունի, ոչ՝ Երևանը: Մեզ միշտ հիշեցնում են, որ աշխարհում կան երկակի ստանդարտներ»:
Դմիտրի Ադբաշյան անդրադարձավ նաև 2006 թվականին Երեւան–Սոչի ինքնաթիռի վթարին. «Ես ուսումնասիրեցի և հայտնաբերեցի, որ խաղաղ միջավայրում հանկարծ ինքնաթիռը քիթը բարձրացեց վերև՝ մինչև 23 աստիճան, իսկ այդ անկյունը եթե 18 աստիճանից շատ է լինում, օդանավը սկսում է ընկնել։ Օդաչուները մեկը մյուսից հարցնում է, թե ի՞նչ պատահեց: Այսինքն՝ չեն կողմորոշվել՝ ինչ անել, բայց նրանք արդեն զոհվել են, նրանց մեղքի մասին չեմ ուզում խոսել»:
Անի Կարապետյան