▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապահարզանից առաջ կնոջ վերջին խնդրանքն ընդմիշտ փոխում է նրա կյանքը

Ես տուն վերադարձա ընթրիքին, ցանկանում էի խոսել կնոջս հետ ամուսնալուծության մասին: Խոսակցությունն այդ հեշտ չէր լինելու, և ես սկսեցի այսպես. «Ես պետք է ինչ-որ բան ասեմ քեզ»… Նա ոչինչ չպատասխանեց և դարձավ իր պատրաստություններին: Հերթական անգամ տեսա ցավ նրա աչքերի մեջ:

Ես պետք է ինչ-որ կերպ շարունակեի խոսակցությունը և միանգամից ասացի, որ մենք պետք է բաժանվենք: Նա միայն հարցրեց՝ «Ինչո՞ւ»: Ես չկարողացա պատասխանել՝ խուսափելով այդ հարցից:

Այդժամ նա բարկացավ, նյարդային վիճակի մեջ ընկավ, սկսեց իմ վրա գցել ամենն, ինչ ձեռքի տակ էր ընկնում: «Դու տղամարդ չես»,- գոռում էր նա:

Այլևս խոսելու ոչինչ չկար: Ես գնացի քնելու, երկար չէի կարողանում քնել ու լսում էի, թե ինչպես է նա լացում: Ինձ համար դժվար էր բացատրել նրան, թե ինչ կատարվեց մեր ամուսնության հետ, ես չգիտեի, թե ինչ իրեն պատասխանեմ: Ինչպե՞ս կարելի է ասել նրան, որ ես արդեն վաղուց իրեն չեմ սիրում, և իմ զգացմունքներից միայն խղճահարություն է մնացել, իսկ իմ սիրտը ուրիշ կնոջ է պատկանում:

Հաջորդ օրը ես պատրաստեցի ամուսնալուծության և սեփականության բաժանման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կնոջս թողնում էի տունը, մեքենան և իմ բիզնեսի ակցիաների 30%-ը: Կինս, սակայն, քմծիծաղ տվեց, պատռեց այդ փաստաթղթերը և ասաց, որ իրեն ինձնից ոչինչ պետք չէ: Իսկ հետո նորից սկսեց լացել: Ես նույնպես ափսոսում էի 10 տարվա մեր ամուսնությունը, այնուամենայնիվ, կնոջս ազդեցությունը միայն ուժեղացնում էր բաժանվելու ցանկությունն իմ ներսում:

Այդ օրը ես ուշ տուն վերադարձա, չընթրեցի և միանգամից գնացի քնելու: Նա նստած էր սեղանի շուրջ և ինչ-որ բան էր գրում: Ես արթնացա գիշերվա կեսին, կինս շարունակ գրում էր՝ նստած գրասեղանի մոտ: Ինձ համար միևնույնն էր, թե ինչ է անում, քանի որ հոգու մտերմություն այլևս չէի զգում նրա հանդեպ:

Առավոտյան նա ասաց ինձ, որ ինքն ունի բաժանման համար իր պայմանները: Նա պնդում էր, որ պահպանենք լավ հարաբերություններ այնքանով, որքանով հնարավոր էր: Նրա փաստարկը շատ համոզիչ էր. մեկ ամիս անց մեր որդու քննություններն էին դպրոցում, և կինս կարծում էր, որ այս ծանրաբեռնված շրջանում երեխայի վրա ավելի ծանր կազդեն մեր վատ հարաբերությունները: Նրա հետ դժվար էր չհամաձայնվել:

Կնոջս երկրորդ պայմանը ինձ հիմարություն թվաց. նա ուզում էր, որ ես մեկ ամիս շարունակ ամեն առավոտ նրան գրկած դուրս բերեմ ննջասենյակից և տանեմ մինչև տան դուռը՝ որպես հիշողություն այն մասին, թե ինչպես հարսանիքից հետո առաջին անգամ իրեն իմ տուն բերեցի:

Վիճել ես չէի ցանկանում, ինձ համար միևնույնն էր: Աշխատավայրում ես կնոջս այս խնդրանքի մասին պատմեցի Ջեյնին՝ իմ նոր ընտրյալին, ինչին նա հեգնանքով պատասխանեց, թե դրանք իմ կնոջ խղճուկ փորձերն են՝ ինձ տուն վերադարձնելու նպատակով:

Երբ առաջին անգամ կնոջս վերցրեցի ձեռքերիս վրա, ինձ անհարմար զգացի: Մենք այնքան օտար էինք դարձել իրար: Մեր որդին տեսավ մեզ և ուրախ սկսեց թռչկոտել. «Հայրիկը մայրիկին տանում է ձեռքերի վրա»: Եվ կինս տխուր ասաց ինձ. «Մի՛ ասա նրան ոչինչ…»: Շքամուտքի մոտ ես նրան իջեցրի, որտեղից նա գնաց դեպի կանգառ:

Երկրորդ օրն ամեն բան ավելի բնական ստացվեց: Ես ինքս ինձ համար զարմանքով նշեցի, որ առաջ չէի էլ նկատել նրա դեմքի փոքրիկ կնճիռները և մի քանի սպիտակած մազերը: Նա այնքան ջերմություն էր դրել մեր ամուսնության մեջ, իսկ ես ինչո՞վ կարողացա նրան շնորհակալություն հայտնել:

Շատ շուտով մեր միջև փոքրիկ կայծ ծագեց: Եվ ամեն օր այդ կայծը մեծանում էր: Ես զարմանքով նկատեցի նաև, որ իմ կինն ավելի ու ավելի թեթև էր դառնում ինձ համար: ես ոչինչ չէի ասում այդ մասին Ջեյնին:

Երբ վերջին օրը պատրաստվում էի կնոջս ձեռքերի վրա վերցնել, գտա նրան պահարանի մոտ: Նա դժգոհում էր, որ շատ է նիհարել վերջերս: Եվ իրոք, նա նիհարել էր, շատ էր նիհարել: Մի՞թե նա այդքան անհանգստանում էր մեր հարաբերությունների համար:

Սենյակ մտավ մեր որդին և հարցրեց, թե երբ հայրիկը կտանի մայրիկին ձեռքերի վրա: Նա ընդունում էր դա արդեն որպես ավանդույթ: Ես վերցրեցի նրան ձեռքերիս վրա, դա ասես մեր հարսանիքի օրը լիներ: Անհավանական էր, նա թեթև գրկել էր վիզս: Միակ բանը, որ ինձ հանգստություն չէր տալիս՝ նրա քաշն էր:

Երբ կնոջս գետնին դրեցի ու նա հեռացավ, արագորեն մեքենայի բանալիները վերցրեցի և վազեցի աշխատանքի: Հանդիպելով Ջեյնին՝ ես ասացի նրան, որ չեմ ցանկանում բաժանվել կնոջիցս, որ մեր զգացմունքները պարզապես սառել էին միայն այն պատճառով, որ մենք դադարել էինք ուշադրություն դարձնել միմյանց: Ջեյնն ինձ ապտակեց և արցունքներն աչքերին հեռացավ:

Իսկ ես ցանկանում էի հնարավորինս շուտ տեսնել կնոջս: Դուրս վազեցի գրասենյակից, մտա մոտակա ծաղկի խանութը, գնեցի մի գեղեցիկ ծաղկեփունջ, և երբ վաճառողը հետաքրքրվեց, թե ինչ գրառում անի թերթի վրա, ես պատասխանեցի. «Ինձ համար երջանկություն կլինի մինչև մահ քեզ ձեռքերիս վրա տանելը»:

Ես հասա տուն, թեթև սրտով ու ժպիտը դեմքիս բարձրացա աստիճաններով ու մտա ննջարան: Կինս պառկած էր անկողնում: Նա մահացել էր…

Արդեն ավելի ուշ ես իմացա, որ նա խիզախորեն պայքարում էր քաղցկեղի դեմ վերջին ամիսների ընթացքում: Բայց նա ոչինչ չէր ասել ինձ, իսկ ես էլ ոչինչ չէի տեսնում, քանի որ զբաղված էի Ջեյնի հետ իմ հարաբերություններով:

Իմ կինը զարմանալիորեն իմաստուն կին էր. որպեսզի ես ինձ հրեշ չզգամ իմ որդու աչքերում մայրիկին լքելու պատճառով, նա հնարել էր այս «բաժանման պայմանները»:

Հուսով եմ, իմ պատմությունը կօգնի ինչ-որ մեկին պահպանելու իր ընտանիքը… Շատ մարդիկ հանձնվում են՝ չիմանալով, որ հաղթանակից իրենց ընդամենը մեկ քայլ էր բաժանում…

Աղբյուրը՝ crossnews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more