BlogNews.am-ը գրում է.
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ 2015 թվականի մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված և աջ ձեռքը կորցրած լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը վերադարձել է ծառայության։ Նա իր ծառայությունն իրականացնում է թիկունքային զորամասերից մեկում, ունի իր անձնակազմը, թեև երազում է առաջին գիծ վերադառնալու մասին։ BlogNews.am-ն օրերս լուսանկարել է 21-ամյա Սարգսին ու հետաքրքիր զրույց ունեցել նրա հետ։ 6-14 տարեկանում լեյտենանտը ֆուտբոլ է պարապել, իսկ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան ընդունվելիս դեռ չի պատկերացրել, որ իրեն զինվորականի կյանք է սպասվում։ Այսօր արդեն Սարգիսը հաստատ գիտի՝ որտեղ է և ինչու։
-Սարգիս, ի՞նչը քեզ ստիպեց զինվորական դառնալու որոշում կայացնել։
-Երբ ընդունվել էի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, չէի մտածում, որ զինվորական կդառնամ, քանի որ հատկապես 8-10-րդ դասարաններում տղաների համար վառ շրջան է և քեզ չես պատկերացնում զինվորականի դերում, սակայն հետո հասկացա, որ ցանկանում եմ շարունակել ճանապարհս։
-Ի՞նչը փոխվեց։
-Հասկացա, որ այդտեղ բարդ բան չկա։ Մտավախությունս կապված էր դժվարությունների հետ, մտածում էի՝ ինչպես եմ գնալու ու հրամաններ տալու իմ տարիքի տղաներին, սակայն հետո հասկացա, որ կարողանում եմ մարդկանց հետ շուտ լեզու գտնել։
-Երևանում մեծացած երիտասարդ տղայի համար դժվար է կտրվել քաղաքային ակտիվ կյանքից ու գնալ հեռավոր գյուղ։ Դու քո կամքով ես գնացել Եղնիկներ։ Դժվար չէ՞ր կայացնել այդ որոշումը։
- Ընկերս լոռեցի է, սիրում է բնություն, ասաց՝ արի գնանք Եղնիկներ։ Համաձայնեցի, քանի որ սիրում եմ դժվարություններ հաղթահարել։ Սկզբում ինձ թվում էր՝ մարդկությունից կտրված տեղ է, սակայն հասկացա, որ այդպես չէ, նույնիսկ ավելի լավ է՝ գեղեցիկ բնություն, անտառ, մաքուր օդ...
Ես իմ ակտիվությունից այնտեղ չկտրվեցի, այնպես արեցի, որ այնտեղ էլ կյանքն ակտիվ ապրենք։ Եթե Երևանում կան ժամանցի վայրեր, ուր գնում ենք, էնտեղ մենք էինք կազմակերպում հավաքույթներ, երաժշտություն, պարեր ու ավելի լավ էր ստացվում, որովհետև միջավայրն ավելի անմիջական էր։
-Երբ ընտրեցիր Եղնիկները, որն ամնավտանգավոր գծերից մեկն է, պատկերացնո՞ւմ էիր ինչ վտանգ է քեզ սպառնում։
-Երբ նոր էի գնացել, լիարժեք չէի պատկերացնում, քանի որ երբեք դիրք չէի բարձրացել։ Երբ գնացի դիրքեր, հասկացա իրական վտանգը։ Ես գնացի հենց այն հետախուզական վաշտ, որում մեկ ամիս առաջ զոհվել էին Ազատ Ասոյանն ու Արարատ Խանոյանը, եթե Ազատը չզոհվեր, իմ դասակից էր լինելու։ Զինվորիների մեջ վրեժի շատ մեծ ցանկություն կար, քանի որ Ազատն ու Արարատն այնպիսի տղաներ էին, որոնց բոլորը սիրում ու հարգում էին։
Արշակ Հարությունյանը, ով մեր մարտի ժամանակ զոհվեց, Ազատենց մահվան օրը գնացել էր առաջին գիծ, սակայն չէր հասցրել, դիվերսիան վերջացել էր։
-Մարտի ժամանակ ի՞նչն էր ձեզ ուժ տալիս։ Դա ձեր կենաց-մահու կռի՞վն էր, թե՞ ընկերների անմեղ արյան վրեժը։ Այդ պահին ի՞նչը միավորեց Ձեզ։
-Այդ պահին մարդն ամեն ինչ էլ մտածում է։ Փաստն այն է, որ 11 հոգուց ոչ ոք չլքեց մարտի դաշտը։ Սպան իրավունք չունի փախչել, իսկ զինվորը կարող է, հատկապես եթե 6-7 ամսվա ծառայող է, սակայն ինձ հետ կար նաև 6-7 ամսվա զինվոր, ով մինչև վերջ մնաց մարտի դաշտում, կրակեց։
Եթե ես իրենց համար լինեի վատ հրամանատար, իրենք ինձ համար՝ վատ զինվորներ, այդպես չէր լինի։ Էդտեղ ընկերասիրությունն ու հայրենասիրությունն էր, որ միավորեց մեզ։ Մարդն ինչպես դաստիարակվում է ընտանիքում, վերադաստիարակվում է բանակում, այդպես էլ իրեն դրսևորվում է մարտի դաշտում։
-Ի՞նչ փոխվեց այդ գիշեր։
-Ամեն ինչ՝ կյանքս 180 աստիճանով։ Այն ժամանակ ես չէի հասկանում կյանքի գինը, կարող էի միտումնավոր գնալ դեպի վտանգը, հիմա շատ լավ եմ հասկանում կյանքի գինը։ Այն ժամանակ կարծում էի՝ հերոսը նա է, ով կգնա, հակառակորդին կխբի, հիմա հասկանում եմ, որ հերոս նշանակում է լինել միախմբված՝ մեկդ մյուսիդ համար կյանք տալ։
-Առաջ պատկերացնո՞ւմ էիր, որ կարող ես կրակել ինչ-որ մեկի վրա։
-Հայի վրա չեմ կրակի, բայց թշնամու վրա կկրակեմ աչքերս բաց, թե փակ։
-Այդ իրադարձությունները չէին կարող հետք չթողնել հոգեվիճակիդ վրա։ Վստահ եմ՝ սթրեսային վիճակում ես եղել։ Ինչպե՞ս հաղթահարեցիր դա։
-Լավ լինելով, մտածելով լավի մասին։ Ես գիտեմ վիրավոր տղաների, ում ոտքը կամ ձեռքը չկա, նրանք արդեն ամեն ինչից բողոքում են, չեն ուզում ապրել։ Ես ուզում եմ ապրել, թեկուզ՝ մի ձեռքս չկա։ Իհարկե, բարդ է, սակայն իմ առօրյան նույնն է. այն ժամանակ աջ ձեռքով էի վերցնում բաժակը, հիմա՝ ձախով։
-Դու շատ թեթև ես խոսում այդ մասին, բայց իրականում քաջ գիտակցում ես խնդրի լրջությունը։ Հոգեբանորեն ի՞նչ ճանապարհ անցար, ինչպե՞ս համակերպվեցիր դրա հետ։
-Հեշտ համակերպվեցի այնքանով, որ ինձ ոչ ոք չէր խղճում։ Ես դա թույլ չէի տալիս։ Եթե ինձ խղճային, ես մինչև հիմա դեպրեսիայի մեջ կլինեի։ Մարդը չպետք է թույլ տա, որ իրեն խղճան, և առաջին հերթին ինքն իրեն չպիտի խղճա։ Երբ հիվանդանոցում էի, ինձ մոտ եկած մարդը տխուր դեմքով էր մտնում, ես միանգամից կատակ էի անում իր հետ, որ զգա՝ ես լավ եմ։
Միշտ կատակի եմ տալիս այդ թեման։ Մի օր մաման ուզում էր ձեռքով խնձոր կիսել, ասացի՝ տուր ես կիսեմ։ Ես իմ ցավերը տվեցի կատակի։
-Իսկ քո ներսի ցա՞վը. երբ մարդը չի արտահայտում իր ցավը, ներքուստ ավելի է խորանում այն։ Երբ մենակ ես մնում ինքդ քեզ հետ, ի՞նչ ես մտածում։
-Մտածում եմ՝ ուրեմն պիտի էսպես լիներ։ Այդ ամենը սթրեսային էր, բայց արդեն հաղթահարել եմ։ Ես հասկանում եմ, ճիշտն այն էր, ինչպես եղավ։ Երբեք չեմ մտածում, իսկ եթե այդ օրն այնտեղ չլինեի... Հիմա մտածում եմ պրոտեզավորման մասին։
-Պրոտեզավորման ի՞նչ տարբերակից ես օգտվելու։
-Հայաստանոում կա կոսմետիկ պրոտեզավորում և միոպրոտեզ, որն անում է 3 շարժում։ Քանի որ երիտասարդ եմ, ես դա չեմ ուզում։ Արտերկրում կան պրոտեզներ, որոնք 90%-ով աշխատում են։ Ես ՊՆ-ից դա եմ խնդրել, տեսնենք՝ ինչպես կլինի։
-Հիմա թիկունքում ես ծառայում, երբ խոսում էիր վերադարձի մասին, հենց սա՞ էիր ուզում։
-Սկզբնական շրջանում այո՝ հանգստություն։
-Դու դեռ հիվանդանոցում ասում էիր՝ անպայման վերադառնալու եմ ծառայության։ Դա ասում էիր այն փուլում, երբ մտածելու ժամանակ չունեիր, դա քո էմոցիոնալ որոշումն էր, որը հետո դարձավ քո մտածված որոշումը։ Իսկ այս ամենը թողնելու մասին չէի՞ր մտածում։ Ի՞նչն էր քեզ ստիպում այդպես հաստատակամ ասել՝ ես վերադառնալու եմ։
-Ոչ։ Ես վրեժ ունեմ՝ իմ 4 ընկերների վրեժը։ Ես միանշանակ վերադառնալու եմ սահման։ Հիմա չէ, բայց տարիներ հետո անպայման գնալու եմ։ Ես ամեն գիշեր մտածում եմ այդ մասին։
-Այդ վրեժը քեզ չի՞ խանգարում։
-Հավատա, չէ։ Ես վրեժ ունեմ հակառակորդի, ոչ թե իմ շրջապատի հանդեպ։ Այդ վրեժն ինձ չի չարացնում։
-Այդ օրը ջնջելու ցանկություն ունե՞ս։
-Ոչ։ Ես հավատում եմ ճակատագրին։ Ամենավատ պահերի մեջ լավ պահեր կան։ Մենք այդ օրն օգնեցինք մեր զոհված ընկերներին մի քանի րոպե ավել տեսնել այս երկինքը։ Եթե մենք չկռվեինք, բոլորս միանգամից կզոհվեինք։
-Մյուս ընկերներիդ հետ կապ պահպանո՞ւմ ես։
-Այո, բոլորի հետ։ Հիմա մենք ավելի հոգեհարազատ ենք դարձել։
-Վրեժի զգացողությունը բոլորի՞դ է միավորում։
-Ես իրենց հետ չեմ խոսել այդ մասին։ Եթե ես նրանց հարցնեմ, մենք յոթով միավորվենք, գնանք սահման ու ինչ-որ մեկին հանկարծ ինչ-որ բան պատահի, ես միշտ մեղավոր կզգամ ինձ։ Ես դա չեմ ուզում։ Ես ունեմ իմ վրեժը, որը լուծելու եմ իմ հոգու հանգստության համար, սակայն որևէ մեկի օգնությունը չեմ խնդրի։
-Անհանգստությունները շա՞տ են հետապնդում քեզ։
-Այն ժամանակ հա, հիմա՝ չէ։
-Կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ մեր բանակն այդքան մարտունակ է, մեր տղաների մարտական ոգին այդքան բարձր է։ Դու, քո ջոկատը, սահմանին կանգնած բոլոր տղաները սրա հակառակն եք ապացուցում։ Ըստ քեզ՝ հիմա բարոյահոգեբանական ի՞նչ վիճակ է բանակում։
-Կան մարդիկ, ում ինչ էլ տաս, միևնույն է, դժգոհ են, դրա համար էլ նրանց կարծիքով բանակի վիճակը վատ է։ Իրականում մեր բանակի վիճակը շատ լավ է, չափազանց լավ։ Ես սա ասում եմ զինվորի անունից։ Պատկերացրեք՝ 10 զինվոր և հակառակորդի 40 Հատուկ նշանակության զորքերի պատրաստված սպաներ։ Ստացվում է՝ մի զինվորին 4 հոգի էր բաժին ընկնում, ընդ որում՝ նրանք 30 տարեկանից բարձր էին։ Ես էլ մեծ չեմ, ես 21 տարեկան եմ, զինվորները՝ 18-20 տարեկան էին։ Հակառակորդը մեզանից և՛ տարիքով էր մեծ, և՛ փորձով, և՛ քանակով։ Եթե անփորձ զինվորը կարողանում է այսպես հետ շպրտել թշնամուն, պատկերացրեք փորձառու զինվորներն ինչ կանեն։
-Ի՞նչ նպատակներ ունես հիմա։
-Ծառայեմ հայրենիքիս, լինեմ մայրիկիս ու քրոջս կողքին, նրանց համար լինեմ պիտանի մարդ։ Հետագայում ուզում եմ առաջ գնալ իմ մասնագիտության մեջ։ Ապագաս տեսնում եմ բանակում, բայց ոչ թիկունքում։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում