▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն առաջարկել է «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողություն՝ 100 տարով․ #MiddleEastEye

ԱՄՆ-ն առաջարկել է վերահսկել «Զանգեզուրի միջանցքը», Նյու Յորքում լրագրողներին ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում է АПА-ն՝ հղում կատարելով «Middle East Eye»-ին։
Դեսպանի խոսքով՝ Վաշինգթոնն առաջարկել է ստանձնել 32 կիլոմետրանոց հատվածի կառավարումը, որպեսզի երկու կողմերն էլ՝ Ադրբեջանը և Հայաստանը, կարողանան ազատորեն օգտվել միջանցքից։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշում եք, ասում էինք, որ սրանց կռիվը ո՛չ թե «միջանցք» չտալու համար է, այլ այսպես կոչված միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու համար։
Թե չէ ո՞նց կարար Հայաստանի սուվերեն տարածքի համար չդողացող մեկը մտածեր ՀՀ ինքնիշխանության մասին։ Խնդիրը զուտ Ռուսաստանն էր, իսկ եթե ԱՄՆ-ն է, խնդիր չկա սրանց համար։
Արդյունքում` եթե ՀՀ կամայական ճանապարհի օժտում ես վերպետական ստատուսով (իսկ երրորդ կողմի արտապատվիրակելը արդեն վերպետական ստատուս է), իսկ ՀՀ օրենսդրությունը նման կարգավիճակ որևէ ճանապարհի համար չի նախատեսում, ապա ինքնին այդ ճանապարհը չի կարգավորվում այնպես ինչպես մյուս ճանապարհները, այստեղ չի տարածվում ՀՀ իրավազորությունը, նշանակում է, որ կա միջանցքային տրամաբանություն։
Մեկը կար, քիչ էր մնում մոր արևով երդվեր, որ միջանցք չեն տալիս, էդ քըխ ընդդիմությունն է ուզում տալ։
Հիմա Աստված մի արասցե, եթե տվեցին էս համբակները (կհասցնեն թե չէ, դա ուրիշ հարց է), էդ մոր արևով երդվողին խոստացել եմ այցելել իրա...»։

Դիտեք նաև՝

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ տեղական իշխանությունը գաղտագողի բանակցություններ է տանում թշնամական Ադրբեջանի հետ, որն ամեն կերպ ուզում է յուրացնել Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցք» անօրինական ու արդեն ամբողջ աշխարհով մեկ լեգիտիմացված ձևակերպումով, Middle East Eye-ից ու այլ միջազգային լրատվամիջոցներից ենք ստիպված տեղեկանում, որ փաստորեն ամերիկյան մասնավոր կազմակերպության կողմից Մեղրիով անցնող 32-կիլոմետրանոց ճանապարհի վերահսկողության միտքը հուշել է Թուրքիան, իսկ Թրամփի ադմինսիտրացիան ոչ ավել, ոչ պակաս առաջարկել է որպես չեզոք երաշխավոր 100 տարով վարձակալել այն, ինչը ենթադրում է տիրապետել 32 կմ-ոց՝ Սյունիքով անցող ճանապարհատվածի, հետևաբար նաև ամբողջ շրջանի լոգիստիկ շարժին, հարակից տեղանքների ներքին տեղեկատվության շրջանառությանը և այլն։
Թուրքիան պարբերաբար շտապեցնում է Բաքվին արագ համաձայնության գալ Հայաստանի հետ՝ առաջին հերթին հաշվի առնելով Իրանի մեծացող դերն ու ազդեցությունն այս տարածաշրջանում՝ Իսրայելի հետ հակամարտության ֆոնին, միևնույն ժամանակ դիտարկում է Հայաստանը որպես Կենտրոնական Ասիային կապող օղակ, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարևոր «առաջընթաց» նրանց այս հեռահար նպատակի ճանապարհին։ Ստացվում է՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններն էլ մեծ հաշվով Բաքվի կողմից «զիջումների» հույսով են։
Վերջինիս պահանջները շատ հստակ են՝
- փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ հրաժարվելով Արցախին վերաբերող պահանջատիրությունից,
- ունենալ անցուդարձի հնարավորություն՝ Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքով, որի վերահսկողությունն ամբողջությամբ Հայաստանին թողնելուց հրաժարվում է Բաքուն, դե քանի որ Ալիևը վստահություն չունի ապահովության երաշխիքների մասով (կարևոր կետ է՝ ո՞ւմ հանդեպ չունի՝ Փաշինյանի՞, թե Հայաստանի),
- մերժում է Հայաստանի այն առաջարկը, որ միջանցքը վերահսկող կազմակերպությունը ներկայություն ունենա նաև Նախիջևանի կողմից։
Մնացած այլ պահանջներին Հայաստանը ներկայացնող վարչակարգը մեծ հաշվով համաձայնել է, հաստատել է բազմիցս, որ համաձայնել է, սակայն չի բացել փակագծերը, որի իրավունքը պարզապես չունի։
Այս ամենի մեջ մի բան շատ պարզ է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին
- ՏԵՂՅԱԿ ՉԷ, ԹԵ ԻՆՉ Է ԲԱՆԱԿՑՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ,
- գործող վարչակարգի ղեկավարի ու մյուս անդամների ամենատարբեր մանիպուլյացիաների պատճառով չի հասկանում՝ ի վերջո միջանցք ասվածն ինչ է, որտեղով է անցնում այդ ճանապարհահատվածը, ինչու է փաշինյանն այն անվանում «խաղաղության խաչմերուկ», եթե խաղաղություն նույնիսկ չի էլ ակնարկում թշնամին, ինչու՞ է այսօր ամբողջ աշխարհն այն կոչում Ալիևի ձևակերպումով «Զանգեզուրի միջանցք», եթե Հայաստանի այդ հատվածն ունի հստակ ադմինիստրատիվ անվանում՝ ՍՅՈՒՆԻՔ, իսկ ճանապարհն անցնում է Մեղրիով, և ի վերջո՝ ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել բանակցել Սյունիքի շուրջ, երբ 2020-ից Արցախում սկսած ադրբեջանական պահանջատիրությունը 2023-ին ավարտվեց ամբողջական օկուպացիայով, ու շարունակվեց արդեն Հայաստանի սահմաններին՝ Տավուշի, Ջերմուկի, Գեղարքունիքի ու Սյունիքի տարածքների օկուպացիայով։ Մինչև ե՞րբ պետք է հանդուրժել այս վարչակարգի ապօրինի ինքնագործունեությունը։ 2021-ին նրանց քվե տված քաղաքացիները նույնիսկ չեն լիազորել բոլոր այս քայլերի իրականացումը։ Արժե մտածել՝ ում է պատվիրակված Հայաստանի ճակատագիրը որոշելու իրավունքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more