ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին:
«Երեկ աշխատանքային խումբ է մեկնել ՌԴ՝ քաղաքացիների բուժման, տեղափոխման հարցերը կանոնակարգելու համար»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:
ՃԿԱԿ պետի փոխանցմամբ՝ ունենք ծանր վիճակում գտնվող 15 հիվանդ, որոնցից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է, 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Իսկ, թե որն է եղել վթարի պատճառը՝ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ ՌԴ իրավապահների կողմից դեռևս պաշտոնական հայտարարություն արված չէ.
«Տարբեր վարկածներ են շրջանառվում. դիտարկվում են վարորդի անզգուշությունը, տրանսպորտային միջոցի անսարքությունը, արտաքին գործոնների ազդեցությունը»,-նշեց նա:
Հովհաննես Խանգելդյանի հաղորդմամբ՝ ըստ ՌԴ ԱԻՆ-ի փոխանցած տեղեկատվության՝ ավտոբուսում եղել է 63 հոգի, որոնցից երկուսը՝ վարորդներ.
«Ուղևորներից մի քանիսն ընդհանրապես չեն տուժել և հեռացել են դեպքի վայրից: Ճշտվում են նաև նրանց տվյալները: Կան տուժածներ, որոնց միայն ազգանունն է նշված: Շատերը կորցրել են անձնագրերը»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետը:
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ ՌԴ ԱԻՆ-ի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով կփորձեն կազմակերպել քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի:
Անի Կարապետյան