▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 աղմկահարույց ու առեղծվածային սպանություններ, որոնք առ այսօր չեն բացահայտվել

Վերջին Բլոգ-ը գրում է.

 Քրեագիտության համաշխարհային պատմությանը հայտնի են մի քանի ահասարսուռ դեպքեր, երբ դաժան ու առեղծվածային սպանությունների հեղինակներն այդպես էլ չեն բացահայտվել ու չեն կանգնել արդարադատության առջև։ Որքան ավելի մեծ է ժամանակային ինտերվալը ներկայի ու այդ դեպքերի միջև, այնքան ավելի չարագույժ ու առեղծվածային են թվում դրանք։ Ձեզ ենք ներկայացնում նորագույն պատմության 10 ամենաառեղծվածային 10 սպանությունները, որոնք այդպես էլ չեն բացահայտվել։

1. Աղախինների մարդասպանը Տեխասից

Սերիական այս մարդասպանը, ով հայտնի էր որպես «Աղախիններ ոչնչացնող» ու «Աղախինների մարդասպան», գործում էր 1884-1885 թվականներին ու սարսափի մեջ էր պահում Տեխասի Օսթին քաղաքի բնակչությունը։ Նա գիշերները հարձակվում էր քնած կանանց վրա, բռնաբարում էր նրանց ու սպանում կացնի հարվածներով։ Ու նրան առանձնապես չէր հուզում, որ երբեմն աղախինների կողքին քնած էին լինում նրանց ամուսինները. նման դեպքերում նա արագ սպանում էր ամուսնուն ու անցնում գործին։ Կասկածյալները շատ էին, բայց իրական մարդասպանին այդպես էլ չհայտնաբերեցին։

Դաժան սպանությունները դադարեցին միայն այն բանից հետո, երբ տեղի ոստիկանության աշխատակիցների թիվը շեշտակի ավելացավ, ու սկսեցին պարեկային ծառայություն անցկացնել փողոցներում գիշերային ժամերին, ինչպես նաև մեծ պարգև սահմանվեց՝ մարդասպանի մասին ցանկացած օգտակար տեղեկություն հաղորդելու համար։

Այս դեպքերից մի քանի տարի անց Լոնդոնը ցնցեց մարմնավաճառների դաժան սպանությունների շղթան, ու ոմանք հակված են համարելու, որ սպանությունների երկու շղթան էլ իրականացրել է միևնույն մարդը, ով առավել հայտնի է որպես Ջեկ Մորթող։

2. Նոր Օռլեանի փայտահատը

Ամերիկացի այս սերիական մարդասպանն ակտիվորեն գործում էր Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում ու դրա մերձակայքերում 1918 թվականի մայիսից մինչև 1919 թվականի դեկտեմբերը։ Մարդասպանը հարձակվում էր զոհերի վրա կացնով, որը նա օգտագործում էր նաև կողպված դռները կոտրելու համար։

Սկզբում մոլագարը սպանում էր բացառապես իտալացի էմիգրանտներին, ուստի ի սկզբանե այս սպանություններում կասկածում էին իտալական մաֆիային, բայց երբ մարդասպանը սպանեց մի հղի կնոջ ու մանկահասակ երեխայի, այս վարկածից հրաժարվեցին, քանզի այն սկզբունքորեն հակասում էր մաֆիայի պատվո կոդեքսին։

Հավանաբար Փայտահատին ոգեշնչում էր Ջեկ Մորթողի օրինակը, ում հետ նրան հաճախ համեմատում էին տեղի թերթերը, որոնց հասցեին պարբերաբար չարաբաստիկ նամակներ էին գալիս։ Այսպես, 1919 թվականի մարտի 13-ին թերթերում հրապարակվեց մի նամակ, որը ստորագրվել էր Փայտահատի կողմից։ Դրանում նա հաղորդում էր, որ հաջորդ հարվածը հասցնելու է մարտի 19-ին՝ ժամը 00։15-ին, բայց նա չի հարձակվի այն տների ու հաստատությունների վրա, որտեղից այդ ժամին ջազ երաժշտություն կլսվի։

Բնականաբար, այդ օրը բոլոր հաստատությունները լցված էին մարդկանցով, ու բոլոր տեղերում բարձր ջազ էին նվագում, ու դա անում էին անգամ փողոցներում։ Ամբողջ քաղաքում իսկական խրախճանք էր, ու ոչ մի սպանություն չեղավ։ Ի դեպ, մարդասպանին այդպես էլ չհայտնաբերեցին. սպանությունները դադարեցին նույնքան անսպասելիորեն, որքան սկսվեցին։

3. «Մռայլ քնողը»

«Գրիմ սլիփերն» (անգլերենում Grim Sleeper-ը թարգմանվում է մոտավորապես որպես «Մռայլ քնող») այդպես էլ չբացահայտված մանիակի կեղծանունն էր, ով 10 սպանություն ու 1 մահափորձ էր իրականացրել Լոս Անջելեսում 1985 թվականից։ Բացառությամբ մեկ սևամորթ տղամարդու՝ մարդասպանի զոհ էին դառնում երիտասարդ սևամորթ աղջիկներ, ում նա բռնաբարում ու սպանում էր։ Դետեկտիվները կասկածում էին, որ աղջիկներից ոմանք մարմնավաճառներ էին։

Մարդասպանի առաջին գրանցված սպանությունը ֆիքսել են 1985 թվականի ամռանը, երբ հայտնաբերվեց 29-ամյա Դեբորա Ջեքսոնի դին։ Միայն երեք տարի անց ոստիկանությունն իմացավ, որ այն ատրճանակը, որից սպանվել էր կինը, հանդիսացել է ևս 7 սպանությունների զենք։

1988 թվականին մարդասպանը բռնաբարեց իր հերթական զոհին ու կրակեց նրա կրծքին, սակայն կինը ողջ մնաց ու ոստիկանությանը տվեց առաջին ցուցմունքները մարդասպանի վերաբերյալ, ինչպես նաև հայտնեց նրա մեքենայի մոդելը։ Ըստ հրաշքով փրկված կնոջ՝ նա նիհար, խնամված, հարգալից ու բարեհամբույր երիտասարդ սևամորթ էր, սակայն փնտրտուքներն ադպես էլ ոչ մի արդյունք չտվեցին, ու մարդասպանը խուսափեց արդարադատությունից։

4. Թունավորողը Չիկագոյից

Թունավորողը Չիկագոյից ամենահայտնի սերիական մարդասպաններից է, ով 1982 թվականին ԱՄՆ-ում սպանությունների մի ամբողջ շարք արեց «Тylenol» դեղամիջոցի (պարացետամոլ) օգնությամբ։ 1982 թվականի սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Չիկագոյի 7 բնակիչ, այդ թվում նաև մի քանի երեխա, մահացան այդ դեղն ընդունելուց, որովհետև, ինչպես հետո պարզվեց, դրանում առկա էր ցիանիդ։

Մահերի շղթայից հետո ոստիկանությունը սկսեց երթևեկել քաղաքի փողոցներով ու բարձրախոսներով զգուշացնել մարդկանց, որ այդ դեղահաբերը վտանգավոր են։ Դեղամիջոցն ակնթարթորեն հանեցին վաճառքից, իսկ դեղերն իսկական թույն դարձնելու պատճառն առ այսօր հստակ հայտնի չէ։

1982 թվականի հոկտեմբերին «Johnson & Johnson» ընկերություն մի նամակ եկավ, որտեղ անհայտ հեղինակը սպառնում էր, որ զանգվածային թունավորումներ կանի, եթե իրեն չվճարեն մեկ միլիոն դոլար։ Նամակն ուղարկողի ինքնությունը պարզվեց, ու նրան ձերբակալեցին 1982 թվականին Նյու Յորքում։ Պարզվեց, որ դա որևիցե որոշակի զբաղմունք չունեցող ոմն Ջեյմս Լյուիսն էր։

Նա խոստովանեց, որ նամակն ինքն է ուղարկել, բայց հրաժարվեց խոստովանել, որ կապ է ունեցել թունավորումների հետ։ Հետաքննությունը չկարողացավ որևէ լուրջ ապացույցներ գտնել, որոնք կփաստեին Լյուիսի մեղավորության մասին, ու արդյունքում նրան առաջադրվեց մեղադրանք՝ միայն դրամաշորթության հոդվածով, ու նա դատապարտվեց 20 տարի ազատազրկման։

5. Սպանդ Սուրբ Վալենտինի օրը

1929 թվականի փետրվարի 14-ին, երբ ԱՄՆ-ում դեռ գործում էր «Չոր օրենքը», ավտոտնակ հիշեցնող մի պահեստում, որը գտնվում էր Չիկագոյի հյուսիսային մասի Լինքոլն զբոսայգու մոտ, հայտնաբերեցին 7 դիակներ։

Բոլոր սպանվածները կենդանության օրոք հանդիսացել էին Բագս Մորգանի իռլանդական հանցավոր խմբավորման անդամներ ու ենթադրաբար սպանվել էին Ալ Կապոնեի մարդկանց կողմից։ Երկու հանցավոր խմբավորումների թշնամանքի պատճառը հանդիսանում էր սպիրտային ըմպելիքների ապօրինի շուկայի մենաշնորհը, որին ուզում էին տիրանալ երկու խմբավորումներն էլ։

Կրակոցների ձայներից մի մեծ ամբոխ հավաքվեց, իսկ հետո ժամանեց նաև ոստիկանությունը։ Երբ ոստիկանության սերժանտը հարցրեց մահացող գանգստերներից մեկին (ով, ինչպես հետո պարզվեց, 22 հրազենային վնասվածք էր ստացել), թե ով է կրակել նրա վրա, վերջինս պատասխանեց՝ ոչ ոք, ու մահացավ՝ չհասցնելով բացահայտել մարդասպանների անունները։

Այս իրադարձությունը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց չնայած ողջ աղմուկին ու ասեկոսեներին, ինչպես նաև նրան, որ բոլորի համար ակնհայտ էր, որ այս զանգվածային սպանդում խառն էր Ալ Կապոնեի մատը, նրան այդպես էլ չկարողացան մեղադրանքներ առաջադրել, քանի որ այդ օրը նա կուռ ալիբի ուներ։

Շարունակելի…

Աղբյուրը` Վերջին Բլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more