«Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը պետք է իրականացվի բացառապես ՀՀ-ի կողմից»․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան «Իլուր»-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը, ասել է․ «Միանգամից նշեմ, որ ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը:
Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների: Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով: Դրա ապացույցն են, մասնավորապես, Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում իրենց փոխհամաձայնեցված լուծումները և այլն»:
Դիտեք նաև՝
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա հարցուպատասխանից պարզ դարձավ մի շատ կարևոր հանգամանք․ Նիկոլը չունի հստակ պատասխան անգամ այն պարզ հարցին, թե՝ «Թրամփի կածանով» անցնի ադրբեջանցի կամ ադրբեջանական բեռ, արդյո՞ք հայկական մաքսավորները ստուգելու են այդ բեռը, թե՞ ոչ կամ հնարավոր իրավիճակում հայ իրավապահը տեղում խնդիր կարողանալո՞ւ է կարգավորել, թե՞ ոչ։ Նա այս հարցի հետ կապված խոսեց ամեն ինչից՝ Եկատերինա Մեդիչից մինչև ֆրանս-պրուսական պատերազմ, բայց ոչ մի հոդաբաշխ ու պարզ պատասխան չտվեց բուն թեմայի վերաբերյալ՝ անընդհատ կրկնելով, թե «թղթում հստակ գրված է»։
Գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև տեղյակ չի, ուղղակի չգիտի, թե ՀՀ սուվերեն տարածքով անցնող այս «կածանը», որը տարբեր ձևերով է անվանվում (իշխանական կողմը պնդում է TRIPP, մինչդեռ մյուս երկուսը հետևողականորեն այն կոչում են «միջանցք»), ի վերջո ինչ կարգավիճակ է ունենալու։ Չգիտի՝ հայկական կողմից վերահսկողություն լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չգիտի՝ որպես լոգիստիկ հանգույց այն ինչ տեսք է ունենալու։
Այս անտեղյակությունը պատահական չէ, քանի ամբողջ գործընթացը կազմակերպվել է շնչակտուր, սպոնտան և առանց պետական հաշվարկների։ Ոչ միայն Փաշինյանը, այլև իր թիմակիցները («անդամները», ինչպես ինքն է սիրում բնորոշել) պատկերացում չունեն, թե ինչի՞ մասին է խոսքը, դրա համար էլ բացառապես «մեծապետական» ճոռոմաբանությամբ են զբաղված։ Վերջին տարիների փորձը հուշում է, որ ինչպես թելադրվի Անկարայից ու Բաքվից, այնպես էլ կձևավորվի ճանապարհի կարգավիճակը։ Նույնը եղավ օգոստոսի 8-ին, երբ Նիկոլն արձակուրդում էր, սակայն հապշտապ ուղարկվեց Վաշինգտոն՝ «բարաթ» ստորագրելու։ Այն ժամանակ նույնպես ոչ ոք տեղյակ չէր մանրամասներից, անգամ Նիկոլը տեղյակ չէր, թե ինչի է գնում Տիզբոն․ պարզապես վերադառնալով՝ իշխանությունը հայ հասարակությանը փորձեց «ծախել» դա որպես «փայլուն դիվանագիտություն»։
Այսօր իրավիճակը նույնն է։ Նիկոլը չունի պատկերացում՝ ի՞նչ կարգավիճակով են ադրբեջանցիները մտնելու Հայաստան, ի՞նչ տեսակի մաքսային ու իրավական ռեժիմ է գործելու, և առհասարակ՝ ի՞նչ պետական վերահսկողություն կարող է գործադրվել։
Ըստ էության, այժմ կարող ենք փաստել, որ այս գործընթացում միայն երկու կողմ լիովին տեղեկացված են․ Ալիևն ու Թրամփը։ Առաջինը հստակ գիտի, թե ինչ է ակնկալում այդ ճանապարհից, երկրորդն էլ իր մասով մութ կողմեր չունի։ Նիկոլը, որպես երրորդ կողմ, մնում է ստվերում՝ առանց թեմայի մասին իրազեկության ու առանց վերահսկողության։
Այս ամենից բխող վտանգն էլ պարզ է․ «Թրամփի կածանը» կարող է դառնալ ոչ թե խաղաղության կամ տարածաշրջանային համագործակցության ուղի, այլ գործիք՝ Ադրբեջանին Իրանի դեմ զինելու գործընթացը կազմակերպելու համար։ Իսկ Հայաստանի համար սա սուվերենության հերթական կորուստն է՝ մերկացնող իրողությամբ, որ սեփական երկրի տարածքում անգամ չգիտի՝ ինչ է ստորագրվել և ինչի է դա հանգեցնելու։
«Թրամփի կածանի» շուրջ ստեղծված անորոշությունը բացահայտում է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության ամլությունը, ընդգծում ամենաթույլ կողմը՝ պետական ռազմավարական մտածողության բացակայությունը։ Այս իրավիճակում ակնհայտ է դառնում, որ որոշումներ են կայացվում առանց ազգային շահի հաշվարկի և առանց հանրային պատասխանատվության։ Իսկ իրական շահառուները մնում են Ալիևն ու Վաշինգտոնը, որոնք իրենց ծրագրերը հստակ պատկերացնում են»։