Այսօր՝ ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարեւանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի եւ ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը:
«Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:
Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որեւէ փաստաթուղթ եւ արգելել են նրան եւ ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք:
Այս պահին «իրավապահները» գտնվում են Հիմնադիր խորհրդարանի շենքում:Այս պահին «իրավապահների» մեկ այլ խումբ ներկայացել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան:
Նշենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀԽ պատգամավոր ազատամարտիկ Պավել Մանուկյանին եւ այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի եւ Կարո Եղնուկյանի բնակարանները»: