▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է

Հանրապետական հիվանդանոց է եկել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածների մեկը նրա ծանոթն է։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

ՆԳՆ–ն հաղորդել է, որ ոստիկանները պարզել են կրակոցների մասնակիցներին։ Մահացածը 45 տարեկան տղամարդ է։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աջափնյակում տեղի ունեցած դեպքն էսկալացված «ռազբոռկայի» սցենարով է եղել։
Այսպիսի դեպքերը կանխելու համար կարևոր է, որ «ռազբոռկա» տեսնող քաղաքացիները րոպե առաջ զանգահարեն ոստիկանություն։ Դա իրապես կնվազեցնի այս սցենարով կատարվող սպանությունների քանակը։
Իսկ դրա համար, իր հերթին, պետք է, որ հանրությունը վստահի ոստիկանությանը։ Պետք է, որ ոստիկանություն զանգող քաղաքացին չփոշմանի զանգելու համար։
Եթե ոստիկանությունը սկսի իրեն դիմող ու ահազանգող քաղաքացիներին շոյել ու փայփայել` ժամանակի ընթացքում հանրության մեծ մասը կդառնա ոստիկանության ընկերն ու դաշնակիցը, ինչպես նաև կանխող ու բացահայտող աչքերը։
Կարևոր է, որ նույնը նաև անի Քննչական կոմիտեն` վկաների հետ։
Հ.Գ. Ամեն դեպքում, չեմ կասկածում, որ այս դեպքը կբացահայտվի։ 2025 թվականին տեղի ունեցած բոլոր սպանությունները բացահայտվել են և դա, իր հերթին, ժամանակի ընթացքում կազդի դրանց քանակի վրա»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրը ցերեկով հերթական զինված միջադեպն է գրանցվել Երևանում՝ ցավոք կրկին մահվան ելքով։ Այս ողբերգական դեպքը ոչ միայն առանձին դեպք չէ, այլև ցայտուն ապացույց է, որ զենքի ազատ ու չվերահսկվող շրջանառությունը մեր երկրում դարձել է իրական, քրեածին սպառնալիք հասարակության համար։
Անընդհատ կրկնվող նման միջադեպերը ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների կյանքը պաշտպանված չէ, իսկ իշխանությունների անգործությունն ու քաղաքական անպատասխանատվությունը անմիջապես սպառնում են հասարակության անվտանգությանը։ Օրենքը, որը թույլ է տալիս զենք ունենալ առանց խիստ վերահսկողության և պարտադիր ստուգումների, ուղիղ ճանապարհ է ոչ միայն անհամաչափ բռնության, այլև մահացու սպառնալիքի՝ մեր ամենօրյա կյանքում։
Առնվազն 10.000 զենք դեռևս չի հայտնաբերվել Արցախի վերջին պատերազմից հետո, և դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ հանցագործության և մահացու դեպքերի գործիք։
Ապօրինի զենքի առկայության համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը ծիծաղելի է և ողբերգական․ տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, հանրային աշխատանքներ՝ 80–150 ժամ տևողությամբ, ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս։
Մեր երկրում ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի՝ այն վեր դասելով ծանր հանցագործությունների շարքում՝ ներկայիս «ոչ մեծ ծանրության» դասի փոխարեն»։

***

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ երկրի ողջ իրավապահ համակարգը լծված է կարգալույծ տիրադավ հսկելու գործին, երբ երկրի ողջ իրավապահ համակարգը զբաղված է քպ-պետի իշխանության բացարձականացմամբ, նման «մանր-մունր» միջադեպերը կդառնան մեր ամենօրյա կյանքի անբաժան մաս։ Կարևորը՝ կարգալույծ լածիրակների հետևից ոստիկանական կորտեժներ գնան, որ հանկարծ մեկը հետևներից ոչինչ չգոռա։
Օպերատիվ իրավիճակը եկեղեցիներ գրավելով ամբողջությամբ վերահսկողության տակ է»։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բեբաշարները, ովքեր խաղաղ ցուցարար բռնելուց բացի, այլ բանի պիտանի չեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին