▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է ներկայացրել, այլևս չի ղեկավարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան

Հրաչյա Ռոստոմյանը այլևս չի ղեկավարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Ռոստոմյանի հայտարարությունում նշված է․  

«Սիրելի՛ ընկերներ,

20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պատասխանատու պաշտոնին։

2006 թվականին, երբ ստանձնեցի ֆեդերացիայի ղեկավարումը, հայկական բասկետբոլը գտնվում էր չափազանց ծանր վիճակում։ Չկային ազգային հավաքականներ, չէին անցկացվում կանոնավոր առաջնություններ, բացակայում էին զարգացման համակարգային ծրագրերը։ Մենք փաստացի սկսեցինք ամեն ինչ զրոյից։

Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի, նվիրումի և հետևողականության շնորհիվ կարողացանք վերակենդանացնել այս գեղեցիկ մարզաձևը Հայաստանում։ Այսօր հեռանում եմ այն համոզմամբ, որ թողնում եմ կայացած և զարգացող ֆեդերացիա՝ մարտունակ ազգային հավաքականներով, բազմաթիվ տարիքային առաջնություններով, միջազգային համագործակցությամբ և, ամենակարևորը, իր գործին նվիրված ու բարձր մասնագիտական որակներ ունեցող թիմով։

Այս ճանապարհը հնարավոր չէր լինի անցնել առանց բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են մեր կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, ակումբներին, գործադիր կոմիտեի անդամներին, գործընկերներին, հովանավորներին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բասկետբոլի զարգացման գործում։

Սրտանց հաջողություն եմ մաղթում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահին, գործադիր կոմիտեին և ամբողջ թիմին։ Վստահ եմ, որ դուք կկարողանաք ոչ միայն պահպանել մեր ձեռքբերումները, այլև հայկական բասկետբոլը հասցնել նոր ու ավելի բարձր մակարդակի։

Շնորհակալություն բոլորիդ այս երկար ճանապարհն ինձ հետ անցնելու համար։ Մաղթում եմ, որ հայկական բասկետբոլը շարունակի զարգանալ, հաղթել և արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում»։

***

Հուլիսի 29-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի անդամների արտահերթ ժողովը, որի օրակարգում ներառված հարցերից մեկը ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր: Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։

Ժողովին մասնակցել են «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի 600 անդամներից ընտրված 33 պատվիրակներից 31-ը, ինչպես նաև հրավիրված անձինք՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Մանդատ ունեցող մասնակիցները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը, ինչին հաջորդել է ՀԲՖ գլխավոր քարտուղար, նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Նազարյանի ելույթը:

Նա ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները:

«Առաջիկա չորս տարիներին մեր նպատակը պետք է լինի հայկական բասկետբոլը տեղափոխել բոլորովին նոր մակարդակ։ Դա հնարավոր կլինի միայն մեկ պայմանով՝ եթե շարունակենք աշխատել միասնական թիմով, լսենք միմյանց և կայացնենք երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ որոշումներ։ Վստահ եմ, որ միասին կարող ենք առաջիկա չորս տարիները դարձնել հայկական բասկետբոլի պատմության ամենահաջող շրջանը»,- ասել է Արթուր Նազարյանը:

Առաջիկա անելիքների ցանկում Արթուր Նազարյանը հատկապես շեշտադրել է պետության հետ գործակցության ամրապնդումը, Սփյուռքի հետ կապերը խորացնելու և ավելի բազմաշերտ դարձնելու պլանները, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հետ կապված նպատակները, պատանեկան բասկետբոլի և կանոնավոր առաջնությունների բարելավումը, ինչպես նաև բասկետբոլի Ա լիգայի զարգացումը:

Ժողովի մասնակիցներն Արթուր Նազարյանին բաց քվեարկությամբ միաձայն ընտրել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Արթուր Նազարյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ համակարգելով կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։

2012 թվականից նա FIBA International Commissioner է, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին