Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում գրում է․ «Վարդան Ղուկասյանի կալանքի հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի իշխանությունը
ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ղուկասյանը արդեն վեց և ավելի ամիս պահվում է ԱՄՆ միգրացիոն բանտում՝ վարչական կալանքի տակ։
Փաստաբանի փոխանցմամբ՝ վարչական կալանքը սովորաբար տևում է օրեր կամ շաբաթներ, բայց ոչ ամիսներ, և այս դեպքում այն արդեն համարվում է անօրինական ու հակասահմանադրական։
Ղուկասյանը զրկված է մի շարք իրավունքներից, ինչն իրավապաշտպան որակումներով հավասարազոր է դաժան և անմարդկային վերաբերմունքի։
Ես աջակցում եմ յուրաքանչյուր գործչի, ով քաղաքական նկատառումներով հայտնվում է ճաղերի հետևում և զրկվում է իր հիմնարար իրավունքներից։
Այս պարագայում խնդիրը ոչ թե անձի քաղաքական հայացքների կամ վարքագծի մեջ է(որոնց հետ կարող եմ համաձայն չլինել), այլ մարդու ազատության ու արժանապատվության պաշտպանության։
Իմ համոզմամբ՝ Վարդան Ղուկասյանի կալանքի հարցում վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի իշխանությունների միջամտությունը։
Ղուկասյանն ու ԴՕԿ կուսակցությունը ունեն որոշակի ընտրազանգված։
Եթե Վարդան Ղուկասյանը շարունակի մնալ անազատության մեջ, կտուժի առաջիկա ընտրությունների մրցակցային բաղադրիչը, իսկ դա արդեն կարող է կասկածի տակ դնել դրանց լեգիտիմությունը։
Կոչ եմ անում միջազգային կառույցներին ուշադրություն դարձնել այս գործին և գործադրել անհրաժեշտ ջանքեր՝ Վարդան Ղուկասյանի իրավունքների լիարժեք վերականգնման համար»։
Դիտեք նաև՝