▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիներ ձգվող գարշահոտություն. Նուռնուսի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից

Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով աղտոտված օդից։ Ընկերության տնօրենն ասում է՝ Նուռնուսում աշխատում են միայն ձմռան ամիսներին, այս պահին արտադրությունը չի գործում, բայց պատրաստ են լսել բնակիչների բողոքը և մինչեւ հաջորդ ձմեռ մոնիթորինգ անել։ 

Նուռնուսում տիրող գարշահոտությունից բնակիչներին վաղուց են բողոքում։ Դեռևս 2014թ. նրանք բողոքի ակցիա էին իրականացրել՝ քարերով փակելով արտադրամաս տանող ճանապարհը։ Դեռ այդ ժամանակ ընկերության տնօրենը վստահեցրել էր՝ ֆիլտրացիայի բարելավման աշխատանքներ են իրականացնում, երկու ամսվա ընթացքում գարշահոտությունը կնվազի և բնակիչներին այլեւս չի անհանգստացնի։  Այս մասին գրում է Հետքը:

2015թ. վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր «Առողջ սունկ» ընկերության արտադրամասեր, ծանոթացել հումքի արտադրամասի պատճառով մթնոլորտային օդի աղտոտման խնդրին: Ընկերության ղեկավարությունը հայտնել էր, որ հումքի արտադրամասում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ օդի աղտոտվածության հարցը որոշ չափով լուծվել է:

«Եթե ֆիլտրերի տեղադրումն էլ չնպաստի տհաճ հոտի վերացմանը, ապա այլընտրանք չունենք՝ արտադրամասը կփակվի: Մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է մեզ համար»,- հայտնել էր Հովիկ Աբրահամյանը։

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ համոզմունք էր հայտնել, որ կարճ ժամանակ անց բոլոր խնդիրները կլուծվեն, և տհաճ հոտը կվերանա:

Սակայն գարշահոտությունը չվերացավ, 2018-ին Նուռնուսի բնակիչները կրկին փակեցին «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամասի ճանապարհը: Իսկ 2019-ին Կառավարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ ասվում էր՝ սնկի կոմպոստն արդեն Ջրաբերում են մշակում՝ բնակելի վայրից 3կմ հեռավորության վրա, Նուռնուսն ազատվել է գարշահոտությունից։

Նուռնուսի բնակիչ Արգինա Անտոնյանը նշում է՝ թեև մի քանի տարի առաջ գարշահոտությունը նվազել էր, հիմա բնակավայրում նորից նույն վատ օդն է։

«Շատ վատ հոտ ա գալիս թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Հնարավոր չի շնչել, լուսամուտ բացել չենք կարողանում։ Լինում ա, որ հյուրեր ենք ունենում, մեկ էլ նենց ա հոտը տալիս, որ սաղ բերանները փակում, գնում են։ Անընդհատ բողոքել ենք, հիմա հույսներս լրատվամիջոցն է»,- ասում է տիկին Արգինան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին