▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը կհայտնվի շատ ահավոր ու աննախանձելի իրավիճակում…

Շատերը գովերգում են Օբամային, նրան համարելով ԱՄՆ-ի ամենախելացի ու հաջողված նախագահը,  «վեցյակի»  և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը և համաձայնագրի ստորագրությունը համարում են պատմական իրադարձություն, այն համարելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Օբամայի ու նոր վարչակազմի մեծագույն ձեռքբերումը:

Մինչդեռ այդ բանակցությունները սկսելու պատճառը, շարժառիթը Ռուսաստանն է ու քայլն ինչ-որ տեղ հարկադրական: Միացյալ նահանգները, Արևմուտքը, առհասարակ, հապճեպությամբ փորձում են նման քաղաքականությամբ Ռուսաստանին մեկուսացնել և դուրս թողնել աշխարհաքաղաքական գործընթացներից: Իսկ Իրանն այդ առումով շատ մեծ դերակատարում կարող է ունենալ իր աշխարհագրական դիրքով, նավթի, գազի մեծ պաշարներով և իսլամական աշխարհում ունեցած դերակատարումով: 

Տնտեսական էմբարգոն վերացնելու դեպքում միջազգային շուկայում կտրուկ կընկնի էներգակիրների գինը և լուրջ հարված կլինի Ռուսաստանի խարխլված տնտեսությանը: 
Հավանաբար Արևմուտքի հաջորդ ուղղությունը Չինաստանն է և ջանք ու եռանդ չեն խնայի այստեղ ևս փորձել փոխադարձ շահերի, նպատակների, աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ ընդհանուր եզրեր ու շահավետ փոխզիջումներ փնտրել:

Եթե այս էլ իրականություն դառնա, ապա Ռուսաստանը կհայտնվի շատ ահավոր ու աննախանձելի իրավիճակում… Չնայած Չինաստանն էլ կարծես արդեն ձգտում է իր ուրույն և ինքնուրույն դերակատարությունն ունենալ աշխարհաքաղաքական և ներկա բարդ իրավիճակում, և խաղալ իր խաղը, ցույց տալ իր կարևորությունն ու մեծ դերը: 
Սակայն մեզ համար, ներկայումս, ամենակարևորը նա է, որ կարողանանք այս բարդ, հակասական, լարված և միաժամանակ լուջ իրավիճակում ճիշտ կողմնորոշվենք և գտնենք մեր տեղը և այդ առումով հայկական դիվանագիտությունը, իշխանությունները կանգնած են չափազանց բարդ խնդիրների առաջ:

ԵՏՄ, Ասոցացման համաձայնագիր, Չինաստանի հետ համագործակցության խորացում, մեր պատմական անարդարության, տնտեսական փոխշահավետ հարաբերությունների, Արցախի, երկրի պաշտպանության հետ կապված խնդիրներ…Սրանք պրոբլեմներ են, որոնք բարդ են, շատ լուրջ և պետք է մշտապես գտնվեն ուշադրության կենտրոնում ու ցանկացած նույնիսկ ամենափոքր վրիպումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ մեզ համար: Չնայած «վեցյակի» ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս միջանկյալ բնույթ են կրում, սակայն մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի ու փորձենք տարբեր իրավիճակում կորուստներ չունենալ…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին