▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետրոս Հետադարձ կամ ինչպես ակամայից գաղտնազերծվեց 2018թ. «թավշյա կրկեսի» բեմադրությունը»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՊԵՏՐՈՍ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԱԿԱՄԱՅԻՑ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԵՑ 2018Թ. «ԹԱՎՇՅԱ ԿՐԿԵՍԻ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Պատմական հեքիաթ՝ «Իրական Հայաստանի» դրվագներով
Պետրոսին շատերը չեն սիրում: Միանգամից խոստովանեմ, որ ես նրան ոչ սիրում եմ, ոչ էլ ատում, որովհետև ինքը մեր նորագույն պատմության որոշ դրվագներ ուսումնասիրելու ժամանակ անգնահատելի հետազոտական նյութ է պարունակում՝ հատկապես միկրոպատմությունների ուսումնասիրության ժամանակ։ Ու դա բնավ կապ չունի այն հանգամանքի հետ, թե նա ինձ կկանչի ուղիղ եթեր՝ իր կնոջ՝ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանի կոռուպցիոն գործունեության մասին անհերքելի փաստերով խոսելու համար, թե՝ չի կանչի։ Մեկ-մեկ պետք է լսել Պետրոսին, որովհետև իր հարցադրումները երբեմն բացահայտում ու լույս են սփռում պատմության մութ ու անհայտ էջերի վրա։
Որպես պատմաբան, պետք է ասեմ, որ Պետրոսը անգնահատելի քայլ կատարեց և մեծ զոհողությունների գնով, 2016թ․ դեկտեմբերի 15-ին համարյա գաղտնազերծեց 2018թ․ ապրիլին ծրագրված «դուխովԿԱ» պայմանական անունով օպերացիան։
Այդ օրը «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) չգրանցված կուսակցության առաջնորդ, դերասան Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթեր հրավիրելը ծանր նստեց այն ժամանակ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հաղորդավար մեր սիրելի Պետրոս Ղազարյանի վրա։ Սկզբում նրան հեռացրին «Կենտրոն»-ից, ապա որոշ ժամանակ անց կրկին հետ վերադարձրին նույն տեղը։ Այստեղից էլ նա ստացավ Պետրոս Հետադարձ անունը։
Վստահ չեմ, արդյոք Պետրոսը գիտակցել էր, թե ինչու էր 2016թ. դեկտեմբերին հայտնվել ցասման հզոր հարվածների տակ։ Հուշում եմ Պետրոս ջան․ Յոժին որ կանչել էիր, ախր, այ տնաշեն, իր կուսակցության անվան մեջ երկու շատ կարևոր բանալի բառեր կային՝ «Քաղաքացիական» ու «Քայլ» ու դրանք փչացնելով էդպես համը հանել էիր՝ վտանգելով ողջ օպերացիան:
Բա գիտես թե․․․
Հեղափոխության տիկնիկներն այդ ժամանակ նախապատրաստական վերջին փուլն էին անցնում ու դու այդ հարցազրույցով ամեն ինչ քիչ էր մնացել տապալեիր․․․․ Լավ չխորանանք։
Անցան ժամանակներ․․․
Մեր սիրելի Պետրոսը այժմ Հանրային հեռուստաընկերության աշխատակից է, սատարում է ներկա իշխանություններին ու սիրում է քննադատել 2018թ․ առաջ եղած բոլոր վատ բաները։ Լավ է անում, որ քննադատում է:
Պետրոս ջան, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը սնվում է մեր՝ հարկատուներիս գումարներով, առաջարկում եմ իմ խոստացված բացահայտումները հնչեցնել հենց քո հաղորդման ժամանակ՝ ուղիղ եթերով։ Հանրությունը պարտավոր է իմանալ ողջ ճշմարտությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցած անօրինականությունների, դպրոցական այլանդակ ու անգրագետ դասագրքերի ու չերգված համերգների մասին:
Սպասում ենք․․․
Հ․Գ․ Այս հեքիաթում հիշատակված դեպքերն ու դեմքերն այնքան իրական են, որքան անիրական է «Իրական Հայաստանը»։
ՀԳ. Պետրոս դու մեծ, փորձառու, կուլտուրական տղա ես, ախր պետք է որ տեղյակ լինեիր, որ մարդիկ զբաղեցնում են պաշտոններ որոշակի ժամանակահատվածում, այլ ոչ թե ցմահ: Ի՞նչ ամոթ բան կա, երբ հետևելով օրենքի պահանջին, չես ցանկանում այլևս շարունակել պաշտոնավարել: Գաղտնիքի կարգով ասեմ, որ որևէ պաշտոնի չգտնվելը այնքան նորմալ վիճակ է, որքան որևէ պաշտոն ունենալը:
Այլ հարց է, որ քո երկրորդ կեսի՝ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած հիմնարկը 1 տարի 4 ամիս չէր ցանկանում ինձ հասանելիք վերջնահաշվարկը վճարել ու դա ինձ այնքան էլ դուր չեկավ:
Ես հասկանում եմ, որ ստախոսությամբ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելով կարելի է ստանալ հավանության նշան 200-300 ծովախոզուկներից, բայց արդյունքում դու վերածվում ես հետազոտության օբյեկտի ու շատ արագ կպարզվի, որ գործ ունենք դասական շահերի բախման հետ՝ առանձին վերցրած մեկ ընտանիքի հարկի տակ:
Իսկ դա հեչ լավ բան չի…»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին