Կաթողիկոսի հնարավոր փոխարինման, կանոնադրության փոփոխության և եկեղեցու կարգերի վերաձևման վերաբերյալ հարցերը եկեղեցական իրավակարգով ամբողջապես գտնվում են Ազգային եկեղեցական ժողովի իրավասության տիրույթում, Արմենիա Sputnik–ին ասել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։
Ինչ վերաբերում է ամուսնացյալ քահանայի նշանակման հնարավորությանը, հոգևորականը նշել է` Հայ եկեղեցու պատմության մեջ ընդամենը մեկ բացառություն է եղել 20-րդ դարի սկզբին։
«Ցեղասպանությունից հետո Հովհաննես ավագ քահանա Մկրյանը Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ է եղել։ Բայց կաթողիկոսի դեպքում նման նախադեպ մենք չենք ունեցել։ Կաթողիկոսի դեպքում, եթե եպիսկոպոս էլ չի եղել, եղել է վարդապետ, քահանա մենք չենք ունեցել», – նշել է Տեր Շահեն։
Անդրադառնալով Փաշինյանի` եկեղեցու կանոնադրությունն աշխարհաբարով փոխարինելու հայտարարությանը` հոգևորականը նշել է, որ նույնիսկ աշխարհաբար թարգմանելու դեպքում կանոնադրությունն ամբողջությամբ չի արտացոլում եկեղեցու կանոնական իրավունքը։ Նրա խոսքով՝ կանոնադրության մեջ ներառված են մինչև 11-րդ դարի կանոններ, մինչդեռ եկեղեցին դրանից հետո էլ է կանոններ հաստատել։
«Եկեղեցու դավանաբանական, կանոնական ու վարդապետական հարցերը չի կարող որոշել ոչ մի անձ՝ լինի նա եպիսկոպոս, գիտնական, թե աշխարհական։ Այսպիսի հարցերը հնարավոր է քննարկել միայն Ազգային եկեղեցական ժողովի և Եպիսկոպոսաց ժողովի շրջանակում։ Եթե չմտնենք պատմության խորքերը, ապա սա արդեն 19-րդ դարի 2-րդ կեսից ամրագրված, պաշտոնապես հաստատված և նվիրագործված ավանդույթ է։ Եթե Ազգային եկեղեցական ժողով գումարվի, որը փոփոխություններ որոշի, այլ հարց է, քանի որ հենց դա է եկեղեցու գերագույն մարմինը։ Կոպիտ օրինակ բերեմ` նույնն է, ինչ Ազգային ժողովի փոխարեն ընտրել այլընտրանքային մարմին, որը որոշումներ կընդունի նրա անունից։ Չի կարող, չէ՞, որովհետև պետության հիմքերը, կառուցվածքն այդպես չեն թելադրում։ Նույնն էլ եկեղեցու պարագայում է՝ Ազգային եկեղեցական ժողովի այլընտրանք պարզապես չի կարող լինել», – բացատրել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Խոսելով Վաղարշապատի հրապարակում Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր հանրահավաքի և դրա ելքերի մասին՝ հոգևորականը նշել է, որ հնարավոր է մարդկային հաշվարկներով եկեղեցու դեմ քայլեր ծրագրել, բայց ընդգծել է՝ եկեղեցու հիմքն աստվածային է, ոչ թե քաղաքական։
«Եկեղեցում միշտ էլ լինելու են հոգևորականներ, միշտ էլ լինելու են ընտրյալներ, որոնք եկեղեցին տանելու են Աստծո կամքի և ծրագրի համաձայն։ Մարդը մտադրվում է, Աստված՝ տրամադրում։ Մենք չենք որոշողը։ Կարող ենք զուտ մարդկային չափանիշներով խոսել, գնահատել, բայց եկեղեցին միայն մարդկային հաստատություն չէ, այն գերազանցապես աստվածային հաստատություն է, և Աստված ինքն է որոշում եկեղեցու ելքը։ Հետևաբար խոսել մի բանի մասին, որը զուտ մարդկային բան է, դա նշանակում է եկեղեցին դարձնել կուսակցական ինչ–որ «կանտորա», ինչ–որ վարչության գրասենյակ, որը, կներեք, բայց անհեթեթություն է», – ընդգծել է նա։
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում