▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան։ Կուսակցության կարծիքով՝ հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին փոխանցում է Հետքը։

Մասնավորապես՝ ըստ հայցադիմումի, զրպարտությունը տեղ է գտել Առաջինի լրատվական հեռուստաալիքով 2026թ. մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պահանջում է պարտավորեցնել  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին, հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները հետևյալ բովանդակությամբ. 

«2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»:

Նշենք, որ հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ. մայիսի 15-ին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ Գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին