▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոշել եմ չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքի անդամներին»․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչով է հանդես եկել.   

«Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը։ Սա, իմ կարծիքով, մարդկության համար ամենակարևոր և խորհրդանշական օրերից մեկն է։ Հայաստանի համար ընտանիքը` որպես ինստիտուտ, վերջին տարիներին ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել։

Երբ պետությունը, երկիրը, ազգը հարվածներ են ստանում` պատերազմի ու ծանր կորուստների տեսքով, ընտանիքը դառնում է մեր ամրությունը և ուժը պահպանող առանցքը։ Երբ հանրային համերաշխությունը խաթարված է, երբ կարևորագույն արժեքները վտանգված են, ընտանիքը դառնում է մեր հասարակության համար արժեքային ամենամեծ հենարանը։ Այս դժվար ժամանակներում հենց ընտանիքն է մեր հասարակության հենման ամենաամուր կետը։

Ու ես շատ կուզեի, որ մենք կարողանայինք, որպես հասարակություն, դառնալ ամուր ընտանիքի պես։ Ներողամիտ, հանդուրժող, սիրող, օգնող  ընտանիքի անդամների պես վերաբերվենք մեր հայաստանյան հասարակության բոլոր անդամներին։ Ի վերջո, այնքան փոքր է մեր երկիրը, որ դա ամենևին դժվար չէ անել, եթե լինի քաղաքական կամք և գիտակցում։

Ընտանիքի հանդեպ հոգածությունը պիտի դրսևորվի նաև հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները շատ փխրուն վիճակում են։ Ես ինքս վաղուց որոշում եմ կայացրել, որը երբեք չեմ խախտում` չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքների անդամներին, հատկապես, եթե նրանք ներգրավված չեն քաղաքական կոնկրետ գործընթացներում։ Ես չեմ շեղվելու այս որոշումից և զերծ եմ պահելու մեր նախընտրական արշավը բոլոր նման դրսևորումներից։

Դրա փոխարեն, ես ուզում եմ, որ մեր բոլորի քարոզչության հիմքում լինի հանդուրժողականությունը և քաղաքակիրթ բանավեճը, ինչպես նաև փոխադարձ հոգատարությունը` մի մեծ ընտանիքի պես։ Մեր երկիրը այս ընտրություններով շարժվում է դեպի դրական փոփոխություններ, մենք պիտի մեր մեծ ընտանիքը` մեր հասարակությունը, առողջ և կայուն առաջնորդենք դեպի այդ նոր, լուսավոր շրջանը։

Խաղաղություն և բարգավաճում բոլոր ընտանիքներին»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին