Հայաստանի ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ սահմանվել են մի շարք ընթացակարգեր, ինչպիսին է օրինակ տրասպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը:
Ըստ նոր ընթացակարգի ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցներն այլևս չեն մաքսազերծվում և դրանց չի տրվում մաքսային հայտարարագիր: Նախկինում այդ երկրներից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ տրանսպորտային միջոց ներմուծելու դեպքում ներմուծող անձը տրանսպորտային միջոցի ձեռքբերման փաստաթղթերը հանձնում էր ՀՀ-ի մաքսային մարմիններին և դրա փոխարեն ստանում ու գրանցման համար Ճանապարհային ոստիկանություն էր ներկայացնում մաքսային հայտարարագիր:
Այս ամենի փոխարեն այժմ ԵՏՄ տարածքից ներմուծվող տրանսպորտային միջոցի գրանցման համար անհրաժեշտ է Ճանապարհային ոստիկանություն ներկայացնել տրանսպորտային միջոցի ձեռք բերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը, արտահանման երկրի մաքսային անցակետի կողմից տրված տարանցիկ հայտարարագիրը և ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան հարկ վճարողների սպասարկման կետի կողմից տրված տեղեկանքը: